Քադաֆին կողմ է ազատ ընտրությունների անցկացմանը

Քադաֆին կողմ է ազատ ընտրությունների անցկացմանը
Լիբիայի արտգործնախարար Աբդուլ Աթի ալ-Օբեյդին արեւմտյան ԶԼՄ-ներին տված հարցազորւյցում հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է ընտրություններ անցկացնել, հաղորդում է The Guardian-ը։ Պաշտոնյայի խոսքերով, վարչակարգը դեմ չէ, որ ընտրությունների ընթացքին հետեւեն միջազգային դիտորդները։ Սակայն նա միաժամանակ պարզաբանել է, որ ընտրություններ հնարավոր կլինի անցկացնել զինված ընդհարումների ավարտից կես տարի անց միայն։ Իսկ մինչ այդ, նշել է նախարարը, երկիրը կարող է կառավարվել ազգային միասնության անցումային կառավարության կողմից։ Արտգործնախարարի հայտարարությունները տարբերվում են Տրիպոլիի այլ պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններից։



Մասնավորապես, ալ-Օբեյդին նշել է, որ ընդդիմադիրները նույնպես լիբիացնիներ են, «մեր եղբայրներն են», որոնց հետ կարելի է ընդհանուր լեզու գտնել։ Արտգործնախարարն ավելացրել է, որ միջազգային հանրությունը պետք է իրենց հնարավորություն տա բոլոր հարցերը լուծել ինքնուրույն։ Ավելի վաղ լիբիական իշխանությունների ներկայացուցիչները կտրականապես հրաժարվում էին «առնետների, շների եւ խավարասերների» հետ բանակցություններ վարելուց։ Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, նույնպես պնդում էր, որ ընդդիմության հետ ոչ մի բանակցություն լինել չի կարող, քանի որ դրա շարքերում միայն ահաբեկիչներ, ավազակներ եւ իսլամիստներ են։

Վերջին շաբաթների ընթացքում ո՛չ կառավարական զորքերը, ո՛չ ընդդիմությունը մարտի դաշտում լուրջ հաջողությունների չեն հասել։



Ավելացնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Փարիզում նախատեսում է հանդիպել լիբիացի ընդդիմադիրների առաջնորդ Մուսթաֆա Աբդել Ջալիլի հետ, հաղորդում է Al Jazeera-ն։ Այդպիսով, Սարկոզին արեւմտյան առաջնորդներից առաջինն է, ով ճանաչում է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի օրինականությունը։