Իմ դեմ կավատության մեղադրանք չկա

Իմ դեմ կավատության մեղադրանք չկա
Պնդում է վերջերս հայկական մամուլի սկանդալային հոդվածների հերոս դարձած ֆրանսահայ իրավաբան Ռայմոնդ Եզեկելյանը: Վերջինս վիրավորված է հայաստանյան մամուլում տեղ գտած հոդվածներից ու Հայաստան է եկել իր իրավաբանների հետ այդ հարցը կարգավորելու: Ռայմոնդ Եզեկելյանն արդեն իսկ դատական հայց է ներկայացրել ֆրանսահայ «Նուվել դ’Աղմենի» ամսագրի դեմ, որի խմբագիր Արա Թորանյանի հետ կոնֆլիկտից էլ, նրա խոսքերով, սկսվել է ամեն ինչ: Երեկ մի քանի հարց ուղղեցինք նրան:



- Պարոն Եզեկելյան, Հայաստանում բավական աղմուկ հանեց «Նուվել դ’Աղմենի»-ում տպված տեղեկությունը: Ի վերջո Ձեր դեմ կավատության մեղադրանք կա՞ Ֆրանսիայում:



-  Ոչ, իմ դեմ նման մեղադրանք չկա: Պատմեմ եղելությունը Ձեզ: Ես ունեմ երկու հյուրանոց Փարիզում, որոնցից յուրաքանչյուրն ունի ութ սենյակ: Մեկը` Շանզ Էլիզեի վրա, մյուսը՝ Շանզ Էլիզեի կողքը, եւ ես այս հյուրանոցներն աշխատեցնում եմ իմ տնօրենի միջոցով, ես ինքս անձամբ այդ գործով չեմ զբաղվում: Նաեւ ասեմ, որ Փարիզն ազատ քաղաք է, այնտեղ մարդիկ գալիս են տարբեր նպատակներով, հնարավոր չէ բոլորին վերահսկել: 15 տարի առաջ իմ հյուրանոցներից մեկում սենյակը վարձակալում են երկու կանայք երեխաների հետ` մեկն Աֆրիկայից, մյուսը՝ Բրազիլիայից, բայց մենք չգիտեինք, որ նրանք մարմնավաճառ են: Նրանք մնացել են վեց ամիս ու հեռացել հյուրանոցից: Այնուհետեւ ոստիկանությունը եկավ, քննություն սկսվեց եւ գործ ուղարկվեց դատարան: Դատավարությունը տեւեց երեք տարի, եւ դատարանն ապացուցեց, որ մենք տեղյակ չենք եղել նրանց գործունեության մասին: Ես այնքան հիասթափված ու զայրացած էի, որ փակեցի այդ հյուրանոցը: Հյուրանոցային բիզնեսը շատ վտանգավոր է Ֆրանսիայում, որովհետեւ դու Փարիզում երբեք չգիտես ով ինչի համար է գալիս Փարիզ: Մեզ մոտ՝ Ֆրանսիայում, անգամ օրենք կա, որ մարմնավաճառները պետք է օրինական գրանցված լինեն եւ հարկ վճարեն: Այս տարվա հունիսի 20-ին ոստիկանությունը նորից մեզ կանչում է եւ ասում, թե՝ 2007-ին Ձեր հյուրանոցում երկու մարմնավաճառ են եղել Ձեր մոտ, վեց ամիս մնացել են: Երեք օր մեզ պահում են ոստիկանությունում, սակայն ոստիկանությունը, այդպես էլ չկարողանալով որեւէ փաստ գտնել, որ մենք նախապես ենք իմացել մարմնավաճառների մասին, իրենք գործն ուղարկել են դատարան, որն էլ պիտի որոշի` մենք տեղյակ եղել ենք այդ փաստին, թե ոչ: Այնուհետեւ  ոստիկանությունն ասաց, թե՝ դեռ մի մարմնավաճառ կա Ձեր հյուրանոցներից մեկում: Ես հարցրեցի՝ ո՞ր մեկում: Նրանք մեզ ասացին` գնացեք գտեք: Մենք փնտրեցինք ու գտանք մարմնավաճառին:



- Հյուրանոցի բնակչուհին ասաց, որ մարմնավաճա՞ռ է:



- Այո, դա Փարիզն է, այնտեղ հանգիստ կարող են ասել, որ մարմնավաճառ են: Դա Ֆրանսիայի օրենքն է: Ես ասացի, որ պետք է գնա հյուրանոցից: Նա ինձ հայտարարեց, թե ինքը լավ հարաբերություններ ունի ոստիկանության հետ ու չի հեռանա հյուրանոցից: Ես ստիպված եղա փակել այս հյուրանոցը եւս: Անցյալ սեպտեմբերին ես փակեցի Շանզ Էլիզեի հյուրանոցը, քանի որ կրկին վտանգի առաջ էի: Այսպիսով մենք գնացինք դատարան: Ես պատմեցի եղելությունը Ֆրանս-Հայկական միության CCIF-ի ղեկավարությանը: Հետո փետրվարին ես կոնֆլիկտ ունեցա Արա Թորանյանի հետ, ու նա հայտարարեց, թե տպելու է, որ հունիսին երեք օր մնացել եմ ոստիկանությունում: Ֆրանսիայում մինչ դատարանի վճիռը որեւէ տեղեկություն չպետք է հրապարակվի, սակայն Արա Թորանյանը հրապարակեց: Նրանք տպել են, որ դա եղել է 15 տարի առաջ եւս, բայց  վճիռը, որով ապացուցվել է, որ մենք մեղավոր չենք եղել, նրանք հրաժարվեցին տպել:



- Իսկ Ձեզ ինչո՞ւ ազատ արձակեցին ոստիկանությունից:



- Որովհետեւ նրանք չկարողացան ապացուցել, որ մենք գիտեինք, որ հյուրանոցում մարմնավաճառ է բնակվել: Մենք չենք կարող գտնել մարմնավաճառներին ինքներս: Հաճախ նրանք փոքր երեխաների հետ են լինում:



- Հայաստանյան մամուլում եղան տեղեկություններ, որ Դուք ոչ միայն կավատության մեջ եք մեղադրվում, այլեւ թմրամիջոցների հետ եք գործ ունեցել:



- Դա սուտ է: Ես կարող եմ գնալ նրանց դեմ նույնպես: Ես ուզում եմ դատի տալ լրատվամիջոցներին, որոնք նման բաներ են գրել, բայց ինձ այստեղ խորհուրդ են տալիս դատի չտալ, քանի որ այստեղի թերթերը փոքր բյուջե ունեն եւ հնարավոր է փակվեն այդ հայցի պատճառով, ու նաեւ ես պատճառ դառնամ թերթի փակմանը: Ես պիտի որոշեմ վաղը:



- Իսկ ինչի՞ց սկսվեց Ձեր վեճն Արա Թորանյանի հետ:



- Իրենք փաստաբանների միություն ունեն, մենք էլ ունենք փաստաբանների միություն: Հիմնական կռիվը սկսվեց այնտեղից, երբ ասեց, թե՝ քո փաստաբանների միությունը պետք չի որ լինի, մեկ միությունը բավարար է: Ես ասացի՝ միությունը պիտի մնա:



- Հիմա կա՞ն հաշտության եզրեր «Նուվել դ’Աղմենիի» հետ:



- Ոչ: Մենք պատերազմում ենք:



-  Ճի՞շտ է, որ Դուք հայ պաշտոնյաներին ճոխ հյուրասիրության եք արժանացնում Ֆրանսիայում:



- Ամենին եմ հյուրասիրում, ամենին: 1991-ին, երբ Հայաստանն անկախացավ, ինձ հեռաձայնեցին Լեւոն Տեր- Պետրոսյանի կողմից` ասելով, որ առաջին դեսպանը Փարիզ է եկել, տեղ չունի, ուր պիտի մնա, ես ասացի` ձեզ ձրի տարածք կտամ Շանզ Էլիզեում: Եկան հինգ տարի մնացին: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է եկել կնոջ հետ: Հետո իրենք շենք գնեցին դեսպանատան համար: Հետո Քոչարյանի մոտից զանգեցին, որ այդ շենքը պետք է Ղարաբաղին տաս իբրեւ դեսպանատուն, լավ, ասացի, նախագահ, Ղարաբաղին կտամ: Ղարաբաղի ներկայացուցչությունը 12 տարի մնաց անվճար: Ես Հայաստանի համար եմ անում: Ես ուրախ եմ, երբ իմացա, թե ինչ է նշանակում հայ լինել, ովքեր են հայերը: Ես Ֆրանսիայում ամենաաղքատ տեղում եմ ծնվել եւ մինչեւ 20 տարեկան չգիտեի, որ հայ եմ: Ցեղասպանությունից Ֆրանսիա փախած հայերը դեռ վախենում էին, ոչ ոքի չէին ասում, որ հայ են: Անկախությունից հետո Հայաստան եկա, նոր հասկացա, որ հայ եմ: Անչափ ուրախ էի: Հիմա իմ երկու աղջիկները, որ մեկը ճապոնացու եւ մյուսը սեւամորթի խառնուրդ են, շատ լավ են խոսում հայերեն: Իրենք ինձ սովորեցրին հայերեն խոսել: Ասեմ նաեւ, որ ես չեմ փորձել նախագահների հետ բարեկամանալ: Ինչ արել եմ, Հայաստանի համար եմ արել: