«Աղավնիների վարպետը» ֆիլմը Ստամբուլում

«Աղավնիների վարպետը» ֆիլմը Ստամբուլում
Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնում, որ համարվում է տարածաշրջանային ամենախոշոր կինոփառատոնը, կցուցադրվի երիտասարդ ռեժիսոր Արթուր Սուքիասյանի «Աղավնիների վարպետը» էքսպերիմենտալ-վավերագրական ֆիլմը: Ծնունդով գյումրեցի երիտասարդ ռեժիսորը նաեւ ֆիլմի սցենարի հեղինակն է, որը նկարահանել է 2010-ին: Նկարահանումներ կատարվել են Կարս եւ Գյումրի քաղաքներում:



Ֆիլմը պատմում է աղավնի պահող թուրք եւ հայ երկու մարդկանց մասին: Գյումրիում ապրող աղավնի պահող մարդու հայրը ժամանակին ապրել է Կարս քաղաքում եւ եղեռնի ժամանակ գաղթել սկզբում Վրաստան, ապա Արեւելյան Հայաստան` վերջնականապես հաստատվելով Գյումրի քաղաքում: Ֆիլմն արտացոլում է կողք կողքի ապրող, բայցեւ միմյանցից անկախ ու գրեթե նույն մարդկային ճակատագիրը, նրանց ազատությունը, երկխոսությունն ու հիշողությունը: Եվ աղավնի պահող երկու մարդու հանդիպումը կարծես դառնում է բաժանված ճակատագրերի միաձուլում:



Ռեժիսոր Արթուր Սուքիասյանը պատմեց, որ իր «Աղավնիների վարպետը» ֆիլմը Ստամբուլի կինոփառատոնի մրցանակին չի ներկայացվելու. այն ցուցադրվելու է ապրիլի 12-ին՝ «Պերա» թանգարանում հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակում: Բացի իր ֆիլմից, այդ օրը նույն թանգարանում կցուցադրվեն երկու թուրքական եւ երկու հայկական ֆիլմեր:



Թուրք երիտասարդ ռեժիսոր Գյուլենգյուլ Ալթինթասը կցուցադրի իր «Մի կորչեք, երեխաներ» վավերագրական ֆիլմը, որ պատմում է Թուլզա կղզում «Քեմփ Արմեն» անվանումով հայկական ճամբարում եղեռնից փրկված ու միմյանց կորցրած հարազատ քույր ու եղբոր կյանքի մասին, ովքեր երկար տարիներ ապրել են նույն ճամբարում՝ չիմանալով այդ մասին: Ի դեպ, նույն «Քեմփ Արմեն» ճամբարում սովորել է նաեւ Հրանտ Դինքը: Թուրքական մյուս ֆիլմը (ռեժիսոր՝  Կանայ Օզդեն) կոչվում է «Տիկնիկային թատրոն», այն պատմում է Գյումրի քաղաքի տիկնիկային թատրոնի մասին: Կցուցադրվեն նաեւ Դիանա Կարդումյանի «Գալաթա» եւ Գոռ Բաղդասարյանի «Հարեւաններ» ֆիլմերը:



Արվեստը ուրույն երկխոսության հրաշալի առիթ է ընձեռում, նշում է Արթուր Սուքիասյանը: Նրանց մոտ մեծ հետաքրքրվածություն կա դեպի հայ ժամանակակից կինոն, մենք նույնպես հետաքրքրված ենք թուրքական կինոյի զարգացումներով, անցումային փուլերով, մի խոսքով՝ շփումներն ու հետաքրքիր դիսկուրսները բոլորիս ինչ-որ կարեւոր  բան տալիս են: Ստամբուլը հիմա ակտիվ մշակութային կյանքով է ապրում, եւ դա երեւում է համարյա ամեն քայլափոխի: Կարծում եմ՝ ֆիլմերի դիտումից հետո կծավալվեն ջերմ ու թեժ քննարկումներ:



Սոցիալական կայքերում լավ ակտիվություն է նկատվում: Շատերն են գրանցվում` մեծ ցանկություն հայտնում մասնակցելու ապրիլի 12-ին կայանալիք կինոդիտմանը: «Աղավնիների վարպետը» ֆիլմն այստեղ արդեն փակ ցուցադրությամբ ներկայացվել է, եւ փառատոնից հետո այն կրկին կցուցադրվի: Հույս ունենք, որ արվեստում հայ-թուրքական ֆիլմերի երկխոսությունը շարունակական կլինի: