Նախկին փոխնախարարը հեռանում է Հայաստանից

Նախկին փոխնախարարը հեռանում է Հայաստանից
Առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, ով աշնանը շուրջ 10 տարվա իր պաշտոնը լքելուց հետո աշխատում էր Ազգային ժողովի առողջապահության, մայրության ու մանկության հանձնաժողովում՝ որպես փորձագետ, օրերս ազատման դիմում է գրել ու պատրաստվում է մեկնել Հայաստանից: Երկուշաբթի նա մեկնում է աշխատելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում: Երեկ զրուցեցինք նախկին փոխնախարարի հետ:



- Պարոն Հակոբյան, որոշել եք հեռանա՞լ Հայաստանից: Գո՞հ չէիք Ազգային ժողովում Ձեր կարգավիճակից:



- Ես շնորհակալ եմ Ազգային ժողովի ղեկավարությանը, համապատասխան հանձնաժողովի նախագահին եւ տեղակալին իմ գիտելիքները եւ փորձը գնահատելու ու թեկուզ կարճատեւ, սակայն արդյունավետ աշխատանքի համար: Ինչ վերաբերում է Ձեր առաջին հարցին, ապա այն իրականում շատ ցավոտ հարց է, ես Հայաստանից չեմ հեռանում, ես մեկնում եմ աշխատանքի, որը միջազգային ասպարեզում ինձ նոր, հետաքրքիր հնարավորություններ է ընձեռում` գիտելիքներն ու փորձը կիրառելու եւ հարստացնելու, նոր հմտություններ ձեռք բերելու եւ մասնագիտական հետագա զարգացման համար: ԱՀԿ-ում աշխատանքի առաջարկ ես ունեի դեռեւս մեկ տարի առաջ, սակայն այն ժամանակ ես գերադասեցի մնալ Հայաստանում:



- Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները ՀՀ առողջապահության նախարարության հետ Ձեր հրաժարականից հետո:



- Ես արդեն նշել եմ իմ հրաժարականի պատճառների մասին, եւ վերաբերմունքս համարժեք է այն մթնոլորտին, որն առկա է համակարգում: Շնորհակալ եմ բոլոր այն անձանց, ովքեր իրենց համերաշխությունը հայտնեցին ինձ համար որոշ առումով դժվար պահին: Իսկ որոշ մարդիկ... հուսով եմ՝ արդեն ափսոսում են իրենց արարքների համար: Անկախ տարաձայնություններից եւ դժվարություններից, որ ես ունեցել եմ իմ որոշ գործընկերների հետ, առողջապահության նախարարությունը մնում է ինձ հարազատ` երկրորդ տուն, որովհետեւ այնտեղ եմ անցկացրել իմ ժամանակի մեծ մասը, ձեռք եմ բերել մասնագիտական գիտելիքներ, կառավարման հմտություն եւ փորձառություն ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային ասպարեզում: Ես նայում եմ առաջ:



- Այնուամենայնիվ, Ձեր հրաժարականից ամիսներ անց կխնդրեի ասեիք հիմնական խնդիրները, որոնց շուրջ  տարաձայնություններ եք ունեցել նախարարությունում:



- Ամեն ինչ այնքան ակնհայտ է, առավել եւս` հասկացողների համար: Ես կարող եմ թվարկել հիմնախնդիրները, սակայն այս պահին նպատակահարմար չեմ գտնում դա անել: Երբ դրա քաղաքական պահանջը լինի, այն ժամանակ կխոսենք:



- Իսկ ի՞նչ պաշտոն եք զբաղեցնելու եւ ի՞նչ գործառույթներ եք իրականացնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:



- Առաջին փուլում ես կաշխատեմ առողջապահության համակարգերի եւ հանրային առողջության հարցերով ավագ խորհրդատուի պաշտոնում: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում անդամակցում են 53 երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն, եւ ներկայում մշակվում է Եվրոպական առողջության նոր քաղաքականություն, որի բաղադրիչներից են հանրային առողջապահության զարգացումը եւ համակարգային բարեփոխումներում, եւ ընդհանուր առմամբ համակարգի կառավարման մեջ հանրային առողջապահության մասնագետների դերի բարձրացումը: Ես զբաղվելու եմ վերոնշյալ խնդիրների լուծմամբ:



- Նաեւ` ի՞նչ հարաբերություններ եք ունենալու ՀՀ առողջապահության նախարարության հետ Ձեր նոր պաշտոնում:



- Ամենասերտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անցած 15 տարվա ընթացքում էական աջակցություն է ցուցաբերել ՀՀ առողջապահության նախարարությանը, եւ այն շարունակական է: Շատ լավ եմ հասկանում, թե ինչպիսի պատասխանատվության պայմաններում են աշխատում իմ գործընկերները, եւ ինչ ահռելի աշխատանք կա կատարելու, ուստի անկեղծորեն  մտահոգ եմ եւ հաջողություն եմ մաղթում նրանց: