Ադրբեջանն ընդդեմ իսլամի

Ադրբեջանն ընդդեմ իսլամի
Ադրբեջանում շարունակվում են ճնշումները կրոնական ծայրահեղ խմբավորումների նկատմամբ, որոնք, երկրի անվտանգության ծառայության տվյալներով, աջակցություն են ստանում արաբական երկրներից եւ Իրանից: Ապրիլի 15-ին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները Գորագան գյուղի բնակիչ Ֆարհադա Յուսուբովի տնից հայտնաբերել եւ առգրավել են ապօրինի կրոնական գրականություն: Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Յուսուբովը զբաղվել է ծայրահեղ կրոնական աղանդի քարոզչությամբ: Դեպքի առթիվ տարվում է նախաքննություն:



Նշենք, որ Ադրբեջանն արգելում է պետական կառույցներին եւ անհատներին կրոնական գրականություն տարածել` դա դիտելով որպես ազգային անվտանգության սպառնալիք: Նույն օրը տեղեկատվություն ստացվեց, թե քրիստոնեական Մոլդովան օրինականացրել է իսլամը: Այսուհետ մոլդովացի մուսուլմանները, որոնց թիվը չի անցնում ընդհանուր բնակչության 2 տոկոսը, իրավունք ունեն մզկիթներ կառուցել, խմբակային աղոթքներ անցկացնել, ինչպես նաեւ ազատորեն հայտարարել իրենց կրոնական պատկանելության մասին: