Եգիպտացիներն առանց չափելու կտրել են

Եգիպտացիներն առանց չափելու կտրել են
Եգիպտոսում կարծես ամեն բան նորից է սկսվում կամ դեռ չի ավարտվել: Մուբարաքի հարկադրական հրաժարականին նախորդել է 8 հարյուր մարդու մահ: Այդ հրաժարականը թանկ գնեցին եգիպտացիները եւ դեռ շարունակում են վճարել դրա դիմաց, ճիշտ եւ ճիշտ այն համացանցային առաջարկությունների պես, որոնք որոշակի գումար են գանձում, հետո հավատացնում, որ եւս մեկ անգամ ու վերջ, ու այսպես շարունակ:



Դեռ պարզ չէ, թե այս խմորը որքան ջուր կքաշի: 82-ամյա Հոսնի Մուբարաքը գրեթե կշտացել էր իշխանությունից կամ հասկացել էր դրա ունայնությունը, երբ հերթական գդալը բերանը տանելու ճանապարհին ափսեն լցնողները շուռ տվին այն: Բայց արի ու տես, որ եգիպտացիք հավատացած են, որ այժմ երկիրը կառավարող ռազմական խորհրդի կազմում կան Մուբարաքի նախկին սեղանակիցներից, որոնք ձգտում են նրան լավություն  անել: Ինչ ասել է երախտապարտության զգացում, է՜:



Եգիպտացիներին պետք է բացատրել, որ ընկած մարդուն օգտակար լինելու ձգտումը վեհ մարդկային հատկանիշ է, ու սխալ է այն խարազանելը: Երեքշաբաթյա ցույցերի ընթացքում իրենց ընկերների մահը տեսած մարդկանց դժվար կլինի բացատրություն տեղ հասցնելը, էլ ուր մնաց պաշտպանական ճառ կարդալը մի մարդու հասցեին, ով երիտասարդ կյանքեր չխնայեց: Թեեւ` ոչ անմիջականորեն: Ուրբաթ օրը Թահրիր հրապարակում իրենց կարծիքն այդ հաշվով արտահայտեցին Եգիպտոսի քաղաքացիները: Ինչ արած, երբ մարդը ցածրաձայն է խոսում, ու նրան չեն լսում, նա սկսում է գոռալ. ժամանակավոր կառավարությունը պետք է նկատի ունենար այս էլեմենտը:



Հատկապես համոզվելուց հետո, որ իր ժողովուրդը գոռալու հետ սեր ունի: Իսկ որոշ եգիպտացիներ այնքան բարձր են գոռգոռացել, որ ձայնի ալիքներից Մուբարաքի երկու որդիներին կալանավայր տեղափոխող մեքենային քարեր ու շշեր են հարվածել: Հավատացնում եմ, որ դա հնարավոր է, իբրեւ վկայություն բերելով այն գրական հերոսին (անունը չեմ հիշում), որի ձայնից լուսամուտի ապակիները փշրվում էին: Իսկ ցուցարարները վանկարկելիս են եղել` «Աստված մեծ է»: Գուցե զորությունը ձայնի մեջ չի եղել, այլ բառերի՞: Այդ մասին հաստատ ոչինչ չգիտենք:



Շա՜տ պահանջկոտն են  հրեաների նախկին «տիրացուները»: Նախագահը հերիք չէր, հիմա էլ մեր չուզած պաշտոնյաներին լիկվիդացրեք: Իսկ պատճառը Հոսնի Մուբարաքի առողջականն է. ասում են` սրտի խնդիրներ ունի: Հենց հայտարարվեց հարցաքննության օրը, խեղճ մարդը սրտի կաթված ստացավ: Երեւի: Մարդ էլ կա, որ ասում է` չարորակ ուռուցք ունի: Դե հիմա մենք` Հայաստանում, նա` Եգիպտոսում, Մուբարաքի բժշկին որտե՞ղ գտնենք, որ հարցնենք: Ու կալանավայրից տեղափոխեցին հիվանդանոց: Մի խոսքով, եգիպտացիներն էլ կատաղել են, թե` 8 հարյուր մարդ սպանեց, հիմա ասում եք` վատառողջ է, թքել ենք իր առողջության վրա: Դուք ուզում եք մահանա՝ բռնեք-դրան երկրից փախցնեք՝ իբր արտասահմանում բուժելու:



Բա կոռուպցիա՞ն, բա ցուցարար սպանե՞լը, բա անո՞ւնը... Մի այդպիսի փուլ կա. երբ մարդուն ամեն բանում մեղադրում են, այս կամ այն անունը կրելն էլ մեղք է դառնում: Մուբարաքի որդիները հենց այդ մեղքն են գործել: Էդ մեկն իբրեւ առաջնային, իսկ երկրորդականները հոր գործերից են` կոռուպցիա, պաշտոնական դիրքի չարաշահում-բան: Մեղադրվում են էդ մեղքերի մեջ, այնտեղ չենք եղել, չգիտենք` մեղավոր են, թե ոչ:



Էստեղ մի սխալ բան կա: Եգիպտացիները ցույցերի ժամանակ սպանվողների մեղքը գցեցին Մուբարաք-նախագահի վիզը, իսկ ուրբաթ օրը հերթական ցույցի ժամանակ էլի երկու հոգի են սպանվել, խեղճ Մուբարաքը հիվանդանոցում պառկած:



Էս էլ ձեզ ձեր նոր իշխանությունը: Դրա համար է ասված` յոթ չափիր, մեկ կտրիր:



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ