Հայաստան-Ռուսաստան-Բելառուս առանցքը՝ ահաբեկչության լույսի ներքո

Հայաստան-Ռուսաստան-Բելառուս առանցքը՝ ահաբեկչության լույսի ներքո
Օրեր առաջ համաշխարհային պատմության մեջ ռեկորդ գրանցվեց: Բելառուսի անխոնջ նախագահ, Եվրոպայի վերջին բռնապետ, ԲՀԿ առաջնորդի մտերիմ բարեկամ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ օրում կարողացավ հայտնաբերել Մինսկի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչության կազմակերպիչներին ու իրականացնողներին: Այն, ինչ վաղուց չեն կարողանում անել բասկյան հիմնախնդիրն «իրենց կոկորդում զգացող» Իսպանիայում, չեչենական պատերազմը «չմարսող» Ռուսաստանում, մեկ օրում արեցին Բելառուսում:



Իրեն անվերապահորեն սիրող ու վստահող ժողովրդին դիմելով՝ նա հայտարարեց, որ մեկ օր առաջ տեռակտ իրականացրած ահաբեկիչները հայտնաբերվել են, եւ դրանք ոչ թե օտարերկրյա ինչ-որ կազմակերպություններից են, այլ «իրենց երկրի քաղաքացիներ, որոնք նպատակ ունեին սասանել պետության հիմքերը»:



Դժվար չէ, ծանոթ լինելով Լուկաշենկոյի քաղաքական տեխնոլոգիաներին, հասկանալ, որ դրանք իրականում երկրում առկա քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներն էին, որոնց «գլխին սարքելը» «բատյայի» համար որեւէ դժվարություն չէր ներկայացնում: Ոչ մի տեղից չի երեւում, որ բելառուսական ընդդիմության ներկայացուցիչները պետք է մասնակից լինեին իրենց երկրում ահաբեկչական գործողությունների իրականացմանը: Բայց դե, Արեւմուտքը եւ իր անձի հանդեպ նույն Արեւմուտքի վերաբերմունքը «փաթթած» ունեցած Լուկաշենկոյի համար ի՞նչ խնդիր է նման բան բստրելը, առավել եւս, որ քաջ գիտակցում է, թե հատկապես վերջին նախագահական ընտրություններից հետո ի՜նչ քաղաքական վարկանիշ է ձեռք բերել:



«Փաստորեն, անկախ այն բանից, թե իրականում ինչ էր տեղի ունեցել Մինսկի Օկտյաբրսկայա կայարանում, Լուկաշենկոն, ըստ երեւույթին, կիրառում է նույն մեխանիզմը, ինչ տասնամյակներ առաջ հաջողությամբ իրականացնում էր Ստալինը կամ Ադոլֆ Հիտլերը: Վերջինս, եթե հիշում եք, սեփական Ռեյխստագն այրեց, որպեսզի դրանով սադրեր իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարը: Ինչո՞ւ ենք այդքան հեռու գնում:



Ուղիղ տասը տարի առաջ՝ 2001-ի սեպտեմբերի 11-ին Ջորջ Բուշ-կրտսերը Առեւտրի կենտրոնների վրա տեղի ունեցած իբր արտաքին միջամտությունից հետո քաղաքական պսիխոզ բարձրացրեց` «արտաքին թշնամու կերպար» հրահրելու նպատակով` ի դեմս Սադամ Հուսեյնի ու Ուսամա բեն Լադենի: Միայն թե՝ Լուկաշենկոն արտաքինի փոխարեն ներքին թշնամիների խնդիր ունի:



Թե որքանով Լուկաշենկոյին կհաջողվի նման քաղաքական տեխնոլոգիաներ իրականացնել, կախված է այն բանից, թե դեռ որքան ժամանակ կզգա Մոսկվայի հուսալի մեջքը: Բայց մենք գիտենք, որ ռուսական եւ  ընդհանրապես` ցանկացած դիվանագիտություն մշտական չէ, անգամ երկարաժամկետ չէ, ամեն ինչ կախված է իրավիճակից ու շահերից:



Իսկ մենք, հետեւելով բելառուսական իրադարձություններին, ուղղակի պարտավոր ենք երախտագիտության զգացումով լցվել մեր իշխանությունների հանդեպ: Բելառուսականի համեմատ «մերոնք» հանդուրժողականության էտալոն են, սկանդինավյան ժողովրդավարության «հայաստանյան տեղայնացում»: Միայն թե՝ հայաստանյան ու բելառուսական իշխանություններին «նայողը» Կրեմլն է, ու երկուսի երկարաժամկետությունն էլ միանշանակ կախված է այն բանից, թե այնտեղ ինչ իրավիճակ է` ամո՞ւր է հողը Մեդվեդեւ-Պուտին տանդեմի ոտքերի տակ, կայու՞ն է կրեմլյան քաղաքական դիրքորոշումը:



Լեւոն Գեւորգյան