Հիդրոէլեկտրակայա՞ն, թե՞ ջրերի գործարան

Հիդրոէլեկտրակայա՞ն, թե՞ ջրերի գործարան
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում երեկ տեղի է ունեցել քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի քաղհայցի քննությունը: Դատական երեկվա նիստին մասնակցել է անձամբ Սասուն Միքայելյանը: Ի դեպ, նիստերին մասնակցության իրավունքը նա ստացել է նախորդ նիստի ժամանակ, երբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նունե Պողոսյանը բավարարել է փաստաբանի ներկայացրած համապատասխան միջնորդությունը:



Նշենք, որ Սասուն Միքայելյանը դատարանում բողոքարկում է կառավարության որոշումը, որով Կոտայքի մարզի Արտավազդ գյուղական համայնքի վարչական շրջաններում գտնվող՝ իրեն պատկանող տարածքները ճանաչվել են հանրային գերակա շահ: Ըստ մամուլի հրապարակումների, արաբ մի շեյխ այդ տարածքում նախատեսել է ջրերի գործարան կառուցել, մինչդեռ Միքայելյանն այդ տարածքում ծրագրել էր կառուցել հիդրոէլեկտրակայան: Չնայած դատական նիստը բաց է եղել, սակայն լրագրողներին, բացառությամբ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի, թույլ չեն տվել մասնակցել եւ նիստը լուսաբանել:



Նիստից հետո դատարանում Սասուն Միքայելյանի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Հովսեփյանը տեղեկացրել է՝ իրենց փաստարկն այն է, որ կառավարության որոշման մեջ նշված էր, որ գերակա հանրային շահ է ճանաչվել գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ, «մինչդեռ Սասուն Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը էներգետիկայի նշանակության են: Ըստ հողային օրենսգրքի՝ գյուղատնտեսական եւ էներգետիկայի նշանակության հողերը տարբեր կատեգորիաների են դասվում, հետեւաբար նշված հողատարածքը չէր կարող օտարվել»: Գործի քննությունը պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել է: