Ժնեւի եկեղեցական վարչությունն արտահայտողը չէ շվեյցարահայության կամքի

Ժնեւի եկեղեցական վարչությունն արտահայտողը չէ շվեյցարահայության կամքի
Օրեր առաջ թե Հայրենիքի եւ թե Սփյուռքի տարբեր հայկական լրատվամիջոցներին առաքվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակի օրինակը` ստորագրված Ժնեւի Ս. Հակոբ հայկական եկեղեցու եկեղեցական վարչության նախագահ Վիգեն Վարձպետի ստորագրությամբ:



Իսկ ապրիլ 2-ին «Հրապարակ» օրաթերթին տված իր հարցազրույցում նշյալ անձն ուղղակի նենգափոխում է փաստերը եւ ջանում մտացածին կեղծիքներով ու իր իսկ անգիտությամբ թյուրիմացության մեջ գցել ընթերցողներին:



Հարկ եմ համարում նախ որոշ տեղեկություններ հաղորդել Շվեյցարիայում եկեղեցական կյանքի եւ ապա նաեւ՝ թեմի հաստատման մասին, որոնք, վստահ եմ, լույս կսփռեն այս գործընթացի վրա: Շվեյցարիայում հայկական համայնքը ձեւավորվել է 19-րդ դարի վերջին Ժնեւ եւ Ցյուրիխ քաղաքներում: Համայնքի հայ բնակչության մեծ մասը հաստատվել է վերջին 30 տարիների ընթացքում: Շվեյցարահայ եկեղեցական համայնքը կազմավորվել է 1960-ական թթ.: 1969-ին ստեղծվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շվեյցարիայի հոգեւոր հովվությունը: Ներկայիս Շվեյցարիայի տարածքում գործում են եկեղեցական 3 համայնքներ` Ժնեւի, Նյուշաթել-Ժյուրայի եւ Ցյուրիխի ծխերը: Հայեր ապրում են նաեւ Բեռնում, Բազելում եւ Լոզանում: Յուրաքանչյուր եկեղեցական համայնք ունի իր ծխական խորհուրդը` վարչությունը: Վիգեն Վարձպետը Ժնեւի հայ համայնքի ատենապետն է:



Գալով թեմի հաստատմանը` ընթերցողի ուշադրությունը հրավիրեմ հետեւյալ հանգամանքի վրա, որ թեմի հիմնումը (հակառակ տարբեր հոդվածներում թերեւս հենց շվեյցարահայերի կողմից կատարած պնդումների) Գարեգին Բ Հայրապետի ցանկությունը չէ, այլ Շվեյցարիայի Հայոց թեմը կազմավորվել է դեռեւս 1992թ.-ին Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով` այն էլ Շվեյցարիայի Հայոց եկեղեցական խորհրդի խնդրանքի հիման վրա (հոդվածում վկայակոչվող տեղեկությունների առնչությամբ առկա են բոլոր ստորագրված եւ վավերացված փաստաթղթերը, որոնք անհրաժեշտության պարագային կհրապարակվեն): Նորակազմ թեմի առաջնորդ է նշանակվում Տ. Վիգեն եպս. Այքազյանը, ով Շվեյցարիայի հոգեւոր հովիվն էր 1982թ.-ից:



Նորակազմ թեմի համար Վազգեն Հայրապետի կողմից 1993թ.-ին հաստատվում է նաեւ թեմական կանոնադրություն: Նույն թվականի նոյեմբերի 21-ին Ժնեւի նորընտիր եկեղեցական վարչությունը, չունենալով դրա իրավասությունը, հակականոնական որոշում է կայացնում` մերժելով թեմական կանոնադրությունը, որով եւ թեմի ստեղծման առնչությամբ Հայրապետական տնօրինությունը եւ շարունակում է առաջնորդվել 1985թ. հաստատված ծխական կանոնադրությամբ` մերժելով Ժնեւում այլ համայնքների գոյության իրավունքը: Այս է պատճառը նաեւ, որ առայսօր Վիգեն Վարձպետը ներկայանում է ոչ թե իբրեւ Ժնեւի եկեղեցական վարչության նախագահ, այլ Շվեյցարիայի առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ՝ մի պաշտոն, որ գոյություն ուներ մինչ թեմի հռչակումը, իսկ այժմ ապօրինի է:



1994թ., Վազգեն կաթողիկոսի մահվանից հետո, առաջնորդ Վիգեն Սրբազանը կաթողիկոսական տեղապահ Թորգոմ պատրիարքի հրավերով մեկնում է Հայաստան` առաջնորդական փոխանորդ նշանակելով Տ. Շնորհք քահանա Չեքիջյանին, ով պաշտոնավարում էր որպես Ցյուրիխի հոգեւոր հովիվ: Ժնեւի ծխական խորհուրդն այս որոշումն էլ է մերժում եւ առանց առաջնորդի գիտության Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովվության պաշտոնին է հրավիրում Տ. Աբել քահանա Օղլուգյանին (Մանուկյան): Վազգեն կաթողիկոսի մահվան պատճառով այս խնդիրները չեն հանգուցալուծվում:



Նորընտիր Գարեգին Ա կաթողիկոսը 27 սեպտեմբեր 1995թ. թվակիր նամակով դատապարտում է Ժնեւի ծխական խորհրդի նման կեցվածքը` այն համարելով Հայ եկեղեցու կանոնական սկզբունքների խախտում, եւ կաթողիկոսական հեղինակությամբ չեղյալ է նկատում խորհրդի տնօրինությունը` արգելելով Աբել քահանային մնայուն հոգեւոր պաշտոն վարել Շվեյցարիայում: Սույն տնօրինությունը եւս անտեսվում է Ժնեւի եկեղեցական վարչության կողմից: Հայրապետի հիվանդության պատճառով խնդիրը վերստին իր վերջնական լուծումը չի ստանում:



Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության առաջին տարուց սկսյալ՝ աշխատանք սկսեց տարվել Շվեյցարիայի թեմի թեմական կառույցների ձեւավորման ուղղությամբ, սակայն Ժնեւի եկեղեցական համայնքի վարչականները, պատճառաբանելով, թե բավական նյութական միջոցներ չկան առաջնորդի կեցությունն ու գործունեությունն ապահովելու համար, անհրաժեշտ չեն նկատում Շվեյցարիայում Հայ եկեղեցու թեմի առկայությունը` անտեսելով մյուս համայնքների գոյության փաստը: Առկա խնդիրը վերջնական լուծման առաջնորդելու համար 2010թ. նոյեմբեր 13-14-ին գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը ստեղծված կացության մեջ նպատակահարմար է գտնում եւ որոշում ձեռնամուխ լինել Շվեյցարիայում թեմի թեմական կառույցների ձեւավորման աշխատանքներին եւ թեմում նշանակել առաջնորդական տեղապահ, ով միաժամանակ, նկատի ունենալով ներկայացվող պատճառաբանությունները, պիտի ստանձնի նաեւ Ժնեւի հայ համայնքի հոգեւոր հովվի պաշտոնը: Սույն որոշումը եկեղեցական վարչություններին փոխանցելու նպատակով` Մայր Աթոռից, ի դեմս Եզնիկ եւ Նորվան արքեպիսկոպոսների, պատվիրակություն է մեկնում Շվեյցարիա եւ հանդիպում Շվեյցարիայի եկեղեցական եւ համայնքային վարչությունների հետ:



Համաձայնություն է ձեռք բերվում, որ Ժնեւի ծխական խորհրդի ատենապետ Վիգեն Վարձպետը վարչության անդամների հետ 2011թ.-ի հունվար-փետրվար ամիսներին պիտի այցելի Մայր Աթոռ: Սակայն նրա փոխարեն Վեհափառ հայրապետին են ներկայանում եկեղեցական ծխական վարչության փոխատենապետ Վաչե Մարկոսյանը եւ շվեյցարահայերի միության երեք այլ անդամներ:



Արդյունքում՝ 6 մարտ 2011թ. կայացած Ժնեւի ծխի ընդհանուր անդամական ժողովի ավարտին 88 դեմ, 2 կողմ ձայներով մերժում է Շվեյցարիայում թեմի առնչությամբ ընդունված ԳՀԽ որոշումը: Այս որոշման մասին ամենուրեք ծանուցվեց, սակայն որեւէ տեղ չնշվեց, որ ժողովին ներկա էր 280 տրատու անդամներից ընդամենը 63-ը, իսկ մնացյալ 27-ը լիազորագրերով է մասնակցություն ունեցել ժողովին:



2011թ. մարտ 17-19-ի ԳՀԽ ընդլայնված ժողովը վերհաստատեց իր նախորդ որոշումը եւ Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ ու Ժնեւի հայ համայնքի հոգեւոր հովիվ նշանակեց Մայր Աթոռի միաբան Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին:



Հետեւապես հստակ է, որ թեմը հաստատվել է Վազգեն կաթողիկոսի կողմից շվեյցարահայության խնդրանքի հիման վրա: Ներկայիս Մայր Աթոռը ջանում է վերականգնել թեմական կանոնական վիճակն իր բոլոր գործառույթներով: Հակառակ նրա, որ Նյուշաթել-Ժյուրայի եւ Ցյուրիխի եկեղեցական վարչություններն ու Ժնեւի հայ համայնքի բազում ներկայացուցիչներ ընդունում եւ ողջունում են վերոհիշյալ հայրապետական տնօրինությունները, Ժնեւի վարչությունը, խախտելով Հայ եկեղեցու կանոնները եւ մյուս կողմից՝ բնավ չարտահայտելով նաեւ երկու հազարանոց ժնեւահայության կամքը, իր օրինազանց որոշումներով առայսօր մերժողական կեցվածք է դրսեւորում: Առնված որոշումները կանոնական հիմք չունեն եւ չեն կարող ներկայացվել ողջ շվեյցարահայության անունից:



Այս ամենը լավագույնս վկայում է այլեւս շեփորվող դատողությունների սին լինելու մասին, սակայն, այնուամենայնիվ, որոշ լուսաբանություններ տամ տիար Վարձպետի արտահայտած որոշ գաղափարների մասին: Ակնհայտ է, որ վարչությունը, քողարկվելով համայնքի հանգամանքով, ինքն է հակառակ գնում ժողովրդի կամքին, եւ անընկալելի, որ եկեղեցու վարչության ատենապետի շուրթերից իր իսկ եկեղեցու եւ նրա սրբազան նվիրապետության հասցեին կարող են հնչել արտահայտություններ եւ մեղադրանքներ, որոնցով ուղղակի աղճատվում են վավերագրերով փաստված պատմական իրողությունները:



Կեղծ են նաեւ այն հաստատումները, թե Մայր Աթոռն ու Վեհափառ հայրապետը գումարների ակնկալիք ունեն Շվեյցարիայի համայնքից եւ նման պահանջ են ներկայացրել վարչությանը: Ընդհակառակը՝ Մայր Աթոռը պատրաստ էր, որ զորակցի թեմին, սկզբնական շրջանում՝ նաեւ հոգալ անհրաժեշտ ծախսերը: Մայր Աթոռը երբեք Շվեյցարիայի համայնքից որեւէ գումար չի ստացել, եւ նման պահանջ երբեւէ չի դրվել: Ս. Էջմիածնի միջոցները ձեւավորվում են հիմնականում անհատ բարերարների նվիրատվություններից եւ ոչ թե ծխերի կամ թեմերի հատկացումներից:



Շվեյցարական օրենքները հարգող, ժողովրդավարությունն արժեւորող անձը, լինելով նաեւ գլուխը եկեղեցական վարչության, կարծեմ նախեւառաջ պետք է հարգի իր իսկ կողմից դավանվող հավատի եւ ներկայացվող եկեղեցու եւ նրա հոգեւոր ու վարչական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրենքներն ու սահմանումները, որոնք արձանագրված են շվեյցարահայության թե թեմական եւ թե ծխական կանոնադրությունների մեջ եւ բնավ չեն հակասում շվեյցարական օրենքներին եւ ժողովրդավարության ընկալումներին: Եկեղեցու որոշումների հանդեպ հարգանքի եւ օրինապահության մեջ է հենց ազգանվեր եւ եկեղեցասեր անձի եւ հայորդու արժեքը:



Այնուհանդերձ, վստահ եմ, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը շարունակելու է ծնողաբար հորդորել Շվեյցարիայի Ժնեւի վարչության իր զավակներին եւ եկեղեցականին` վերանայել որդեգրված մերժելի ընթացքը եւ անհիմն ու անհարկի մոտեցումներով չփոթորկել շվեյցարահայության կյանքը:



 



Վահրամ քահանա ՄԵԼԻՔՅԱՆ



Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն