Ճիշտ խոսքն այսօր «դեֆիցիտ» Է

Ճիշտ խոսքն այսօր «դեֆիցիտ» Է
Երեկ Նկարիչների միությունում «Մեր անցած քըսան տարիները» խորագրով երգիծանկարների ցուցահանդես էր՝ նվիրված ապրիլի 1-ին, որն արդեն 5 տարի է՝ նշվում է որպես պետական տոն:



Բացման ժամանակ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ընդգծեց, որ ցուցապաստառի վրայի սխալները միտումնավոր են արված, հանկարծ չմտածենք, թե «այդքան անգրագետ են»:



Ցուցահանդեսի բացման ժամանակ հանդիսավոր ներս բերվեց նաեւ երգիծաբանների դրոշը՝ ժպտացող աքաղաղը, որպես ապրիլմեկյան խորհրդանիշ: Ցուցահանդեսին մասնակցում էին մոտ 10 հեղինակներ՝ մեր կյանքի ամենատարբեր ոլորտներին առնչվող ծաղրանկարներով, սկսած քաղաքական դեմքերից՝ Համարբերգ, Սարկոզի, Էրդողան, Քադաֆի, Մուբարաք, վերջացրած սոցիալական, կրթական, միջանձնային թեմաներով ծաղրանկարներով: Երգիծանկարների կողքին առանձնանում էին նաեւ նկարների տակ արված մակագրությունները՝ «ԱրատաՎՈՌ  իշխանություն», «Օրենք եւ իշխանուԹՈՒՅՆ», «Հարուստներին՝ արեւ, մյուսներին՝ անձրեւ», «Պիտակների ստրուկը», «Հայկական ԿՌԻՍԻՍ», «ՄԻ ա ցում», «Լույս թունելի վերջում»: Հատուկ ցուցահանդեսի համար արված 10 նոր երգիծանկարներով էր հանդես եղել նաեւ քաղաքական ծաղրանկարիչ Արզօն, ում համար ապրիլի 1-ն առանձնանում է բացառապես ճշմարտության առումով: Իսկ հասցրե՞լ են արդեն իրեն խաբել: Նա նշեց, որ ամեն օր են իրեն խաբում. «Ես՝ ոչ, ես ինքս ինձ չեմ խաբում, ուր մնաց թե ուրիշներին»: Ճիշտ խոսքն այսօր «դեֆիցիտ» համարելով, Արզօն նշեց, որ իր նկարներում կա ժամանակի զարկերակը, այն ամենը, ինչ կատարվում է մեր կյանքում՝ լինի դա քաղաքական, սոցիալական թե սիրո թեմա. «Ծաղրանկարն այն ձեւն է, որով դու կարողանում ես քո խոսքը տեղ հասցնել, բայց այստեղ էլ ամենակարեւորը սիրելով ես անում»:



Արզօի խոսքերով՝ հեշտ չեն գտնվում նաեւ ծաղրանկարի «բաղադրիչները», ավելին՝ երբեմն օրեր են պահանջվում, որպեսզի միտքը խմորվի, ամբողջանա ու արդյունքում ծաղրանկար դառնա: