Տխուր է...

Տխուր է...
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Հայաստանում միանշանակ կայացած կառույց չէ: Բոլոր օմբուդսմենների օրոք էլ այս խնդիրը եղել է: Միայն մեկ անգամ՝ 2008-ի մարտյան դեպքերից հետո, ՄԻՊ Արմեն Հարությունյանը, ձերբազատվելով իշխանական հրահանգներից, իշխանություններին միանշանակորեն եւ անվերապահորեն ենթարկվելու պարտադրանքից, կարողացավ շատ կարճ ժամանակ անկախություն ցուցաբերել, որը, սակայն, շատ շուտ մոռացության մատնվեց:



...Արդեն 2009 թվականից նույն Արմեն Հարությունյանն ընդամենը փորձում էր «անաչառ» երեւալ: «Ոչ նալին, ոչ մեխին». կարծես այս մոտեցումն էր ընկած նրա՝ նախկին ՄԻՊ-ի գործելաոճի հիմքում: Իսկ ընդհանուր առմամբ, մնացած բոլոր ժամանակներում, այդ թվում՝ այսօր, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը չունի ոչ միս, ոչ արյուն, որեւէ ձեւով չի տարբերվում պետական ցանկացած սովորական կառույցից: Հրահանգավորված աշխատում են, հրահանգավորված անում ամեն ինչ:



Հստակ չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի Կարեն Անդրեասյանի օրոք, բայց տեսնելով նրա ՄԻՊ գործունեության սկիզբը, տխուր է... Առավել եւս չեմ կարծում, որ հանրությունը, հայ հասարակությունը որեւէ մեծ ակնկալիք ունի ՄԻՊ ինստիտուտից: Հատկապես քաղաքականապես ակտիվ մարդիկ, ովքեր փորձում են երկրում ինչ-որ բան փոխել, այդ թվում հասարակական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները, չեմ կարծում, որ իրենց հույսերը կապում են օմբուդսմենի գրասենյակի հետ, եւ չեմ կարծում, թե նրանց թվում է, թե ինչ-որ դրական բան այնտեղից կարող են տեսնել, առավել եւս՝ աջակցություն ստանալ:



Այս առումով լավատեսական ոչինչ ասել եւս չեմ կարող: Հասարակության վերաբերմունքն ինստիտուտի եւ ՄԻՊ-ի նկատմամբ փոխելու համար միայն ու միայն անկախություն է պետք դրսեւորել, մարդու իրավունքների պաշտպանի ակնհայտ երեւացող անկախություն իշխանություններից եւ իսկապես  անաչառություն: Ընդհանրապես, եթե  որեւէ պետական պաշտոնյա, առավել եւս օմբուդսմենը, լինի անկախ, անգամ երբ փորձ  անի անկախության նշաններ ցուցաբերել, մարդիկ, հասարակությունը միանգամից դա կտեսնեն եւ հաստատ կգնահատեն: Վստահություն ձեռք բերելու միակ ելքն անկախությունն է:



Վարդան Հարությունյան



իրավապաշտպան