...Եւ մի գեղեցիկ օր «Azery world» կկարդանք

...Եւ մի գեղեցիկ օր «Azery world» կկարդանք
Վիկտոր Սողոմոնյանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է: Ճիշտն ասած, գլուխ հանելը բավականին դժվար է` ի՞նչ է նշանակում գրասենյակի ղեկավար: Հավանաբար այդ հարցի պատասխանը տրված է Վիկտոր Սողոմոնյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի մեջ: Հետեւաբար, թող մեզ թույլ տրվի ասել, որ Վիկտոր Սողոմոնյանը բոլորովին վերջերս, գոնե Քոչարյանների ընտանիքի շահերի պաշտպանության մասով, հանդես էր գալիս առնվազն հայտնի ֆիլմի` «Ավագ քեռու փոխարեն` ես» հայտնի արտահայտության ընձեռած իրավասության շրջանակներում: Սա՝ իմիջիայլոց:



Վիկտոր Սողոմոնյանը, եթե հաշվի առնենք Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների նրա գործունեությունը, պետք է որ թերթերի եւ լրագրողների հետ աշխատելու խնդիրներ չունենար: Ավելին ասենք` պետք է որ կարողանար միմյանցից տարբերել թերթերն ու անմիջապես ընկալեր տարբեր թերթերում տեղ գտած հրապարակումների շարժառիթներն ու նպատակները:



Վերջապես նա պարտավոր էր ընդունել, որ թերթը եւ լրագրողն իրավունք ունեն տպելու եւ գրելու այն, ինչ իրենք են համարում անհրաժեշտ: Վերջին հաշվով, որեւէ մեկը մինչ օրս Վիկտոր Սողոմոնյանին դատի չի տվել ազատ արտահայտվելու, նաեւ այն բանի համար, որ նա հանդես է եկել բազմաթիվ հայտարարություններով ու հարցազրույցներով, որոնց մեջ, հատկապես քաղաքական հակառակորդներին ուղղված, լուրջ վիրավորանքներ ու պիտակավորումներ են եղել: Չխորանանք:



Այսուհանդերձ, մեզ թվում է, որ Վիկտոր Սողոմոնյանը, իսկ նրա պատճառով՝ նաեւ Ռոբերտ Քոչարյանը, շատ վատ են պատկերացնում հայկական մասմեդիան եւ հատկապես թերթերն ու նրանց գործունեության սկզբունքները: Տեսեք որտեղ է թաղված շան գլուխը: Սողոմոնյանը մեկ-երկու օր առաջ, փորձելով ներկայացնել եղելությունը, «Հայոց աշխարհին» ասել էր. ««Հրապարակ» թերթում տպագրվեց մի հոդված, որտեղ բացահայտ վիրավորական արտահայտություններ կային հանրապետության երկրորդ նախագահի հասցեին»։



Շատ լավ: Իսկ ի՞նչ պետք է աներ պարոն Սողոմոնյանն այդ հոդվածը կարդալուց հետո: Այո, առաջին հերթին այն պետք է ցույց տար իր ղեկավարին: Հետո պետք է երկուսով մտածեին ինչ անել: Եթե մի քիչ մտածեին, Սողոմոնյանն անձամբ հերքման տեքստ կգրեր եւ կներկայացներ «Հրապարակին»` տպագրելու պահանջով կամ խնդրանքով` ինչպես ինքը կգտներ հարմար:



Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվեր մի ազատ թերթ, որ ընդգծված ակնածանք չտածեր ՀՀ թեկուզ նախկին նախագահի ինստիտուտի հանդեպ եւ մերժեր նրա ներկայացուցչի պահանջ-խնդրանքը: Իսկ եթե նույնիսկ մեղադրանք հնչեցրած թերթն էլ չհամաձայներ տպագրել Սողոմոնյանի ներկայացրած տեքստը, ապա մյուսները համապատասխան մեկնաբանություններով եւ ավելի ճոխ կանդրադառնային մերժման փաստին ու իրար ձեռքից կխլեին այդ տեքստը` իրենց էջերում զետեղելու համար: Հայկական մասմեդիայի աշխարհից ցանկացած մարդ կհաստատի սա:



Ուզում ենք ասել` շուկայում առկա մրցակցությունն ու նաեւ տվյալ թերթի շահերն են պահանջում, որ թերթը մինչեւ վերջ բացահայտի իր նախընտրած թեման եւ հասարակությանը ներկայանա իր անաչառությամբ: Փոխարենը, ինչպես Սողոմոնյանն է ասում` Ռ. Քոչարյանի գրասենյակը դիմեց դատարան` պահանջելով վերականգնել Ռոբերտ Քոչարյանի բարի համբավը, պարզ ասած` ներողություն խնդրել։ Սա է եղել ընդամենը։



Ուզում է ասել` ի՞նչ ենք արել որ, պահանջել ենք թերթին դատի տալ եւ դատական կարգով վերականգնել մեր իրավունքներն ու բարի համբավը: Զարմանալի է, բայց Սողոմոնյանը, իսկ նրա հետ՝ նաեւ ՀՀ երկրորդ նախագահը, մինչ այս պահն էլ չեն գիտակցում այն պարզ ճշմարտությունը, որ բարոյականության հարթության մեջ այն, ինչ «կարելի է եզին, չի կարելի Զեւսին»: Ե՞ս պետք է Սողոմոնյանին եւ նրա ղեկավարին հասկացնեմ, որ աշխարհի ոչ մի թերթ ի զորու չէ խայտառակել որեւէ պետության ղեկավարի` լինի ներկա թե նախկին:



Այլ հարց է, որ թերթի միջոցով դա փորձեն անել նրա քաղաքական հակառակորդները: Ուրեմն, պետության ղեկավարը՝ լինի ներկա, թե նախկին, պետք է հստակ գիտակցի, թե որտեղից է գալիս գոտկատեղից ներքեւ հասցվող հարվածը, ո՞վ է կանգնած դրա հետեւում, եւ նրա օձիքը հավաքի, այլ ոչ թե 2-3 հազար տպաքանակ ունեցող խեղճուկրակ թերթինը, որի մտահոգությունների 90 տոկոսն են կազմում տպարանային հոգսերը:



Եթե մեկն այցելեր Սողոմոնյանի գրասենյակ եւ նրանից 6 միլիոն դրամ պահանջեր, որպես փոխհատուցում Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին քաշած զանազան դժվարությունների եւ կրած վիրավորանքների, նրան չգիտեմ որ հարկից ներքեւ կգցեին: Դե իսկ եթե դատարան դիմած լիներ` ընդհանրապես իզնութոզը կկորցնեին: Հիմա պարոն Սողոմոնյանն ուզում է, որ թերթերն իրենց վեց-վեց միլիոն տան` դատական ծախսերի եւ բարոյական վնասի հատուցման համար:



Օրենք է, եղբայր, ինչ կարող ես անել, մանավանդ որ փողի չափը որոշում է դատարանը: Սպասեք հալա` Վիկտոր Սողոմոնյանը, իսկ նրա պատճառով՝ նաեւ Ռոբերտ Քոչարյանը համաձայն են իրենց բարի համբավն ընդամենը երեք միլիո՞ն գնահատել: Ասենք, որ այդքան, դեռ մի բան էլ ավելի, իրենց բարի համբավը գնահատողներ արդեն եղել են ու այս պահին էլ կան: Այնպես որ, վատ չէր լինի դատարանի ուշադրությունը հրավիրել սույն փաստի վրա: Չի կարելի, հասկանո՞ւմ եք, «Торг здесь не уместен»: Խոսքը, նորից եմ կրկնում, նախագահի մասին է եւ ոչ թե ինձ նման մեկի: Հետեւաբար, պետք է ընդունել` եթե Ռոբերտ Քոչարյանը հակառակորդ էլ ունի, ապա նրանց պետք է փնտրել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի մակարդակներում եւ ոչ թե «Հրապարակ» թերթի լրագրողների մեջ:



Ամփոփելով Վիկտոր Սողոմոնյանի հետ այս, գուցեեւ չստացված զրույցը` նրա ուշադրությունը կուզեի հրավիրել մի շատ սրտաճմլիկ փաստի վրա: Պարզվում է, որ թերթերից ստանալիք գումարները Քոչարյանների ընտանիքն ու Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տրամադրելու են մանկատներից մեկին կամ փոխանցելու են «Համահայկական հիմնադրամին»: Անկեղծորեն ասած` շատ ցավալի է:



Բանն այն է, որ նման հայտարարություններով սեփական դեմքը փրկելու փորձեր մի քանի շարքային վիրավորվածներ արդեն արել են, եւ կարիք չկար Քոչարյաններին էլ նրանց շարքը դասել: Եթե ՀՀ նախագահն ու նրա ընտանիքը մանկատներին կամ «Համահայկական հիմնադրամին» պատրաստ են փող տալ, առնվազն պետք է տան սեփական քրտինքով աշխատած փողը եւ ոչ թե դատարանի ջանքերով լրագրից պոկածը: Երեխաներն այդ փողը չեն կարող ուտել, պարոն Սողոմոնյան, այդ փողով ճանապարհ ու ջրագիծ չի կառուցվի:



Եվ վերջում, որպես երբեմնի կոլեգայի, ականջդ բեր ասեմ` կփակե՞ք «Հրապարակը»` լույս կտեսնի «Չ’Հրապարակը», կփորձեք խեղդե՞լ «Երկիրը», հանգիստ կշնչի «Արտերկիրը», կկանգնեցնե՞ք «Հայկական ժամանակը», կաշխատի «Թրքիշ թայմզ»-ը: Հետո՞…



Ի դեպ` գործը հասել է հայկական կայքերին: «Report.am»-ից ու նրա թղթակցից, դատական ծախսերը չհաշված, 4 միլիոն ուզող է հայտնվել: Ազգանունը` Բաբուխանյան: Խիստ վիրավորված է երեւում եւ Ռոբերտ Քոչարյանին էլ «շա՜տ է սիրում»: Ի՞նչ անեն կայքն ու լրագրողը, փողը տան գնա՞: Ասեմ, որ նրանց հրապարակման հերոսը դեռ չի հասցրել մանկատների մասով հայտարարություն անել, եւ լուրջ հիմքեր կան մտածելու, որ այդ գումարը ՀՀ չափահաս քաղաքացի Բաբուխանյանը ծախսելու է, Քոչարյանի ու նրա ընտանիքի դեմ հակաքարոզչություն անելով, ԱԺ անցնելու համար:



 



Ի՞նչ, այս տեղեկություններն ինձ откуда?: От верблюда, պարոն Սողոմոնյան: Բանն այն է, որ այդ գումարի ուղիղ կեսն ինձանից է ուզում Բաբուխանյանը: Այսինքն` Էդիկ Անդրեասյանից