Մարոզն եկել էր «Հրապարակ»` հաշվեհարդար տեսնելու

Մարոզն եկել էր «Հրապարակ»` հաշվեհարդար տեսնելու
Այսօր առավոտյան երկու կանանց (ոմն Անահիտի) եւ մեկ տղամարդու ուղեկցությամբ «Հրապարակի» խմբագրություն էր եկել Մարգարիտա Խաչատրյանը՝ հայտնի Մարոզը` մեր թերթում այսօր տպագրված լուրի համար գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանից եւ լուրի հեղինակից հաշիվ պահանջելու: «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահի տրամադրվածությունից ընթացքում հասկացվեց, որ նա նաեւ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու ախորժակ ունի: Մեր բոլոր փորձերը` հանգստացնել Խաչատարյանին, ապարդյուն անցան, եւ մենք ստիպված եղանք ոստիկանություն կանչել:



Կոտրելով մեր բաժակներից մի քանիսը, պատառոտելով եւ մեր դեմքերին շպրտելով սեղանի վրա դրված թերթերը, կրկին անգամ հիշեցնելով, որ ինքը զոհվածի մայր է` ըստ այդմ նաեւ անձեռնմխելի, մի շարք անեծքներ տեղալով մեր հասցեին (թող ձեր մայրերը ձեզ դագաղի մեջ տեսնեն) եւ այնուամենայնիվ Արմինե Օհանյանին փոքրիկ մարմնական վնասվածներ հասցնելուց հետո, Մարոզն իր շքախմբով հեռացավ: Դեպքից քիչ անց ժամանեցին ոստիկանները, որոնց հրավերով Արմինե Օհանյանը մեկնեց ոստիկանության բաժին, ուր ցուցմունք գրեց դեպքի կապակցությամբ: