Մառոզը

Մառոզը
Անակնկալ ներխուժում է, կարմրճտած գոռում, տղամարդավարի հայհոյում, քացով խփում է աթոռներին, պատռում թերթերը, հարձակվում խմբագրի ու խմբագրակազմի վրա, ջրով լի բաժակը շպրտում խմբագրի ուղղությամբ, բարեբախտաբար բախվելով պատին՝ բաժակի փշուրները հատակին են թափվում. «Թողեք խփեմ սրան»...



Սա պատմվածքի սկիզբ չէ՝ Բաքվի, Սումգայիթի կամ մեկ այլ բռնության դեպքեր նկարագրող: Սա Մարգարիտա Խաչատրյանն է՝ հայտնի Մառոզը, իր տիկնանց շքախմբով: «Ես բալա եմ կորցրել, դու էլ քո բալին հողը դնես, քո կնիկն էլ ինձ նման սեւեր հագնի, դագաղի առաջ նստի»... այդպիսի «բարեմաղթանքներով» է հերթով ու մեկառմեկ դիմում բոլորիս կորստի ցավն ապրած տիկինը:



Նախ, հարգարժան տիկին, խոնարհվում եմ Ձեր որդու ու բոլոր զոհերի հիշատակի առաջ եւ ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրում գրեթե չի գտնվի մեկը, ով կորուստ ունեցած չլինի այս պատերազմի ու շարժման ժամանակ, լինի որդի, եղբայր, ընկեր, ծանոթ, բարեկամ: Իսկ Ձեր որդին, տեղեկացանք, որ պատերազմական զոհ չէ:



Ոչ ոք, անգամ հայրենիքին զոհ տված անձինք, այդ մասին չեն աղաղակում, առավել եւս՝ չեն հայհոյում: Սա դեռ չի նշանակում, որ նրանք Ձեզանից պակաս ցավ են զգում: Ես աշխատել եմ «Երկրապահ» թերթում եւ գործի բերումով շփվել շատ վիրավոր ազատամարտիկների հետ, այցելել զոհվածների ընտանիքներ եւ հիացել ու պատկառանքով եմ լցվել նրանց խոնարհությամբ ու սգավերի լռությամբ:



Բացի այդ, մեր երկրում կան զգալի թվով մարդիկ, ովքեր պակաս ներդրում չեն ունեցել, գուցե ավելի ճիգ ու ջանք են թափել մեր ազատության, անկախության եւ առհասարակ ժամանակի կայացման համար, քան Դուք: Պատկերացնո՞ւմ եք, մյուսներն էլ Ձեզ նման գոռային, տիեզերքն ի՞նչ աղմուկով կլցվեր եւ ի՞նչ խլություն կտիրեր աշխարհում:



Դուք Ձեր պահվածքով, սրբության շահարկումով ոտնահարում եք Ձեր տղայի հիշատակը, առավել եւս՝ Արցախի զոհերի, որի իրավունքը ոչ միայն մահկանացուն, անգամ հրեշտակները չունեն: Ցանկացած հայ իրեն վիրավորված կզգա նման վերաբերմունքից: Ես, որպես այս երկրի քաղաքացի, հորդորում եւ պահանջում եմ. մի՛ շահարկեք Ձեր տղայի արյունը:



Ֆելիքս Եղիազարյան