Իսկ նախագահացուն... խաբեբա է

Իսկ նախագահացուն... խաբեբա է
ՀԳՄ մարզային չորս մասնաճյուղերի ղեկավարների գործունեությունն առկախելու առիթով իմ վերաբերմունքն էի արտահայտել «Հրապարակ» օրաթերթի մարտի 17-ի համարում: Թվում էր, թե դրանով էլ վերջ կտրվի անպատվաբեր պատմությանը, քանզի շարունակել չէինք ցանկանա ոչ ՀԳՄ նախագահը, ոչ էլ ես: Բայց արի ու տես, որ ասածներս սխալ է ընկալել իմ կողմից հարգված Զավեն Պետրոսյանը եւ իր անմաքուր «լվացքն» է սկսել:



Նախ, տիար Պետրոսյանը եթե մի փոքր ճանաչեր ինձ, կիմանար, որ պաշտոնամոլությամբ չեմ տառապել, միշտ սիրել եմ ազատ ստեղծագործողի կարգավիճակը եւ ՀԳՄ Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավարությունը, «որպես ազատ մարդ»,  2009-ի սեպտեմբերին ստանձնել եմ մեր ընկերների հորդորով եւ արժանացել նաեւ հոդվածագրի (Զավեն Պետրոսյանի) ջերմ շնորհավորանքներին: Ուստի ես անտարբեր եմ մնում գրողների մարզային բաժանմունքի նախագահի եղած-չեղած  պաշտոնին. ինձ հետաքրքրում է ՀԳՄ նախագահի գործելաոճի սկզբունքը:



Միթե Գրողների միության անդամները տիկնիկներ են նրա ճարպիկ մատների ծայրին: Իսկ իմ հուզախռով խոսքի կարճ բովանդակությունը հետեւյալն էր. օրինականությունն ու բարեկրթությունը հուշում էին, որ գործունեությունն առկախելուց առաջ պիտի հաշվետվություն պահանջեին ՀԳՄ մարզային բաժանմունքի անդամների ընտրած ղեկավարից: Ասել եմ նաեւ, որ Ս. Բեգլարյանի նշանակումը ՀԳՄ մարզային բաժանմունքի ղեկավարի պաշտոնում անպատվաբեր է մեր գրական ընտանիքի համար, քանի որ նա սովորական սրիկա է. դա լավ գիտեն նաեւ նոյեմբերյանցիները:



Արդեն յոթ ամիս է` նույն Ս. Բեգլարյանը  հրաժարվում է թոշակառուիս վերադարձնել իր 60-ամյակի առթիվ կազմակերպած ճաշկերույթի 150 հազար դրամ պարտքը: Այս խայտառակության մասին գիտեն ճաշկերույթին մասնակցած բոլոր հրավիրյալները, այդ թվում` Լեւոն Անանյանը: Սրանից հետո ինչպե՞ս հասկանալ խաբեբային ՀԳՄ մարզային բաժանմունքի նախագահ նշանակելու փաստը: Իմ համոզմամբ` գործել է քավոր-սանիկության հանգամանքը: Իսկ Զավեն Պետրոսյանի պատասխան հոդվածից կարելի է եզրակացնել հետեւյալը. եթե գրող խաբեբան  իրենցն է, ապա «պուպուշ» է:



Պատասխան հոդվածը հայտնություն էր գոնե ինձ համար: Հիմա էլ պարզվում է, որ ՀԳՄ բաժանմունքի ղեկավար են ընտրել «միառժամանակ»: Իսկ ինչո՞ւ ժողովին ներկա ընկերները չեն իմացել, որ կազմակերպական միջոցառումը ժամանակավոր է: Միթե սա ղեկավարման տձեւություն չէ: Միամիտներս ուշ հասկացանք, թե ինչու բաժանմունքի նախկին նախագահ Թ. Մայիլյանը Լ. Անանյանի` գրողների մարզային հավաքին ներկայանալու, հաշվետու լինելու պահանջն արհամարհեց: Ուրեմն ճիշտը նա էր, իսկ ինձ չհրավիրեցին ու նշանակեցին նորին: Տարբերություն, կարծում եմ, կա: Զգացվում է, որ Զավեն Պետրոսյանն «այրվում է» մեր մարզի ու ժողովրդի շահերով: Նա հայտարարում է, որ գրական կյանքը Տավուշի մարզում գրեթե մարած է:



Աներկբա ընդունում եմ, որ հեռավորության պատճառով բոլոր միջոցառումներին չէ, որ մասնակցել են մարզի չորս տարածքներում ստեղծագործող գրողները: Սակայն Զ. Պետրոսյանը մոռանում է իր մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումները, շնորհանդեսներն ու քննարկումները: Թե՞ մոռացել է Ս. Բեգլարյանի ծննդյան 60-ամյակի առթիվ կազմակերպած հանդիսության ժամանակ Լեւոն Անանյանի խոսքերը. «Պարոն Սիմոնյան, մայրաքաղաքային մակարդակի միջոցառում եք կազմակերպել, խորին շնորհակալություն»:



Այլոց չանդրադառնալով` հարկ եմ համարում ավելացնել, որ ճիշտ այն օրը, տիար Պետրոսյան, երբ դուք երեքով կամ չորսով  Նոյեմբերյանում ՈՒՀԱ-ականների պես գլուխ գլխի տված «պատմական» որոշում էիք մտմտում, իմ նախաձեռնությամբ  հանդիպում էր տեղի ունենում ռուս գրողի հետ, որն անցավ գերազանց մակարդակով: Այդպիսիք էլի կլինեն` անկախ այն հանգամանքից, որ Դուք  ՀԳՄ անդամ եք, մենք` ոչ: Այժմ ինձ երկու հարց է հետաքրքրում: ՀԳՄ քարտուղարությունը Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ կնշանակի՞ թոշակառուիս մի քանի ամսվա հասանելիքը յուրացրած սրիկային: Եվ երկրորդ` մինչեւ ապրիլի վերջը Լ. Անանյանն ու Զ. Պետրոսյանը կկարողանա՞ն Ս. Բեգլարյանից ստանալ եւ ինձ  փոխանցել խաբեությամբ յուրացրած 150 հազար դրամը:



Ռուբեն ՍԻՄՈՆՅԱՆ