«Վարպետն ու Մարգարիտան» վեպի «անիծված» էկրանավորումը վերջապես կցուցադրվի (վիդեո)

«Վարպետն ու Մարգարիտան» վեպի «անիծված» էկրանավորումը վերջապես կցուցադրվի (վիդեո)
Ապրիլի 7-ին ցուցադրության կհանվի Յուրի Կարայի` 1994թ. նկարահանված եւ մինչ այժմ ամբողջական ցուցադրության չարժանացած «Վարպետն ու Մարգարիտան» ֆիլմը, որը բազմաթիվ դժբախտ պատահականությունների առիթով անիծված էին համարում: Այն տարիների համար բավական թանկ այս նախագիծը ֆինանսավորել էր «ՏԱՄՊ» ներդրումային ընկերությունը, որը 1995թ. հրաժարվել էր ֆիլմն էկրան բարձրացնելուց` պատճառաբանելով, որ այն դեռեւս պատրաստ չէ:



Ռեժիսոր Յուրի Կարան, չունենալով ֆիլմի պատճենը, դիմել էր դատարան, եւ չորս տարի տեւած աղմկահարույց գործը ավարտվել էր «ՏԱՄՊ»-ի հաղթանակով, ընկերությունը ճանաչվել էր կինոնկարի հետ կապված բոլոր իրավունքների սեփականատեր: Ավելի ուշ, հայտարարվել էր, որ վերամոնտաժը կարվի այլ ռեժիսորի հետ, եւ ժապավենը հանձնվել էր պահպանության «ՏԱՄՊ»-ի անվտանգության ծառայության ղեկավար Վալերի Տարասովին: Ժապավենը ապահով տեղ թաքցնելուց հետո Տարասովը հանկարծակի մահացել էր…



17 տարի հետո հանդիսատեսն արդեն հնարավորություն ունի դիտելու այս բազմաչարչար ֆիլմը, որտեղ ներգրավված են մի շարք տաղանդավոր դերասաններ: Ընդ որում հարկ է նշել, որ «Վարպետն ու Մարագարիտան» վեպի այս էկրանավորումում եւս խաղացել է Ալեքսանդր Ֆիլիպենկոն` Կորովյեւ-Ֆագոտի դերում, այնինչ վեպի ավելի թարմ էկրանավորումում` Վլադիմիր Բորտկոյի 10 մասանոց ֆիլմաշարում (2005թ.), նա խաղացել է Ազազելոյի դերը:



Հետաքրքիր կլինի համեմատել, ոչ միայն Ֆիլիպենկոյի տարբեր դերերը, այլեւ հանճարեղ Գաֆտին եւ Բասիլաշվիլուն Վոլանդի դերում, Լավրովին եւ Ուլյանովին Պոնտոս Պիղատոսի դերում… Որոշ համեմատություններ արդեն իսկ կարելի է անել` դիտելով այս երկու հոլովակները, ուր ներկայացված է միեւնույն տեսարանը` տարբեր էկրանավորումներից: