Գիրքը Հայաստանում երազելու համար է

Գիրքը Հայաստանում երազելու համար է
Մեկ տարի հետո գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչված քաղաքում գուցե այլեւս չլինեն գրախանութներ: Ոչինչ, չեն լինում՝ թող չլինեն, ի՞նչ անենք: Որ պատվաբեր հյուրերը գան, մեր մշակույթի գործիչները նրանց գրքերի հայրենիք ուղեկցելու փոխարեն կտանեն Պռոշյանի խորովածանոցներ ու մի լաաաաավ հաց կտան ու եւս մի անգամ կապացուցեն, որ մենք լավ հաց տվող ժողովուրդ ենք, հաց տալով՝ հարց ենք լուծում, գրքի հարցն էլ հացով կլուծենք, մի տոնի եղածն ինչ է, որ տակից դուրս չգանք…



Ավելացված արժեքի հարկի տակ ճկված գիրքը երկրի սահման մուտք գործելուց հետո մի կերպ կհասնի գրախանութ, կմեռնի գրադարակի փոշիների մեջ` առանց ընթերցողի հետ հաղորդակցվելու: Թող ընթերցողը գա, շոշափի գիրքը, հետո բացի, գինը կարդա ու հիասթափված փակի, ո՞վ ասեց, որ գիրքը գնելու համար է: Հայաստանում գիրքը երազելու համար է: Երազելու մարզանքը բուժիչ է…



Այսօր ոչ մասնագիտական գիրքը, կոպիտ ասած, ամենաքիչ պահանջարկ ունեցող ապրանքն է, ու ավելացված արժեքի քսան տոկոս կազմող հարկը լրիվ կսպանի գրքի իրացումը: 2012-ին ընդառաջ, փոխանակ գրահրատարակիչների եւ գրախանութների համար բարենպաստ պայմաններ ստեղծեն, երկրի անգրագետ ղեկավարներն ամեն ինչ անում են վերջնականապես ոչնչացնելու եղածն ու ստեղծվածը:



«Բյուրոկրատ» գրախանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանն ասում է, որ «սա նման է ընթացքում արագություն հավաքած մեքենայից բենզին հանելուն: Պետությունը գալիս է ու սեփական ձեռքերով մեքենայից բենզինը հանում-կասեցնում է նրա ընթացքը»: Գրախանութը կարճ ժամանակում հրաշալի ավանդույթներ է ձեւավորել, մարդիկ կան, ովքեր այլեւս չեն կարողանում պատկերացնել Երեւան քաղաքն առանց «Բյուրոկրատի», եւ նրա կորուստը, համոզված եմ, ծանր է լինելու բոլորի համար: «Ինչ ասեմ, թող գոնե մի պարզ հարկ լինի, ասենք՝ հինգ տոկոսի սահմաններում, որ հնարավորություն ունենանք աշխատելու, եթե այսպես շարունակվի՝ գրախանութների կյանքը դատապարտված է, ուշ թե շուտ կփակվի, ու ինչքա՞ն կարելի է վնասներով աշխատել` հույսը դնելով միայն խանդավառության ու սեփական ուժերի վրա (տիպիկ հայկական տարբերակով)»,- ավելացնում է Սամվել Հովհաննիսյանը:



«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ մեր երկրում ուղղակի եւ անուղղակի ձեւով քաջալերվում է անգրագիտությունը: Գրքի նկատմամբ պետականորեն հետաքրքրվածություն չկա, իսկ հարեւան Վրաստանում ուշադրությունը մեծ է, պահանջարկը՝ շատ:



Պետությունը, որ պիտի դառնար գործող գրահրատարակչությունների թեւ-թիկունքը, ընդհակառակը՝ դանակներն առած, ընկել-քրքրում են` խաթարելով ու կոռոզիայի ենթարկելով մշակույթի ներկան ու ապագան: Օրինակ են բերում Ռուսաստանին, Ղազախստանին, թե՝ տեսեք այնտեղ նույնպես ավելացված արժեքի հարկ են տալիս, ավելի շատ են տալիս, իսկ եվրոպական երկրներին շրջանցում են:



Հրատարակիչների ազգային ասոցիացիան նամակներով փորձում է  ՀՀ նախագահին, վարչապետին հանգամանալից բացատրել իրավիճակը՝ հույս ունենալով, որ կհասկանան ու կընդառաջեն: Բայց գոնե հուսահատ նամակներին կպատասխանե՞ն...