Դատարանի որոշումը զարմանալի էր

Դատարանի որոշումը զարմանալի էր
Երեկ՝ ապրիլի 21-ին, Վանաձորի Արցախ պուրակ էր այցելել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը, ով մի քանի օր առաջ ազատվել է դատարանի դահլիճից. դատարանը նրան մեկ տարի պայմանական ազատազրկման է դատապարտել։ Պուրակում հավաքված մոտ 50 քաղաքացիները մոտենում էին, բարեւում, ողջագուրվում նրա հետ, հարցնում որպիսությունը։



ՀԱԿ Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանը եւ ուրիշներ ելույթ ունեցան, խոսեցին ներկա իշխանության աշխատաոճի, բռնցքամարտիկի ձերբակալման մասին: «Իր համոզմունքների համար, այնուհետեւ 2011թ. մարտի 1-ին ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին կանանց եւ երեխաներին ոստիկանների հայհոյանքներից ու բռնարարքներից պաշտպանելու համար, չմտածելով հետեւանքների մասին, վարպետորեն օգտագործեցին բռնցքամարտիկի յուրօրինակ հնարքը։



Նրա արարքը տղամարդավայել քայլ էր՝ հայրենիքը, իր ժողովրդին հարգողի, սիրողի արարք»,- այսպիսին էր ելույթների ամփոփ բովանդակությունը։ Հավաքվածների կարծիքով, «Սամսոնի պայքարի իմաստը մեկն էր՝ ստեղծել Հայաստանը ազատ, անկախ, օրինական, սահմանադրական եւ գոնե մեկ անգամ Հայաստանում անցկացնել ազատ, անկախ ընտրություններ»: Սամսոն Խաչատրյանն էլ ելույթ ունեցավ, ասաց, որ Լոռիում դեռեւս ժողովուրդը քնած է:



«Անհարմար է, զարթնեք բոլորդ, պետք է պայքարել մինչեւ վերջ»,-նշեց բռնցքամարտիկը, հորդորելով անպայման մասնակցել ապրիլի 28-ի հանրահավաքին։ Լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում դատարանի որոշմանը, Սամսոն Խաչատրյանը պատասխանեց, որ իր փաստաբանը բողոքարկելու է դատարանի վճիռը. «Դատական պրոցեսներն էլ լրիվ շոու էին, դա ես լուրջ չեմ համարում»։ Իսկ պայմանական ազատ արձակման հետ կապված նշեց՝ «Ես ոչ մի բանի էլ չեմ սպասել, բայց դատարանի որոշումն իհարկե զարմանալի էր»։