Նամակ Նիկոլ Փաշինյանից

Նամակ Նիկոլ Փաշինյանից
Սիրելի Արմինե



Նախ իմ զորակցությունն եմ հայտնում քո հրաշալի թերթին եւ անձամբ քեզ՝ «Հրապարակի» համար դժվարին իրավիճակի կապակցությամբ: Ցավում եմ, որ անձամբ չեմ կարող մասնակցել իրավական այդ աբսուրդի հաղթահարմանն ուղղված գործողություններին:



Հույս ունեմ՝ կկարողանաք իրավիճակի հաղթահարման ուղիներ գտնել, միեւնույն ժամանակ լիովին համամիտ եմ քո գնահատականներին, որ իրավիճակը պետք է շտկվի արմատապես՝ օրենսդրական մակարդակում: Համոզված եմ, որ լրատվական աշխարհն ի վիճակի է լուծել այդ խնդիրը, մնում է միավորվել:



Ստորեւ ներկայացնում եմ «Հրապարակի» ապրիլի 5-ի թողարկման միջոցով ինձ հասցեագրված նամակի պատասխանը: Նամակի հեղինակը Արամ Մնացականյանն էր:



Սիրելի Արամ



«Հրապարակ» օրաթերթի ապրիլի 5-ի համարի միջոցով ինձ ուղղված նամակում ըստ էության երկու հարցի պատասխան էիք ակնկալել: Դրանցից առաջինը վերաբերում էր նրան, թե արդյոք Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 8-ի հանրահավաքը կազդարարի՞ մեր նոր կյանքի սկիզբը, այսինքն կդառնա՞ արդյոք այդ հանրահավաքը հաղթական՝ համաժողովրդական շարժման համար: Քանի որ պատասխանս հազիվ թե մինչեւ ապրիլի 8-ը հասնի «Հրապարակ» օրաթերթին, հարցին ավելի ընդհանրական պատասխան կտամ:



Խորապես համոզված եմ՝ Հայ ազգային կոնգրեսի յուրաքանչյուր հանրահավաք ինքնին հաղթանակ է եւ ոչ թե փիլիսոփայական, այլ շատ գործնական առումով: ՀԱԿ հանրահավաքների բյուրավոր մասնակիցներից յուրաքանչյուրն այնտեղ գալուց առաջ արժանանում է թաղային ոստիկանի, թաղային թափթփուկի, երբեմն գործատուի, երբեմն ԱԱԾ-ի, երբեմն հարկայինի սպառնալիքներին, ահաբեկումներին՝ չգնալ հանրահավաքի, թե չէ վատ կլինի:



Ի հեճուկս սրա՝ գալիս է սակայն. գալիս է, բարձրաձայնում, որ ինքը քաղաքացի է, ինքը երկրի տերն է: Հանրահավաքի գալով արդեն՝ մարդը հաղթում է, հաղթում է այն վախերին, որ իրեն փորձում են պարտադրել, հաղթում է իր խեղճությանն ու հարմարվողականությանը: Այսպես՝ հանրահավաքից հանրահավաք բնակիչը դառնում է քաղաքացի, թրծվում է որպես քաղաքացի՝ նեցուկ է դառնում, հենարան Ազատ եւ Երջանիկ Հայաստանի, եւ շարունակական հանրահավաքային ավելի քան եռամյա այս պրոցեսը՝ խնդրում եմ, պահանջում եմ՝ հանկարծ չթերագնահատեք:



Հանրահավաքային այդ հրապարակը մի ավազան է, ուր մենք նախ քավություն ենք ստանում մեր քաղաքացիական մեղքերից, ապա եւ մկրտվում որպես Ազատ եւ Երջանիկ Հայաստանի Քաղաքացի, այն Հայաստանի, որ ձեւավորվելու է մեր այս պայքարի արդյունքում: Իսկ ե՞րբ ենք հասնելու ավազակապետական համակարգի տապալմանը:



Ե՞րբ է հասնելու իշխանափոխության պահը: Սա արդեն քաղաքական խնդիր է, ռազմավարական, մարտավարական կոնկրետ խնդիր, եւ այս խնդրի կոնկրետ լուծումը Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի որոշելիքն է: Հասկանալի պատճառներով ինքս այսօր անմիջականորեն չեմ մասնակցում ՀԱԿ քաղխորհրդի աշխատանքներին, բայց անվերապահորեն վստահում եմ նրա կայացրած որոշումներին: Ուղղակի համոզված եմ՝ ցանկացած վիճակում կայացվում է հենց այն որոշումը, որն առավել արդյունավետ է տվյալ պահին, եւ այդ որոշման հիմքում դրվում են տեսանելի եւ ոչ այնքան տեսանելի գործոնների մասին առկա լրջագույն վերլուծություններ եւ տեղեկատվություն:



Համոզված եմ նաեւ՝ պայքարի ամեն օրը մոտեցնում է հաղթանակը, եւ Հայ ազգային կոնգրեսը, մենք բոլորս ունենք բավարար կամք՝ առանց սեթեւեթանքի եւ երկչոտության հաղթանակի հասնելու համար: Դա ժամանակի հարց է, եւ մենք ուժեղ ենք ժամանակից:



Սիրելի Արամ



Հետաքրքրվել էիք նաեւ, թե ինչ գիրք եմ կարդում ներկայումս: Ասեմ, որ մենախուցը չափազանց նպաստավոր է ընթերցանության համար, եւ մենախցում գտնվելու երեք ամսվա ընթացքում ավելին եմ կարդացել, քան բանտային նախորդ 1.5 տարվա ընթացքում եւ այդ իմաստով ինձ շատ բավարարված եմ զգում: Կոնկրետ այս պահին կարդում եմ ռուս պատմաբան Անատոլի Ուտկինի աշխատությունը 20-րդ դարի մեծագույն պետական գործիչներից մեկի՝ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի մասին: Լավագույն մաղթանքներս, սիրելի Արամ:



Նիկոլ Փաշինյան

«Արթիկ» ՔԿՀ մենախուց

07.04.2011թ.