Բիզնես՝ աշակերտների հաշվին

Բիզնես՝ աշակերտների հաշվին
Եղեռնի օրվա նախօրեին` ապրիլի 23-ին, Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը հանդես է եկել մի յուրօրինակ նախաձեռնությամբ՝ մարզի դպրոցներին կրկեսի տոմսեր է վաճառում: Ըստ դպրոցի տնօրենների` պարտադրում են 10-50 հատ տոմս, հատը` 1500 դրամով, եւ այդ գումարները տնօրեններից շատերն իրենց սեփական գրպաններից են վճարելու, որովհետեւ աշակերտներից շատերն ի վիճակի չեն վճարել, իրենք էլ վճարում են, քանի որ չեն ցանկանում հակասություններ ունենալ վերադասի հետ:



Տնօրեններից մեկն ասաց, որ մարզպետարանը, հատկապես կրթության  վարչությունը, միշտ դպրոցների նկատմամբ իր լիազորությունները գերազանցում է, իսկ ճիշտ կլինի ասել՝ դպրոցի տնօրենի ֆունկցիան իրականացնում է մարզպետարանը, որին բոլորովին չի հետաքրքրում` կրկեսի տոմսերը կվաճառվեն, թե ոչ:



Հետաքրքիր է միայն, որ գումարն ըստ տոմսերի քանակի վճարես: Չնայած դրան՝ տնօրեններից ոչ մեկը չի ցանկանում, որ իր անունը թերթում նշվի: Հասկանալի է, որ դրան կհետեւի աշխատանքից ազատվելու հրամանը, սակայն մի կողմից էլ պարտադրված չարաշահումները մի օր այդ տնօրեններին դատարանի դուռ կտանեն: Եղել են այդպիսի փաստեր, եղել են նաեւ Վերահսկիչ պալատի ստուգումներ, որոնց արդյունքում որոշ կրթօջախներ հայտնվել են «սեւ ցուցակներում»:



Դեռ մինչեւ անցյալ տարի, սկսած 2008թ. երկրորդ կիսամյակից, մարզ ներկրվեց հսկայական քանակությամբ քլորակիր: Մարզի 114 համայնքներին եւ 129 դպրոցներին պարտադրվեց կիլոգրամը 1500 դրամով ինչ-որ կազմակերպության փոխանցել 50, 70, 100 կիլոգրամ քլորի դիմաց գումարներ: Սա այն դեպքում, երբ քլորակրի շուկայական արժեքը 2500 դրամ է: Թվում է, թե այս դեպքում նորանշանակ մարզպետը բարեգործական ակցիա է կատարում:



Սակայն դպրոցներին արգելված է, բացի ուսուցիչների աշխատավարձից եւ կենսաթոշակային մուծումներից, այլ գործարքներ կատարել: Հատկանշական է, որ գյուղական շատ դպրոցներում «զուգարան» ասվածը ծիծաղ է առաջացնում, իսկ համայնքներ էլ կան, որ անգամ գյուղապետարանի շենք չունեն, ուր մնաց` զուգարան: Բացի այդ, «քլոր» ասվածն ավելի շատ հանգած կիր էր հիշեցնում, որի կիլոգրամի արժեքը 150 դրամ է եւ օգտագործվում է ծառերի բները ներկելու համար:



Ստացվում է, որ մարզպետարանը շահագրգռություն ունի կրկեսի տոմսից սկսած, վերջացրած հանգած կրի վաճառքով: Իսկ որ ապրիլի 23-ին աշակերտը պիտի կրկես գնա, դա արդեն խոսում է կրկեսի ղեկավարության եւ մարզպետարանի ու համապատասխան վարչության «հայրենասիրական» նկրտումների մասին. կարծես տանում են բաց դասի` Դեր-Զոր:



Նշենք, որ Երեւանում այդ հանդիսությունը սկսվում է ժամը 13:30-ին: Նշանակում է` հարյուրավոր դպրոցականներ, այդ օրվա դասերը կիսատ թողած, պետք է մեկնեն մայրաքաղաք: Անցած ուսումնական տարեվերջին մարզի վեց դպրոցների տնօրեններ խիստ նկատողություն ստացան, որովհետեւ ստուգումներից պարզվել էր, որ մեկ-երկու աշակերտ դասից բացակայում է: Իսկ ապրիլի 23-ին ո՞վ պետք է խիստ նկատողություն ստանա հարյուրավոր աշակերտների բացակայությունների համար:



ՀԳ - Նյութը պատրաստ էր տպագրության, երբ ահազանգ ստացվեց Արագածոտնի մարզի մի շարք դպրոցների տնօրենների կողմից: Նրանք, մասնավորապես, ասում են, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մի նոր շոու է պատրաստվում սարքել իրենց գլխին: Նա խստորեն հանձնարարել է, որ ապրիլի 24-ին մարզի մանկավարժական կոլեկտիվները հավաքվեն Աշտարակ քաղաքում, որպեսզի այնտեղից շուրջ 20 կիլոմետր կտրելով` ոտքով հասնեն Ծիծեռնակաբերդ: Մարդիկ կարծում են, որ սա  ոչ թե Եղեռնի զոհերի հիշատակին ուղղված արարողություն է, այլ էժանագին շոու, որպեսզի Սերժ Սարգսյանին ցույց տա, որ իր հետեւից կարող է բանակներ հանել:



Նորայր Գրիգորյան