Արդի իսպանալեզու պատմվածք

Արդի իսպանալեզու պատմվածք
«Գրական էտալոն» հրատարակչությունը լույս է ընծայել «Արդի իսպանալեզու պատմվածք» անթոլոգիան (թարգմանությունը իսպաներենից` Կարինե Չոբանյանի), որի մեջ զետեղված են տարիների ընթացքում «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսում տպագրված, իսպաներենից թարգմանված բազմաթիվ պատմվածքներ:



Գրքում ներկայացված են հայ ընթերցողին ծանոթ եւ անծանոթ իսպանալեզու գրողների ստեղծագործություններ, ինչպիսիք են` Օրասիո Կրոգան, Բորխեսը, Ֆրանցիսկո Այալան, Կորտասարը, Խուան Ռուլֆոն, Մարկեսը, Կառլոս Ֆուենտեսը, Խուան Մարսեն, 2010թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան, Իզաբել Ալիենդեն, Խավիեր Մարիասը եւ ուրիշներ: Իսպանալեզու գրականությունը միշտ էլ հոգեհարազատ է եղել հայ ընթերցողին, մանավանդ լատինաամերիկյան գրողների պատմվածքները, վեպերն ու էսսեները:



Ժամանակին ռուսերենից Ռուբեն Հովսեփյանի թարգմանած Գաբրիել Գարսիա Մարկեսի հռչակավոր «Հարյուր տարվա մենություն» վեպը հայ ընթերցողը մեծ աղմուկով եւ խանդավառությամբ դիմավորեց: Վեպն ազդեցություն ունեցավ մի շարք հայ գրողների բնագրերի կառույցների, նույնիսկ նրանց աշխարհընկալման վրա: Հովհաննես Գրիգորյանը թարգմանեց Հուլիո Կորտասարի «Վիճակախաղ» եւ Կառլոս Ֆուենտեսի «Արտեմիո Կրոսի մահը» պարզապես սքանչելի վեպերը, որոնք նոր շերտեր ու երանգներ բերեցին` հարստացնելով մեր մշակույթը:



«Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի փոխխմբագիր, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը գրքի առաջաբանում գրում է. «Այս անթոլոգիայում ներկայացվող 17 դեմքերի եւ դիմակների շարանի արտահայտչականությունն էլ թարգմանիչ Կարինե Չոբանյանի խնդիրն է եղել: Բարեբախտաբար, հաղթահարված են անթոլոգիայի եւ ժանրի քմայքները: Հեղինակներից յուրաքանչյուրն իր ձայնի տոնն ունի, հնչերանգը եւ հեղինակային ռեֆլեքսները… Անթոլոգիան ձգում է թարգմանչի ճաշակով ընտրության, իմացականի եւ հուզականի մեկտեղված մոտեցման, արձակի կուռ  միասնությունը պահպանելու եւ հեղինակների ոգու հետ հաղորդակցվելու շնորհիվ… ամենագլխավորը՝ լեզուն գտել է իր թարգմանչին»:



Գրքում ամբողջացել են 20-րդ դարի, ինչպես նաեւ 21-րդ դարասկզբի իսպանալեզու լավագույն պատմվածքներ, որոնք մասամբ արտացոլում են հիմնականում լատինաամերիկյան մշակույթը, լատինաամերիկյան գրականության «բումի» առեղծվածը, որ շատ պարզ է` հրաշքին հավատալու ունակ մանկական գիտակցություն, բացառիկ ու տաք անմիջականություն եւ ամենակարեւորը՝ խոր հավատք իրենց մշակույթները միմյանց կապող իսպաներեն լեզվի նկատմամբ: Լատինաամերիկյան գրականություն արտասանելով, չգիտես ինչու, միշտ հնչում է «մոգական ռեալիզմ» կոչվածը, որ արդեն դարձել է լեզվի փաթաթան ու կլիշե:



Մարիո Վարգաս Լյոսան Մարկեսի պատմվածքների ժողովածուի առաջաբանում գրում է, որ «մոգական ռեալիզմ» կոչվածը պարզապես լատինաամերիկյան չոր իրականության հոմանիշն է: «Արդի իսպանալեզու պատմվածք» անթոլոգիան տալիս է բազմաթիվ հարցերի պատասխաններ: Գիրքը շուտով կվաճառվի Երեւանի փոքրաթիվ գրախանութներում: