48 տարի հետո Սիրիայում վերացվել է արտակարգ դրությունը

48 տարի հետո Սիրիայում վերացվել է արտակարգ դրությունը
Սիրիայի կառավարությունը երկրում արտակարգ դրության վերացման մասին որոշում է ընդունել, հաղորդում է լրատվության պետական գործակալությունը։ Ներքին գործերի նախարարի խոսքերով, համապատասխան օրենքն արդեն ընդունվել է կառավարության կողմից, մնում է միայն, որ այն ստորագրի նախագահ Բաշար Ասադը։ Նախարարի խոսքերով, քաղաքական որոշումն արդեն ընդունված է, իսկ նախագահի ստորագրությունը ձեւական բնույթ է կրում։



Միաժամանակ ներքին գործերի նախարարն ավելացրել է, որ արգելվում է երկրում ցանկացած չարտոնված հանրահավաքների կազմակերպումը։ Այս երկու հայտարարությունները հակասում են միմյանց, քանի որ մասսայական միջոցառումների արգելքը եւ դրանք ճնշելու՝ ոստիկանությանն ընձեռված լայն իրավունքներն ապահովվում էին հենց արտակարգ իրավիճակի ռեժիմի սահմաններում։



Արտակարգ իրավիճակը Սիրիայում տեւել է 48 տարի։ Դրա վերացման մասին նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր շաբաթ օրը։ Նշենք, որ Ասադը, ով իր պաշտոնը ժառանգել է հորից, իշխանության ղեկին է արդեն 11 տարի։



Երկուշաբթի օրը մոտավոր հաշվարկներով 5 հազար ցուցարարներ զբաղեցրել էին Խոմս քաղաքի կենտրոնական հրապարակը, խոստանալով շարունակել ակցիան, քանի դեռ իշխանության ղեկին շարունակում է մնալ ներկայիս նախագահ Բաշար Ասադը։ Իրավապահները նախ խնդրել էին ցուցարարներին լքել հրապարակը, ապա նրանց դեմ կիրառել արցունքաբեր գազ եւ մարտական փամփուշտներ։



Որոշ տվյալների համաձայն, ոստիկանության հետ ընդհարումների ժամանակ զոհվել է մի քանի ցուցարար, սակայն այս տեղեկությունը դեռ չի հաստատվում։ Արդյունքում հրապարակը մաքրվել է ցուցարարներից։ Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի շաբաթների ընդհարումների ժամանակ Սիրիայում զոհվել է մոտ 200 մարդ։ Ցույցերը դեռ շարունակվում են։