«Արտավազդն» ու «Տաշիրը»

«Արտավազդն» ու «Տաշիրը»
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Պարոնյանի անվան թատրոնում մեծ շուքով կազմակերպվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր Խորեն Աբրահամյանի 80-ամյակին: 13 անվանակարգերում հանձնվեցին մրցանակներ՝ լավագույն ներկայացում, լավագույն դերասան եւ դերասանուհի, լավագույն ռեժիսուրա, լավագույն բեմադրիչ եւ այլն: Իսկական թատերական տոն էր, որտեղ ներկա էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ում հատուկ երախտագիտություն հայտնեցին այս մրցանակաբաշխությունը հիմնելու եւ թատրոնի նկատմամբ հատուկ ուշադրություն դարձնելու համար:



Նախապես հայտնի էր, որ մրցանակներն ունեն նաեւ դրամական արժեք՝ ներկայացման համար հազար դոլարին համարժեք դրամ, իսկ դերակատարման համար՝ 500-ին: Չնայած, ասում են, նախորդ տարիներին ֆոնդն ավելի շռայլ է եղել: Սակայն որքան մեծ է եղել մրցանակակիրների զարմանքը, երբ, բացելով ծրարները, այնտեղ գտել են ընդամենը 50 հազար դրամ: Մենք չկարողացանք պարզել, թե արդյոք բոլորի՞ ծրարներն են այսքան նվազ եղել, սակայն երկու կանանց, մասնավորապես՝ լավագույն դերակատարման համար մրցանակ ստացած Էվելինա Շահիրյանի ծրարում 50 հազար դրամ է եղել:



Երբ ոմանք հետաքրքրվել են, թե ինչու է այսպես, կազմակերպիչներն ասել են, որ այսքան է հնարավոր եղել: Թեեւ մրցանակաբաշխության հովանավորը ոչ աղքատ «Հովնանյան ինթերնեշնլ» ընկերությունն է եղել: Այս աղքատիկ նվերները հատկապես խղճուկ են երեւում օրերս կայացած «Տաշիր 2011»-ի ֆոնին, երբ ամենափոքր մրցանակը թանկարժեք ավտոմեքենա էր, եւ արվեստում առանձնապես մեծ վաստակ չունեցող երգիչ-երգչուհիները մեկական բնակարան ստացան Երեւանի կենտրոնում: