Գլոբուսից դուրս

Գլոբուսից դուրս
Արմավիրից մոտ 35 կմ հեռավորության վրա գտնվող Կողբավան գյուղը կազմավորվել է 1983-ին՝ որպես Հոկտեմբերյանի շրջանի Բաղրամյան թիվ 1 սովխոզ: 31 տնտեսություն ունեցող գյուղում այժմ բնակվում է 165 մարդ:



Հիմնականում երիտասարդներ են՝ ծնողների եւ երեխաների հետ: Կողք կողքի ապրում են եւ հայեր, եւ եզդիներ, սակայն այս գյուղը ոչ մանկապարտեզ ունի, ոչ էլ դպրոց:



Եթե խոսքը լիներ աֆրիկյան որեւէ հետամնաց երկրի մասին, երեւի թե զարմանայինք՝ չէ որ 21-րդ դարում ենք ապրում: Ավաղ, մեր լուսավոր ու անկախ Հայաստանում, քաղաքամայր Երեւանից ընդամենը 75 կմ հեռավորության վրա թշվառություն ու անգրագիտություն է տիրում: Կողբավանից մինչեւ մոտակա Վանանդ գյուղը 8 կմ է:



Այնտեղ դպրոց կա, սակայն այդքան տարածությունը ոտքով օրը երկու անգամ կտրել-անցնելն անհնար է եւ վտանգավոր, այդ տարածքում նույնիսկ ցերեկով են գայլեր շրջում, ուր մնաց երեկոները: Ի՞նչ անի գյուղացին, ինչպե՞ս կրթության տա եւ դաստիարակի երեխաներին, դարձնի հասարակությանը պիտանի մարդիկ:



Ինչպե՞ս եւ ինչո՞վ բացատրել այն քար անտարբերությունը Կողբավանի բնակիչների՝ հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրների նկատմամբ, որ ցուցաբերում են ոչ միայն գյուղատնտեսության նախարարության համապատասխան աշխատակիցները, Արմավիրի մարզպետը, Բաղրամյանի տարածաշրջանից ընտրված ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը  («Մաքս գրուպ»), այլեւ իրեն համայն աշխարհի եզդիների նախագահ հռչակած Ազիզ Թամոյանը, ով ժամանակ առ ժամանակ հեռուստաեթերից «ամենակարեւոր» հարցերի մասին է խոսում եւ եռամսյակը մեկ ինքն իրեն մեդալներ շնորհում:



Մինչդեռ Կողբավանի բնակիչները, քար ու հողի հետ կռիվ տալով, անջուր ու ամայի այդ տարածքում մի կերպ գոյատեւում են՝ երեխաներին զրկելով մանկությունից:



Ջուր չկա՝ բառիս բուն իմաստով, եւ այդ հարցի շուրջ մտածող էլ չկա: Ոռոգման համար տրվող ջուրը փակվում է դեկտեմբերի սկզբից եւ բացվում ապրիլի կեսերից: Իսկ խմելու ջո՞ւր: Չկա, չի էլ եղել:



Խեղճ գյուղացիներն այն գնում եւ ամբարում են աշնանը: Իսկ որքան ջուր եւ ինչ միջոցներով կարող է գնել գյուղացին՝ ամենօրյա հիգիենայի, ճաշ պատրաստելու, լվացք անելու, անասուններին ջրելու կամ պարզապես խմելու համար: Ոչ ոքի մտքով չի անցել օգնել այս թշվառ գյուղին:



Եթե Արցախի 20 անջրդի գյուղերի բնակիչներն իմանային, որ իրենց համար հավաքված գումարի ֆոնդից Հայաստանում մի խեղճուկրակ գյուղի էլ է օգնություն հատկացվելու, համոզված եմ՝ ամենեւին չէին առարկի, կկարեկցեին ու կհասկանային, որ անջուր գոյատեւել հնարավոր չէ:



Կողբավանի գյուղապետը պատրաստակամություն է հայտնում սեփական միջոցներից 20-30 տոկոս ներդրում անել, միայն թե սկսեն ջրի անցկացման աշխատանքները, իսկ Արմավիր քաղաքում բնակվող կեսդարյա մանկավարժական փորձով ֆիզմաթի ուսուցչուհին՝ Անիչկա Տոնոյանը, պատրաստ է նույնիսկ անվճար ուսուցանել գյուղի երեխաներին, միայն թե դպրոց բացվի:



Մանկապարտեզ, դպրոց եւ առաջին հերթին՝ ջուր: Պետությունը նրանց անջրդի հող է հատկացրել եւ դեռ հարկեր է պահանջում, սակայն չի տրամադրում ոչ թոշակ, ոչ «Փարոս», ոչ նպաստ եւ ոչ մի արտոնություն...



Թերեզա Ասատրյան