Մի քիչ մտածելը չէր խանգարի

Մի քիչ մտածելը չէր խանգարի
Որ ավտոմեքենաների տեխզննման ոլորտում վերջերս կառավարության կատարած փոփոխությունը բացահայտ պոպուլիստական քայլ էր, ոչ ոք այլեւս չի վիճում: Մինչդեռ իմ կողմից շատ հարգված «Ազգ» օրաթերթում Արա Մարտիրոսյանը կառավարության այդ քայլը համարում է կոռուպցիայի դեմ պայքար: «Diplomat.am» կայքն էլ, խանդավառված «Ազգի» հրապարակումից, նույնիսկ չի համբերել, որ լույսը բացվի, եւ, կրպակից օրվա (20.04.2011) թերթը գնելուն պես, շտապել է անդրադառնալ կառավարական այդ հույժ կարեւոր նախաձեռնությանը:



Իսկապես որ վերակառուցվում ենք: Խոչընդոտել ենք մեր հասարակությանը հարստահարող մի այնպիսի օղակի գործունեություն, ինչպիսին տեխզննության կայաններն են: Ուռա, կեցցե մեր կառավարությունը, ծափահարություններ, դարձյալ ուռա…



Քի՞չ բան է արածը: Այսուհետ ավտոմեքենատերերը կազատվեն 5 հազար դրամ կաշառք տալու պարտադրանքից: Հարգելի Արա Մարտիրոսյանի վրա այնպես է ազդել այս սրտառուչ նորությունը, որ նա իրեն վերապահել է բարոյական խրատներ կարդալ այն մարդկանց գլխին, որոնց ներդրումների շնորհիվ, բարի լինենք խոստովանել, ի վերջո, հնարավոր դարձավ ձերբազատվել տեխզննության խորհրդային եղանակներից ու վերջ տալ կյանք մաշող հերթերին: Այն օրերին բոլորը, միգուցե Ա. Մ.-ն էլ նրանց հետ, ողջունում էին տեխզննության նոր ձեւը, իսկ այսօր նույն Ա. Մ.-ն, մի հոնքը վերեւ բարձրացրած, գրում է.



«Այս մարդիկ դժգոհելու բարոյական իրավունք հաստատ չունեն եւ ավելի լավ է հնարավորինս շուտ սկսեն հարմարվել նոր կարգին»: Այո, նրանք կհարմարվեն. որը՝ փակվելով, որը՝ սարքավորումները վաճառելով, որը՝ ուրախությամբ, որը՝ մի քիչ դժգոհելով: Բայց այս ամենը, հարգելի Ա. Մ., ոչ թե 5 հազարների, այլ հենց նոր կարգի պատճառով: Իսկ մե՞նք ինչ անենք, որ այսուհետ տարեկան 5 հազար դրամ ենք հետ գցելու: Դուք տեղյա՞կ եք, թե մեզնից քանի ավելորդ 5 հազար է պլոկել հայրենի կառավարությունը դեռ մեքենա ներմուծելու ժամանակ: Դուք գիտե՞ք, թե սարսափելի մաքսատուրքերի պատճառով քանի անգամ եք 5 հազար դրամ ավելորդ գումար վճարել մի պահեստամաս գնելու համար: Բարի եղեք հաշվել նաեւ մեր կյանքի թանկության բոլոր այսպիսի 5 հազարները` սկսած ԱՊՊԱ-ից մինչեւ սուպերմարկետներ ու մինչեւ կոմունալ ծառայություններ, գազ, ջուր եւ այլն: Ու հիմա, ասացեք խնդրեմ, մեզ ազատել են 5 հազարից: Բա չցնծա՞նք, բա չհարմարվե՞նք:



Հարգելի Արա Մարտիրոսյանը կարդացե՞լ է կամ տեղյա՞կ է, թե որն է կառավարության մոտիվացիան այս հարցում: Երկու բառով կասենք` վերջ տալ ձեւականությանը տեխզննության ոլորտում: Զգո՞ւմ եք որքան լուրջ է ամեն ինչ: Պետություն եմ ասել, կառավարություն: Ուրեմն սրանից հետո ես եւ Ա. Մ.-ն նախ գնալու ենք մեր վարչական տարածքների ղեկավարների նստավայր (թաղապետարան) եւ վճարելու ենք գույքահարկը:



Այստեղ մեզ տալու են համապատասխան թերթիկ, որ այլեւս պարտք ու պահանջ չունեն: Այդ թերթիկով ես եւ Ա. Մ.-ն մտնելու ենք բանկ, որտեղ վճարելու ենք տեխզննության եւ էկոլոգիայի համար նախատեսված գումարը` մոտ 11 հազար դրամ, եւ մեզ տալու են տեխզննության կտրոնը, որն էլ փակցնելու ենք մեր մեքենաների դիմապակուն: Եվ ահա, այս պահից սկսած, ես եւ Ա. Մ.-ն, եթե ՀՀ ազնիվ քաղաքացի ենք, հայրենասիրական մղումներով պետք է այցելենք տեխզննության կայան եւ կայանի արեւկող անող տղերքին ստիպելու ենք զննել մեր մեքենաները:



Զննելն էլ հասարակ բան չկարծեք` 64 կետով են զննելու` կրակմարիչից մինչեւ դեղորայքի արկղում յոդի անհրաժեշտ պարունակության առկայություն եւ արգելակների սեղմիչներից մինչեւ ջրի պզիկի աշխատանք: Եվ դա զուտ հայրենասիրական մղումներով: Ով համաձայն չէ ինձ հետ, կարող է գնալ տեխզննության կայան եւ իր նյարդերն ու մեքենան ենթարկել այդպիսի քննության: Կոնկրետ ես, բանկից կտրոնն ստանալուն պես, կհամարեմ իմ գործն ավարտված, քանի որ ուզածդ տեխզննության կայանից ավելի լավ գիտեմ իմ մեքենայի վիճակը:



Ամեն յուղ փոխելիս, անիվ ու այլ բաներ նորոգելիս վարպետներն ինձ ասում են` պետք է նորոգել նաեւ այս դետալները, պետք է փոխել այն մասերը: Իսկ եթե ջրիս պզիկն էլ չի աշխատում, ինձ այդ մասին ասում է ջրի պզիկը եւ ոչ թե տեխզննության կայանը կամ, առավել եւս, ՀՀ կառավարությունը:



Հուսամ արդեն հարգելի Ա. Մ.-ին աստիճանաբար պարզ է դառնում, թե ինչ է անում կառավարությունը: Գոնե պա՞րզ է, որ պայքարը, այնուամենայնիվ, տեխզննության ոլորտում ձեւականության դեմ չէ: Շատ բարի:



Ինչո՞ւ ենք ասում, որ սա պոպուլիզմ է, ժողովրդահաճո քայլ, որ, կարող եք չկասկածել, կապված է առաջիկա ընտրությունների հետ: Կառավարությունը պետք է ցույց տա, որ բարենորոգումներ է անում: Այս պահին մեզ ազատում է ավելորդ տեղը 5 հազար դրամ վճարելու հոգսից: Շնորհակալ ենք: Բայց ինչո՞ւ այդ նույն կառավարությունը չի մտածում մեքենաները տեխզննության ենթարկելու մասին եւ դա թողնում է մեր հայեցողությանը: Ինչո՞ւ է աչք փակում ավելի մեծ ձեւականության վրա:



Բերեմ մեկ ուրիշ օրինակ` դարձյալ ավտոաշխարհից եւ դարձյալ ձեւականության դեմ պայքարից: Վարորդական իրավունքի տրամադրման մասին է խոսքը: Հանկարծ պարզվեց, որ համապատասխան բուժհիմնարկներում մեզ ձեւական էին քննության ենթարկում: Այսուհետ այդ գործը կանի գայիշնիկը` աչքաչափով: Կնայի` եթե քոռ ու թոփալ չես, ուրեմն հարց չկա, ցույց տուր, որ նաեւ մեքենա վարել գիտես, եւ ստացիր վարորդական իրավունքը: Ի՞նչ հոգեվիճակ, ի՞նչ բան:



Բավական է այդ առավոտ մի հանգստացնող դեղ ընդունես ու վերջ` պիտանի ես փողոցային երթեւեկությանը` վարորդի կարգավիճակով: Եվ գիտե՞ք ինչն է դարձյալ կարեւորը: Այն, որ ավելորդ գումար չենք վճարելու աչքի բժշկին` մեր տեսողությունն ստուգելու համար: Փոխարենը խիստ օրինական է նկատվում պետությունից կամ Աստված գիտի ումից 100 դոլարին համարժեք գումարով վարորդական իրավունք գնելը: Ինչո՞ւ այդ իրավունքն էլ բանկը չի տալիս: Ընդհանրապես հրաշալի կլիներ: Չէ, գայիշնիկը պետք է նստի կողքիդ, ու դու մեքենա վարես` ցույց տալու համար, որ գիտես այդ անել: Թե ումից ես սովորել մեքենա վարել` կապ չունի:



Հայրդ սովորեցրած կլինի, թե խորհրդատուն՝ իր հատուկ մեքենայով, միեւնույն է, կապ չունի: Բավական է կողքիդ նստած գայիշնիկն ասի` գիտես: Իսկ նա հիմնականում կասի, որ գիտես: Դե քննություն հանձնողն ու նա մենակ են լինելու մեքենայում, դե հայ ենք վերջապես, դե իրար հետ խոսելու ձեւեր գիտենք…



Իսկ դուք, հարգելի Արա Մարտիրոսյան, ասում եք` նոր կարգե՜ր, նոր բարքե՜ր… Եվ ընդհանրապես, ի՞նչ կապ ունի, թե ում են պատկանում տեխզննության կայանները: Կա հավելավճարի սողանցք` պայքարիր դրա դեմ եւ ոչ թե թռիր այս կամ այն կողմ` մեկ սրան ու մեկ էլ նրան հաճոյանալու համար: Ի՞նչ անենք` բացօթյա առեւտրականներին ասենք` դուք բարոյական իրավունք չունեք բողոքելո՞ւ, դուք ձեր բացօթյա առեւտրով արդեն վաղուց հետ եք բերել ձեր ներդրումնե՞րը: Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ:



Աշոտ Սահակյան