«Նոր էջը»՝ վտանգի մեջ

«Նոր էջը»՝ վտանգի մեջ
Արցախում տպագրվող միակ անկախ պարբերականի՝ «Նոր էջի» վերջին համարից տեղեկացանք, որ թերթը ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված է նվազեցնել լույսընծայման պարբերականությունը։ «Նոր էջի» խմբագրակազմը քննարկում է նաեւ թերթի տպագրությունը լիովին դադարեցնելու տարբերակը եւ վերջնական որոշման մասին կհայտնի ընթերցողներին։



Ասել է թե՝ Արցախում կարող է փակվել այլախոհության, ազատ խոսքի միակ եւ վերջին խոսափողը։ Իսկ ընդհանրապես, ինչպիսի՞ն է այլախոհության, այլակարծության վիճակն Արցախում։ Նախապես հիշեցնենք, որ չճանաչված այս հանրապետությունը տարածաշրջանի այն եզակի երկրներից է, որտեղ այսօր չկա ընդդիմություն։ Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ բոլոր քաղաքական ուժերը, ձեռք-ձեռքի տված, պաշտպանել են Ղարաբաղի այսօրվա ղեկավարի՝ ԼՂՀ ազգային անվտանգության նախկին ղեկավար Բակո Սահակյանի թեկնածությունը։



Արցախում ընդդիմության բացակայությունն անկասկած նպաստել է, որ «Freedom House»-ի վերջին զեկույցում Արցախը դասվի անազատ երկրների շարքը, այսինքն՝ «մասամբ ազատից» հայտնվի «ոչ ազատ» Ադրբեջանի կողքին։ Արցախում ընդդիմություն չկա, սակայն վերջին 12-13 տարում նորանկախ այս երկրում մշտապես գործել է անկախ որեւէ պարբերական։ Առաջինը, որ «10-րդ նահանգ» թերթն էր, ընդամենը կես տարի է գործել, եւ փակվելու հիմնական պատճառն այն էր, որ Արցախի նախկին նախագահը խաչակրաց արշավ էր ձեռնարկել այս թերթի դեմ։



Այսօր Ղարաբաղում հրատարակվող «Ազատ Արցախ» թերթն ու շրջանային թերթերն ընդգծված իշխանամետ նյութեր են տպագրում։ Լույս են տեսնում նաեւ Դաշնակցության եւ քաղաքական եւս 3 կուսակցությունների պաշտոնաթերթերը, որոնք հիմնականում տպագրում են ներկուսակցական բնույթի եւ այնպիսի նյութեր, որոնք ամենեւին չեն անհանգստացնում տեղի ղեկավարությանը։ Միակ անկախ պարբերականը՝ «Նոր էջը», տպագրվում է 2009թ. հունվարից։ Թերթի խմբագիր Վարդգես Օվյանը պարբերականի գործունեությունը դադարեցնել-չդադարեցնելու վերաբերյալ ասում է. «Առայժմ վերջնական որոշում չենք կայացրել։ Առայժմ պարբերականությունն ենք նվազեցնելու։ Հետո՝ կտեսնենք։ Թերթը տպագրվում է մեր ժողովրդի համար, որն այսօր ազատ արտահայտվելու այլ խոսափող չունի: Իսկ ինչ վերաբերում է մեր հանրապետության «ազատ» կամ «ոչ ազատ» լինելու խնդրին՝ այդ մասին թող իշխանությունները մտածեն, դա նրանց խնդիրն է։ Մենք ոչ մի ցանկություն չունենք որեւէ մեկի համար դիմակի դեր ստանձնելու։



Եթե պարկը պատռված է, ուրեմն պատռված է։ Եթե Արցախում ընդդիմություն չկա, ամենեւին չի նշանակում, թե այդ «պտուղը» մեր լեռնային պայմաններում չի աճում։ Ուրեմն՝ ամեն ինչ արել են, որ այստեղ ընդդիմություն չլինի»։ Իսկ թերթի հանդեպ իշխանությունների կողմից ճնշումներ կա՞ն, Վ. Օվյանը պատասխանեց, որ իշխանությունների կողմից ճնշումներ երբեք չեն եղել։ «Մեր խմբագրություն հասած ոչ մի ազատ խոսք, համարձակ հրապարակում երբեք դուրս չի մնացել,- ասաց նա։- Արցախի նախկին ղեկավարի գահակալության ժամանակ նույնիսկ հանրապետական պաշտոնաթերթում եմ գրել, որ «Ղարաբաղի իշխանությունները շարունակում են Կեւորկովի գիծը»՝ մեր երկրամասի հայաթափումը։ Այսօր Արցախում մնացել են նրանք, ովքեր հնարավորություն չունեն այլ երկիր մեկնելու, եւ նրանք, ովքեր, ինչ էլ լինի, ոչ մի տեղ չեն մեկնելու իրենց հայրենիքից... Նաեւ փոքրաթիվ նրանք, ովքեր այնքան կարողություն են կուտակել, որ թեթեւ վտանգի դեպքում իսկույն կթռչեն եվրոպաներ, ամերիկաներ...»։



Արեգ Վարդանյան