Բարեւ, Նիկոլ

Բարեւ, Նիկոլ
Շուտով երկու տարին կլրանա, ինչ դու «անազատության» մեջ ես, բայց քո անազատությունը մեր ոգու ցցուն ազատությունն է, որ մղում է ապրելու ու պայքարելու հանուն վերջնական հաղթանակի, լուսավոր ու կայուն ապագայի, որին արժանի են մեր երկիրն ու ժողովուրդը:



Քո հայրենիքն ազատությունն է, որ չի ենթարկվում ժամանակի ու տարածության կանոններին: Երկու տարի անընդմեջ քո ներսում բաբախող խոսքը թափանցում է բոլոր արհեստաստեղծ արգելքներն ու բետոնե պատնեշները` հասնելով մեզ, սթափեցնելով ու հաղորդելով բոլոր մտքերդ ու գաղափարներդ, որոնց իրագործմանը մասնակից ենք լինելու բոլորս: «Չկա ավելի մեծ երջանկություն, քան անձնազոհությունը»,-ասում է Դոստոեւսկու հանճարեղ «Դեւերը» վեպի հերոսներից Ստովրոգինը (ի դեպ, հետաքրքիր է՝ ի՞նչ գիրք ես կարդում հիմա, ինչպիսի՞ գրականություն է ուղեկցում կյանքդ)…



Անձնազոհությունը անանձնականություն է սիրում, նաեւ՝ մտքի ու զգացմունքի բացառիկ ազնվություն: Երկու տարի անդադար պայքարդ լիովին փոխանցվել է ու փոխանցվում է փոփոխությունների կարոտ մարդկանց: Մարդիկ սպասում  են քո սուր ու դիպուկ խմբագրականներին, երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների վերաբերյալ քո մեկնաբանություններին: Ի՞նչ ես կարծում, չի՞ եկել արդյոք պահը վերջնական համազգային ու միակ հաղթանակի, որին փափագում ենք բոլորս, եւ ապրիլի 8-ի հանրահավաքը կազդարարի՞ մեր նոր կյանքի սկիզբը: Նույնիսկ փողոցներում քայլող, իրենց տներում հիվանդ պառկած մարդիկ՝ մարդիկ, որ տաքանալու համար արդեն ծառ են կտրում, որ  լրիվ աղքատացած են, հիասթափված ու կոտրված, նրանց աչքերում հանկարծ պսպղում է փոփոխության հույսը, որ, համոզված եմ՝ կմնա մինչեւ նրանց կյանքի վերջը: