Ամերիկան գիտի ինչ է ուզում, բայց չգիտի ինչպես հասնի ուզածին

Ամերիկան գիտի ինչ է ուզում, բայց չգիտի ինչպես հասնի ուզածին
Անընդհատ ինչ-որ բան խանգարում է ԱՄՆ-ին աշխարհի սեփականատերը դառնալու համար: Հիմա էլ չինացիներն են որոշել կանգնել ամերիկյան երազանքի ճանապարհին, այն էլ` օգտագործելով ամերիկացիների սեփական զենքը` դոլարը: Եթե ԱՄՆ-ն մի օր ի լուր աշխարհի հայտարարեր, որ հոգնել է շեղաչքներից, ոչ ոք չէր զարմանա, բայց նա այդ չի անի, որովհետեւ քաղաքական էթիկետը պարտադրում է ասել այն, ինչ չես մտածում, անգլերենը, որ իսկական քաղաքականության լեզուն է՝ նույնպես: Ամերիկացին եթե ուզում է «ոչ» ասել, պիտի ասի` «ինձ այդպես չի թվում», կարծես տեղ թողնելով սխալվելու հավանականության համար:



Անգլերենը հայերեն չէ, որ մի բռի «չէ» շպրտես ու պրծնես, էն էլ չինացիների երեսին, որ ուզեն` մի օրում երկիրդ հողին կհավասարեցնեն: Անգամ Ամերիկայի պես երկիրը: Չինաստանը երկար տարիներ հողին հավասարեցնելով էլ զբաղված է, միայն ոչ թե երկրները, այլ նրանց տնտեսությունը: Եվ շատ հաջող է լուծում իր առջեւ դրված խնդիրները: ԱՄՆ-ն միլիարդներ է ծախսել իր մշակույթն աշխարհում տարածելու համար: Սա հենց այն բնագավառն է, որտեղ ժլատություն անելը հիմարություն է: Մշակույթդ վերցրի՞ն, ուրեմն ապրանքդ էլ կյուրացնեն. ապրանքը մշակույթի կարեւոր տարր է: Հենց այդպես էլ եղավ, որ Ամերիկայից ջրով ու ցամաքով բաժանված մեր խուլ ծակուռում սկսեցինք Էմինեմ լսել ու ջինս հագնել: Կլիպներում ու կինոներում ջինս էին հագնում՝ մենք էլ ենք հագնում: Կոլա են խմում՝ մենք էլ կխմենք: Ինչո՞վ ենք ամերիկացիներից պակաս:



ՉԻՆԱՍՏԱՆԸ ԳԻՏԻ, ՈՐ ՈՒՆԻ ՈՒԶԱԾԸ



Ու հիմա Չինաստանը, կոպեկ չծախսելով, որոշել է ամերիկացիներից խլել համաշխարհային շուկան: Գրեթե խլել է: Էժան գներով: Չինաստանը արտահանվող ապրանքի գինը հաստատուն ցածր է պահում` պետք եղած դեպքում արժեզրկելով սեփական դրամը եւ անգամ (հեքիաթի նման է հնչում, բայց ստիպված ենք հավատալ) բարձրացնելով դոլարի արժեքը: Չինաստանն աշխարհում ամենամեծ արտարժույթի ռեզերվի սեփականատերն է` երեք տրիլիոն դոլար է պահում-շահում, հենց դոլարը սկսում է «նվաստանալ»: Չինացին` հոպ, դոլար է գնում, եւ այն նորից գրավում է իր դիրքերը:



Արդյունքում` չինական ապրանքը, որն արտադրելու համար միայն էժան յուեն  է ծախսվում, մնում է էժան եւ շարունակում  համաշխարհային գրոհը: Ամերիկացին անզորությունից բռունցքներն է սեղմում ու կրճտացնում ատամները (թաքուն իհարկե), բացահայտ խոսում է «համաշխարհային տնտեսությանը առանձին երկրների ներկայացրած սպառնալիքի մասին» եւ լուծումներ առաջարկում: «Լուծողական» առաջարկների մի փաթեթ հենց հիմա հանգրվանել է Քսանի խմբի սեղանին, որի անդամներից են ԱՄՆ-ն ու Չինաստանը: Խնդիրը տարածական է (ամենանյութական իմաստով) այնքանով, որքանով արդի է Քսանի խմբի մյուս երկրների համար նույնպես: Քսանը բաժանվել է անհավասար երկուսի, եւ ցանկացած դպրոցական, քսանը երկուսի բաժանելիս, պետք է ոչ թե տասը, այլ յոթ եւ տասներեք ստանա:



Քանի որ Չինաստանն առնվազն երեք երկիր արժե, նա գլխավորում է յոթնյակի ոչ պաշտոնական, սեպարատիստական դաշինքը` Ռուսաստանի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Բրազիլիայի հետ կառավարելով ներքին արժույթի տատանումները եւ ցածր պահելով արտահանվող ապրանքի գինը: Մյուս երկրներն այն խեղճուկրակ զարգացած երկրներն են, որոնց արժույթը տատանվում է պահանջարկին համապատասխան, եւ որոնք չեն կարողանում էժան ապրանք արտահանել: Որոշել են «սխոդկա» անել, բազմանդամ տասնյակը՝ բնականաբար Վաշինգտոնում, մարդառատ տասնյակը` բնականաբար Չինաստանում:



Քանի որ քոնն առաջ տանելու համար, այնուամենայնիվ, քանակից բացի որակ է պետք, Չինաստանը կանխատեսում է, որ իրեն երկար թույլ չեն տա դոլարի «առեւտրով» զբաղվել, ու կամաց-կամաց փորձում է արտադրանքն ուղղել ներքին շուկային: ԱՄՆ-ն էլ իր հերթին գիտակցում է, որ որքան էլ փորձի Չինաստանին պարտադրել այնպիսի ստանդարտներ, որոնք կխոչընդոտեն էժան ապրանքի արտահանմանը, նրան անսահման հաջողություն ու սուր միտք է պետք գալու: Սուր մտքի առումով ամերիկացիներին տեղեկացնեմ, որ դեռ չեմ պատրաստվում Հայաստանը լքել, իսկ հաջողությունը կաղ է ու միակնանի: Հատկապես ֆինանսական հարցերում: Էնպես որ, դեռ երկար կսպասեն:



Մենք էլ դեռ մի տասը տարի, ամենայն հավանականությամբ, վայելելու ենք չինական տեխնիկան: Թե էդ որ մի չինական տեխնիկան է տասը տարի ծառայել: Լրագրողը միշտ էլ չգիտի ինչ է խոսում: Առանց իմանալու խոսելը նրա մասնագիտությունն է:



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ