Անձրեւները Լոռիում չարիք են դարձել

Անձրեւները Լոռիում չարիք են դարձել
Վերջին օրերի սելավները Լոռու մարզում բազում խնդիրներ ստեղծեցին։ Գետերից մի քանիսի մակարդակը կտրուկ բարձրացավ, հեղեղելով փողոցները։ Ապրիլի 19-ին, ժամը 19։20-ի սահմաններում վարարել էր Վանաձոր քաղաքով հոսող Տանձուտ գետը, դուրս եկել ափերից եւ ողողել  քաղաքի Խնձորուտ 1-ին եւ Լենինգրադյան փողոցների միջեւ ընկած հատվածը։



Դեպքի վայր էին մեկնել Լոռու մարզի փրկարարները։ Մինչ ուշ գիշեր 2 էքսկավատորները գետի հունի մաքրման աշխատանքներ էին իրականացրել։ Չուխաջյան փողոցի բնակիչները նշում էին, որ տարվա այս եղանակին հեղեղումներ միշտ էլ եղել են, բայց այս աստիճանի՝ դեռ ոչ։ Իսկ ահա փրկարարական վարչության պետ Անտոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ջրատարները միանգամից մեծ քանակով անձրեւաջուր են բերել, ինչի հետեւանքով էլ գետը հունից դուրս է եկել։



Բնակիչներից շատերը երեկոյան չէին կարողացել անցնել թիվ 24 դպրոցի հարակից փողոցը՝ այն լիովին հեղեղված լինելու պատճառով: Ջուրը երբեմն լցվում է բնակարանները, իր հետ բերելով ավազ եւ փոխարենը՝ տանելով տանը եղած ամեն ինչ։ Նարեկացի 23 տան բնակիչ Սուսաննա Մարգարյանի բնակարանը մշտապես սելավների բերանն է ընկնում, տնից այսօր մնացել են միայն քարուքանդ պատերը։ Ոչ պակաս ողբերգական վիճակում են Վանաձորի Մարգարյան փողոցի բնակիչները։ 2010-ին կառավարությունը պետբյուջեից 70 մլն դրամ է հատկացրել գյուղատնտեսության նախարարությանը՝ սելավատարի կառուցման համար։ Սակայն խնդիրը չի լուծվել։



Մեր տեղեկություններով՝ շինարարի վրա նաեւ քրեական գործ է հարուցվել: Անձրեւները վնասել են նաեւ մարզի կամուրջները։ Սպիտակի Արջահովիտ համայնքը մայրուղուն կապող երկու կամուրջները Փամբակ գետի վարարման հետեւանքով քանդվել են, չնայած դրանք ընդգրկված են այս տարի պետական ծրագրով վերանորոգվող կամուրջների թվում։



Գյուղապետ Մհեր Մինասյանը կարծում է, որ եթե այսպես շարունակվի, մինչեւ շինարարություն կամուրջները չեն դիմանա. «Գուցե առավոտն արթնանաք, տենանք մոստը փլվել է»։ Նույն ողբալի վիճակում է նաեւ հարեւան Նոր Խաչակապ գյուղի կամուրջը։ Եթե նախորդ կամուրջները հին են, ապա վերջինս շահագործման է հանձնվել 2008-ին: Համայնքապետը պատմում է. «Ապրիլի 18-ին տեսա, որ կամրջի պատը ճաքել է, անմիջապես ահազանգեցինք»:



Խնդիրը պատնեշի բացակայությունն է, որի պատճառով էլ վերջին 20 տարիներին 5 անգամ կամուրջ է կառուցվել։ Նոր Խաչակապում Փամբակի ջուրը սպառնում է ոչ միայն կամրջին, այլեւ երկաթգծին։