Ննջարան

Ննջարան
Քաղաքում երկու բլուր կա, եւ աջ բլրի գագաթին թշնամու թնդանոթներն են, ձախ բլրի գագաթին` երեք բնակելի շենք, որոնցից երկուսը ծխում են, իսկ կենտրոնում գտնվող շենքը դեռ անվնաս է, ու իններորդ հարկի լուսամուտին կռթնած երիտասարդը փախստականներով լի փողոցը զննելուց հետո փակում է պատուհանը, նստում մահճին, որին պառկել է քաղցկեղով հիվանդ մայրը, ու որին թեյ է տալիս կրտսեր որդին` ավագ եղբորից հարցնելով, թե արդյոք թեյը վնաս չի՞ տա:



Ավագ եղբայրը` նույն ինքը երիտասարդը, գտնում է, որ վնաս չի տա, եւ կրտսեր եղբայրը հագեցնում է մոր ծարավը: Ննջարանում թնդացող ուրախ սերիալն ընդհատվում է, միանում է տեղական հեռուստաալիքը, եւ կակազող հաղորդավարը համաքաղաքացիներին աղաչում է թողնել բնակարաններն ու թաքնվել ապաստարաններում, հետո միկրոֆոնը դեն նետելով, ճողոպրում է ստուդիայից: Մահամերձ կինը որդիներին պահանջում է իրեն հանգիստ թողնել ու իջնել շենքի նկուղ, ուր եւ պատսպարվել են բոլոր հարեւանները: Ավագ զավակը շոյում է նրա քրտնած ճակատը եւ ասում, որ հաղորդավարը չափազանցրել է վտանգը: Կնոջը պաշարում են զառանցանքները, ու նա երգում է փիսիկի մասին, որը նստել է մի մութ անկյունում, հոնքերը կիտել ու լաց է լինում: Կրտսեր զավակն արտասվում է ու եղբորը խնդրում միջոցներ կիրառել: Երիտասարդն առաջարկում է մորը գրկել ու վերելակով իջեցնել նկուղ: Նրանք փորձում են ծրագիրն իրագործել ու, անուշադրության մատնելով ծնողի բղավոցներն ու թպրտոցը, կնոջը փաթաթում են վերմակով ու մեծագույն դժվարությամբ հասցնում վերելակի մոտ, որը, պարզվում է` չի աշխատում: Որդիները ցանկանում են մորն իջեցնել աստիճաններով, բայց վերջին շնչում գտնվող կինն իր ողջ ուժերը սպառել է թպրտալու վրա եւ մահացել: Զավակները դին վերադարձնում են ննջարան, պառկեցնում մահճին ու վերմակով ծածկում: Կրտսեր եղբայրն իրեն կորցնում է ու մի քանի րոպե աննպատակ պտտվում  սենյակում: Ավագ եղբայրը մոտենում է լուսամուտին եւ ուսումնասիրում թշնամու մարտավարությունը: Թնդանոթների փողերը համաչափորեն ուղղվում են շենքին: Ռադիոն անվերջ կրկնում է՝ տագնապ, տագնապ, տագնապ...: Կրտսեր եղբայրն այլեւս չի դիմանում եւ բնակարանից փախչում է: Ավագ եղբայրը ծխախոտ է վառում, ռադիոն անջատում եւ պառկում մոր կողքին: Բնակարանի դուռը դանդաղ բացվում է, մտնում է կատարելապես հանգստացած կրտսեր եղբայրը, կծկվում եղբոր եւ մոր մեջտեղում, գլուխը խրում բարձի տակ, ու թնդանոթները համազարկ են տալիս:



Դավիթ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ



դեկտեմբեր 2010