Եվրոպացի Վարդանիկը

Եվրոպացի Վարդանիկը
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Մոտ ապագայում, հատուկ Ամենափրկիչի տեսքը պահպանելու համար, հատելու ենք բոլոր եղեւնիները, որոնք գտնվում են հրապարակում, որպեսզի ստանա եվրոպական տեսք»: Եվ ավելացրել. «Աստված պահապան բոլորիս»:



Աստվածապաշտ քաղաքապետը երեւի առաջնորդվել է աստվածաշնչյան հայտնի խոսքով՝ «եթե ծառը բարի պտուղ չի տալիս, ապա կտրիր եւ գցիր կրակը». քանի որ եղեւնիները պտուղ չեն տալիս, որոշել է գնալ այդ քայլին: Գյումրիում արդեն մեկ ամիս է, ինչ այս հարցի առնչությամբ համառ պայքարի են դուրս եկել բնապահպանական  հասարակական կազմակերպությունները եւ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը:



Ավելի քան 30 ՀԿ-ներ, Գյումրիում կազմակերպված քննարկումների արդյունքում հաջողության չհասնելով, նամակով դիմել էին ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ պահանջելով պահպանել բոլոր ծառերը: Խնդրի լուծման համար նախարարը  ապրիլի 18-ին հատուկ խումբ է ուղարկել Գյումրի, եւ հերթական քննարկման ժամանակ նրանք հայտարարել են. «Եթե ծառը չի համապատասխանում քաղաքի տեսքին, պետք է այն փոխել կամ տեղահանել: Ծառն ինքնանպատակ չպետք է լինի»: Ինքնանպատակ կարող են լինել միայն պաշտոնյաները: