Պիոներ-պալատները թատերական խմբակներ են

Պիոներ-պալատները թատերական խմբակներ են
«Հրապարակի» 03. 03. 2011թ. եւ 11.03. 2011թ. համարներում մենք հարցազրույցներ ենք տպագրել ռեժիսոր Արթուր Էլբակյանի հետ, ով վերջին տարիներին ապրում եւ աշխատում է Լոնդոնում: Այսօր տպագրում ենք շարունակությունը:



- Հետեւո՞ւմ եք Հայաստանի մշակութային անցուդարձին: Երեւանյան ու դրսի թատրոնների միջեւ ի՞նչ  տարբերություններ կան: Ընդհանրապես ինչպիսի՞ թատրոն եք սիրում:



- Սկսեմ վերջին հարցից: Սիրում եմ այն թատրոնը, որը կենդանի թատրոն է: Որը ժամանակից առաջ է մտածողությամբ, իր արտահայտչամիջոցներով եւ ամենակարեւորը՝ կատարողական արվեստով: Եթե համեմատենք դրսի թատրոնների հետ հայաստանյան թատրոնները՝ ես ցավով պետք է նշեմ, որ համեմատելու ոչինչ չկա: Բացառությամբ մեկ-երկու թատրոնների, որոնք, քիչ թե շատ պահպանելով իրենց դեմքը, փորձում են նորը գտնել եւ ունեն հաջողված ներկայացումներ: Մնացածն ինձ հիշեցնում են պիոներ-պալատների վատ թատերական խմբակներ: Եվ ամենացավալին այն է, որ այդ «խմբակների» մասնակիցներն ու ղեկավարները կարծում են ու համոզված են, թե իրենք հանճարեղ գործեր են բեմադրում եւ խաղում, ու ամենուր բարձր բղավում են, որ իրենց չեն նկատում, առավել եւս՝ չեն գնահատում:



Ցավում եմ, որ դա այդպես է, որովհետեւ մեծ մասին գիտեմ, իմ նախկին գործընկերներն են, որոնց ջանքերը եւ աշխատանքը ես գնահատում եմ, բայց ոչ` արած աշխատանքի արդյունքը: Լավ է, որ պետության ղեկավարը չի  հարցնում, հատկապես պետական թատրոններից, թե ո՞ւր  են այն ներկայացումները, որոնցով նա կարող է հպարտանալ եւ բաց ճակատով աշխարհին ցույց տալ: Չէ որ այդ թատրոնների բոլոր ծախսերը` լավ-վատ, քիչ թե շատ պետությունն է հոգում:  Հավատացեք՝ թատրոնների վատ վիճակը նույնպես գալիս է «սովետից»: Այդ երկիրը ստեղծել էր իր «էլիտան»: Նախկին ԽՍՀՄ ժողովրդական արտիստները «կռտեցին» շնորհալի դերասանների ու ռեժիսորների առնվազն երկու սերունդ՝  դերեր չտալով, բեմադրություններ թույլ չտալով:  Հիսուն տարեկան   դերասանները խաղում էին քսան տարեկանի դերեր: Մնացած ողջ կազմը՝ միայն «մասսովկա» կամ, լավագույն դեպքում, զինվոր կամ ծառա:  «Նարոդնիների» ինքնասիրահարվածությունն այնքան մեծ էր, որ իրենց արդեն հասուն եւ լավագույն տարիներին միասին այդպես էլ բեմ չբարձրացան եւ միասին ոչ մի ներկայացում չխաղացին Մհերը, Խորենը եւ Սոսը: Թատրոնի հիմքերն այն ժամանակ քանդեցին, ոչ թե հիմա: Խոսքս հատկապես Սունդուկյան թատրոնին է  վերաբերում: Այնտեղ միայն Մհեր Մկրտչյանը ժամանակին  փորձ արեց երիտասարդներին տեղ տալ: Բեմադրեց Մ. Գորկու «Հատակում»-ը, որտեղ զբաղված էին միայն երիտասարդներ: Դա եղավ առաջին եւ վերջին նախաձեռնությունը: Հետո եղան մի քանի հանդուգն քայլեր «ջահել» սերնդի կողմից, եւ դրանով ամեն ինչ ավարտվեց: Հիմա այդ թատրոնի մասին խոսելն անգամ ավելորդ եմ համարում, քանզի «անունը կա, ամանումը չկա»:



Իսկ մշակութային կյանքն ուղիղ համեմատական է այն ամենին, ինչ կատարվում է երկրում: Կիսագրագետ եւ դիլետանտ մասսաների իշխումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մշակույթի ասպարեզում: Ձեր հարցի մեջ է Ձեր հարցի պատասխանը:  Ուղղակի անցուդարձ: Եվ դրան ավելացնեմ իմը, վատ հինը վերականգնելու հիվանդագին մարմաջ: Մինչեւ հիմա պահպանված կոչումներ շնորհելու այդ ծիծաղելի համակարգը  իր փտած եւ նվաստացուցիչ ձեւի մեջ: Կոչումի հավակնող վաստակաշատ անձն ինքը կամ իրեն կոչման ներկայացնողը պետք է իրենից բարձր կոչում ունեցող երկու գործընկերներից խնդրելով-աղաչելով, երաշխավորագիր նամակներ վերցնի եւ իր վաստակն ապացուցող այլ փաստաթղթերի հետ  ներկայացնի նախարարության ինչ-որ չինովնիկի: «Դաբրոն» ստանալուց հետո գործն ուղարկում են նախագահական կոչումների բաժին, արվեստի հետ կապ չունեցող ուրիշ  չինովնիկների մոտ…



Իմ հոբելյանի հետ կապված՝ ես ստացա նման «փառահեղ» առաջարկ՝ ստանալ կոչում, որից ես գերագույն հաճույքով հրաժարվեցի: Աշխարհի ոչ մի երկրում, բացի Ռուսաստանից եւ մեր երկրից, նման բան չկա: Անգլիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում կան միայն մրցանակներ, որոնք շնորհվում են գործընկերների կողմից՝ վերջ: Կոմունիստների ժամանակ կոչում շնորհելը  լծակ էր բոլորին խոհեմ ու հնազանդ պահելու համար՝ հանդեպ կուսակցությունը, եւ միաժամանակ գործիք՝ արվեստի մարդկանց իրար դեմ հանելու համար, որովհետեւ կոչումի հետ նյութականն էլ կար: Մեր ազգի արվեստի, գրականության, երաժշտության կարկառուն գործիչները կենտկոմից դուրս չէին գալիս: Ինչքան «Վոլգա», «Ժիգուլի» ու տներ ստացան ու ծախեցին… Մտածում եմ՝ հիմա ինչի՞  համար են խոնարհվում:



Ասեմ այսպես, Սոնա, վատ հինը չի գնացել, եւ նորն էլ  դեռ չի եկել:



- Նայո՞ւմ եք հայկական հեռուստատեսություն, ի՞նչ կարծիքի եք այսօրվա եթերի մասին:



- Տխուր, շատ տխուր կարծիք: Դեգրադացման հայելին է այսօրվա հայաստանյան հեռուստատեսությունը: Լրատվությունը՝ լճացման տարիներից էլ վատ: Բոլոր ալիքներն անխտիր ցուցադրում են պաշտոնական լրատվություն: Ես էլի հասկանում եմ, երբ լուսաբանում են երկրի ղեկավարի այցերը: Բայց երբ այս նախարարն այցելեց մարզ եւ ստուգեց սա, այն նախարարը գնաց այն քաղաք եւ ասաց այն… Ո՞ւմ է դա պետք կամ հետաքրքիր: Հետո ասեմ նաեւ՝ բա ի՞նչ պետք է անեին, որ չգնային, դա իրենց աշխատանքն է, պարտականությունը: Ու հետո՝ այդ այցերն այնպես են ներկայացնում, որ կարծես ազգը պետք է շնորհակալ լինի, որ պարոնայք նախարարները տեղից վեր են կացել, աշխատանքի են գնացել ու իրենց պարտականությունն են կատարում: Խեղճ, բազմաչարչար ժողովուրդն էլ կանգնած՝ շնորհակալություն է հայտնում այս կամ այն  չինովնիկին կատարած այցի համար՝  շփոթելով, որ իշխանավորները պետք է ծառայեն ժողովրդին: Չկա  ոչ մի այլընտրանքային հեռուստաընկերություն: Ազատ խոսքի  ու քննադատության իսպառ բացակայություն: ԽՍՀՄ վատ  տարիները: Ամոթալի ու սիրողական մակարդակից ցածր՝ լեզուս չի պտտվում անվանել «սերիալներ»: Մի ժամանակ գոյություն ուներ հեռուստաթատրոն: Այն, ինչ որ հիմա նկարում են, այդ հեռուստաթատրոնի աղավաղված ու տձեւ տարբերակն է: Գռեհիկ խոսք, ժարգոն, անբարոյականություն, «պսեւդո» գողականների ռազբորկաներ, կանանց ու երեխաների առեւանգում եւ սպանությունների անվերջանալի շարան: Եթե դա մեր ազգի այսօրվա  իրականությունն է, ապա դրանից տխուր իրականություն դժվար է պատկերացնել: Իսկ եթե դա չի համապատասխանում իրականոությանը (հույս ունեմ, որ չի համապատասխանում), ապա այդ «ֆիլմերի» հեղինակները կամ հոգեկան հիվանդներ են, կամ  «մանիակներ»: Նրանք աղանդներ տարածողներից ավելի վատն են իրենց տեսակի մեջ: Ես կասեի՝ դա հարվածում է պետության անվտանգությանը (ես նկատի չունեմ ԱԱԾ-ն): Լուրջ մտածել է հարկավոր, շա՛տ լուրջ:



Այս ամենի կողքին, երբ տեսնում ես քաղքենի, անճաշակ ու ինքնահավան մրցանակաբաշխություններ ու համատարած «աստղ», «աստղեր», «մեգա-աստղ» իրար կոչելը, ակամա մտածում ես՝ ինչ «համեստ ու փոքր են» սրանց կողքին  համաշխարհային կամ հոլիվուդյան աստղերը: Ու մտածում եմ՝ ինչո՞ւ այդ «աստղերից» ոչ մեկին աշխարհը չի ճանաչում: Այս ամենը կարելի է անվանել՝ «Խրախճանք ժանտախտի ժամանակ»: