«Երկիր»-ն ու Արզաքանցյանը չեն հաշտվի

«Երկիր»-ն ու Արզաքանցյանը չեն հաշտվի
«Հաշտության եզրերը սպառվել են»,- «Երկիր» օրաթերթին դատի տված պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ հաշտվելու հնարավորությունն այսպես մեկնաբանեց օրաթերթի փաստաբան Լիանա Գրիգորյանը:Այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ «Երկիր»-ի խմբագիր Բագրատ Եսայանն ու փաստաբան Լիանա Գրիգորյանը ներկայացրին տարբեր տարիների մամուլի մի շարք հրապարակումներ, որոնցով, ըստ նրանց, ապացուցվում է, որ պատգամավորը խոսում է «քյավառա բարբառով», «ստիլյագ» է, մշտապես հաճախում է կազինո եւ հաճախ է ծեծ ուտում:



Օրաթերթի փաստաբանը նաեւ ապացույց ներկայացրեց, ըստ որի, Տիգրան Արզաքանցյանը հազվադեպ է մասնակցում Ազգային ժողովի նիստերին:



Հիշեցնենք, որ պատգամավորը դատարանի միջոցով փորձում է օրաթերթին ստիպել, որպեսզի վերջինս հերքի վերոնշյալ տեղեկատվությունը եւ իրեն որպես փոխհատուցում 3 միլիոն դրամ վճարի: Տիգրան Արզաքանցյանը կարծում է, որ թերթը վիրավորել եւ զրպարտել է իրեն:



«Երկիր» օրաթերթը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի պատգամավորին հարցաքննության հրավիրեն դատարան, որ կարողանան տեղում պարզել, թե որքան «ստիլյագ» է նա եւ որքանով է տիրապետում ոսկեղենիկ հայերենին:



Ինչպես նաեւ որպեսզի պարզ լինի, թե նա ինչու է վիրավորվել թերթից: Դատավորը մերժեց այս միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 24-ին, ժամը 12:00-ին: