Հեղաֆորում. օգտակար գործողության գործակիցը՝ անհայտ

Հեղաֆորում. օգտակար գործողության գործակիցը՝ անհայտ
«Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, մտահոգված ենք մեր պետության ներկայով եւ ապագայով: Մեր երկրում շարունակաբար ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներն ու անվտանգությունը, արժանապատիվ եւ ազատ կյանքը:



Ընտրելով անտարբեր եւ լուռ, պասիվ ու հնազանդ կեցվածք` մենք միայն նպաստում ենք առկա հիմնախնդիրների խորացմանը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածած այս կոչով ապրիլի 2-ին Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքում «Հեղաֆորում» խորագրով տեղի է ունեցել հավաք-քննարկում: Քննարկումը, որի նպատակը քաղաքացիական հասարակության ակտիվության բարձրացումն է, իրար գլխի էր հավաքել հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների անդամների, զոհված զինծառայողների ծնողների, փողոցային առեւտրականների, գրողների եւ պարզապես հասարակ քաղաքացիների, ովքեր քննարկել են երկրում փոփոխություններ իրականացնելու հնարավորություններն ու ուղիները: Ֆորում ստեղծելու գաղափարը, նախաձեռնող խմբի անդամների խոսքով, ծնվել է «լրիվ տարերայնորեն»: «Ոչ մեկը մյուսի հետ ինչ-որ բան չի պայմանավորվել: Գաղափարը ծնվել է տարբեր երկրներում իրականացված անարյուն հեղափոխությունների մասին ֆիլմեր դիտելու ժամանակ:



Մեր մտահոգությունը կիսողներին հրավիրել ենք ֆորումին՝ ուժերը մոբիլիզացնելու եւ ռեալ փոփոխությունների հասնելու համար»,-ասաց նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Լուսինե Վայաչյանը: Հենց երկրում ստեղծված քաղաքական եւ սոցիալական լարված իրավիճակն է մարդկանց մեկտեղել եւ ստիպել խորհել ու գտնել այդ վիճակից դուրս գալու ամենահարմար տարբերակն ու ճանապարհը: «Որոշեցինք ֆորում կազմակերպել, հրավիրել բոլոր հետաքրքրված, մտահոգ մարդկանց եւ խելք-խելքի տալով՝ տեսնել ինչ կարող ենք փոխել մենք էս երկրում: Ֆորումի նպատակն այն էր, որ հնչեն մտքեր, թե ինչ կարելի է անել, ինչ կարելի է փոխել: Համենայնդեպս ֆորումը միանգամյա էր, եւ իրա աշխատանքը վերջացած ա»,-ասացին նախաձեռնողները:



Ըստ նրանց, ֆորումը քաղաքական չէ եւ որեւէ քաղաքական ֆունկցիա իր վրա չի վերցնում: Դա ընդամենը մի ազատ տիրույթ է, որտեղ կարող են արտահայտվել մարդիկ: Սակայն հետաքրքիրն այն է, որ երկրի ճակատագրով հետաքրքրված այդ մարդկանց նախաձեռնությունը միանգամյա է, ինչն էլ խոսում է դրա անարդյունավետության մասին: Նմանատիպ ֆորումներ, միայն թե վիրտուալ, գործում են տարբեր սոցիալական կայքերում: Այնտեղ էլ են մարդիկ արտահայտում իրենց կարծիքը, պատմում իրենց հուզող խնդիրների մասին, բայց միայն այդքանը: «Սա դիվանագիտական առումով հավաք է, որն իր մեջ չի պարունակում շարունակականություն: Հետեւաբար կարելի է ենթադրել, որ էֆեկտիվություն չունի եւ միջոցառում է՝ ցույց տալու համար, որ ԱՄՆ իշխանությունները շարունակում են մտահոգված մնալ Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակով: Եթե նախաձեռնողներն  իրենց առջեւ կոնկրետ խնդիր դնեին, միջոցառումների, քննարկումների շարքը շարունակական կլիներ»,- ֆորումի մասին իր կարծիքը հայտնեց ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը: Ֆորումի ժամանակ ձեւավորվել է 5 աշխատանքային խումբ, որոնք առանձին-առանձին ներկայացրել են իրենց անելիքներն ու ակտիվության ձեւերը, առաջիկա քայլերը:



Հարցեր, կոնկրետ գործողություններ են առաջ քաշվել ու քննարկվել, խմբեր են ստեղծվել, եւ մնում է հետեւել, թե ինչ ազդեցություն կունենա այս նախաձեռնությունը կամ առավելագույնը՝ ինչքան կյանք կունենա: Բայց մի բան հստակ է, որ քննարկման վերջում մասնակիցների մեծ մասը կարծես թե հանգել է այն եզրակացության, որ երկրում փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ քայլը իշխանափոխությունն է: