Մտավորականը թող իր գործն անի, ուրիշ ոչինչ

Մտավորականը թող իր գործն անի, ուրիշ ոչինչ
Արդեն որերորդ օրն է՝ ազգի մտավորականները Ազատության հրապարակում «Լռության ուխտ» խորագիրը կրող բողոքի ակցիա են անցկացնում: Ասում են, թե վտանգված բարոյական արժեքների ահազանգ են իրենք հնչեցնում: Լավ, թող հնչեցնեն, դա իրենց գործն է, ամեն մեկի գործը:



Ես բացարձակ դեմ եմ նման ակցիաներին, բողոքն արտահայտելու նմանատիպ ձեւերին, ավելին՝ իմ սկզբունքներին համաձայն, ես ոչ ցույցերի եմ մասնակցում, ոչ ակցիաների, ոչ էլ նման հավաքների: Իմ առաջնային սկզբունքներից է՝ եթե որեւէ բան եմ ուզում ասել, ասում եմ մենակ, առանց որեւէ մեկի օգնության կամ սատարման: Եվ հիմա չեմ էլ կարող ասել կամ դատել՝ մարդկանց նախաձեռնությունը ճի՞շտ է, եւ արդյո՞ք դա արդյունավետ միջոց է, թե՞ ոչ, որովհետեւ  նման բաների մասին անգամ չեմ էլ մտածում: Եվ հետո. իմ պատկերացմամբ՝ մտավորականների դերը բոլորովին ուրիշ է: Ասել է թե՝ եթե  ամեն մեկն իր տեղում իր գործն իսկապես լավ կատարի, ապա դա կլինի ամենամեծ ակցիան եւ մեր երկրի, եւ ամենքիս, եւ յուրաքանչյուր մարդու անձի համար: Այսինքն՝ մեղմ ասած, մտավորականները թող իրենց գործն անեն եւ ուրիշ ոչինչ... Եթե գրող է, թող գրի, գիտնական է, թող գիտությամբ զբաղվի: Ավել ոչինչ հարկավոր չէ մտավորականի կողմից: Եվ ի վերջո, ինձ համար մտավորականը նախեւառաջ այն մարդն է, ով իսկապես անկեղծ մտահոգված է իր ժողովրդով, նրա խնդիրներով, միեւնույն ժամանակ այն մարդը, ով դա պետք է ցույց տա բացառապես իր գործով, իր աշխատանքով, ստեղծագործությամբ, ուրիշ բան պետք չէ անել կամ ինչ-որ բան փոխել, այդ մարդիկ չեն էլ կարող եւ պետք էլ չէ: Եվ հետո, ասում են՝ մտավորականների նախաձեռնություն... բայց մտավորականներն ինչի՞ են իրենց անջատում մյուս մարդկանցից: Մյուսներն էլ իրենց նման մարդ են՝ երկու աչքով, մեկ քթով, բոլորն ուտում են, խմում, ապրում: ...Չնայած բոլոր ժամանակներում լինում են մարդիկ, ովքեր պարզապես միշտ ուզում են բողոքել... Բողոքն արտահայտեք ձեր գործերում:



 



Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ



նկարիչ