Եվ թող օգնի մեզ Աստված...

Եվ թող օգնի մեզ Աստված...
Ամերիկահայ կինոբեմադրիչ Արտակ Սեւադան պատրաստվում է ցեղասպանության 100-ամյակին նվիրված գեղարվեստական ֆիլմ նկարել՝ «Եվ թող օգնի ձեզ Աստված» վերնագրով:



Հետաքրքրվողները կարող են այցելել արդեն գործող ֆիլմի կայք-էջը` http://www.sohelpugod.com/: Արտակ Սեւադային  ֆիլմի վերաբերյալ շատ հարցեր դեռ «չի կարելի» տալ, քանի դեռ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում:



Սակայն մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ: Սեւադան ասում է, որ ֆիլմը քաղաքական թրիլլեր է լինելու, եւ կարծում է, որ այն կհետաքրքրի Հոլիվուդին:



- Արտակ, դու ասում ես՝  կհետաքրքրի  Հոլիվուդին:  Իսկ ֆիլմն ինչո՞վ է հետաքրքրելու հայ հանդիսատեսին, եւ ինչպե՞ս ես պատրաստվում խոսել այդ ցավի մասին կամ «գեղարվեստականացնել» ցավը, որին շատերը չեն համարձակվում «կպնել»:



- Ինչ վերաբերում է հայ հանդիսատեսին, ասեմ, որ շատ հուզիչ է լինելու ու չափազանց հայեցի, բայց դա չպետք է պատճառ լինի, որ ֆիլմը չունենա համաշխարհային ցուցադրում կամ էլ վերջանա ֆեստիվալային կյանքով (լավագույն դեպքում):



Եթե չունենայինք բոլոր հարցերի պատասխանները, չէինք ձեռնարկի այս նախագիծը: Ես ուղղակի համոզված եմ, որ հայ հանդիսատեսը ոչ միայն հզոր ազգային գիտակցությամբ է հեռանալու կինոդահլիճներից, այլ նաեւ հպարտությամբ, որ ֆիլմը ներկայացված է «տղամարդավարի»` ժողովրդի լեզվով ասած:



Մեր գերնպատակն է նախեւառաջ պրոպագանդել ցեղասպանության հարցը, առանց որեւէ կասկած թողնելու, ունենալ չափազանց մարդկային, ինչպես նաեւ համամարդկային պատմություն: Կարճ ասած՝ այս գլուխկոտրուկի բոլոր կտորները պետք է միացնենք իրար եւ ստեղծենք մեծ կտավի մի գործ, որը շատ գրագետ կներկայացնի իր ժամանակաշրջանը, միեւնույն ժամանակ այն պետք է մատչելի ու հասկանալի լինի անգամ 12-13 տարեկաններին:



- Արդյոք ֆիլմի սցենարն իրական հիմքեր ունի՞, որտեղի՞ց եք վերցրել:



- Սցենարիստը բավական հայտնի դեմք է, որի անունը դեռեւս չեմ նշի: Չեմ կարող ասել, որ 100 տոկոս վերջացրած նյութ ունենք, քանի որ մի 7-8 ձեռք արդեն գրվել է, մի այդքան էլ կգրվի երեւի, բայց պարզ է մի բան՝ որ իմ գրածի կորիզը պահպանվել է, որն անկասկած ամենաօպտիմալ, մատչելի, հանդուրժելի (որը շատ կարեւոր է, որպեսզի grotesque-ից «վազն անցնենք»), պատմականորեն ու գեղարվեստականորեն գտնված տարբերակն է:



Մտածված է այնպես, որ որեւէ մարդ չմտածի, թե չասված կամ չարված մի բան կա ֆիլմում, որը շատ կարեւոր էր...



Վստահորեն կասեմ միայն մի բան, որ կնկարահանվի մի ֆիլմ, որը նայելիս մեզ չեն խղճա, այլ կհարգեն ու հաշվի կնստեն  մեզ հետ, ինչպես լուրջ շախմատիստ գրոսմայստերի հետ:



- Այսինքն այս ֆիլմով դու պատրաստվում ես նաեւ քաղաքակա՞ն հարցեր լուծել:



- Հոլիվուդյան ֆիլմերն ունենում են այդ հնարավորությունը՝ այս երկրում մեծ փոփոխություններ անելու: Դա արդեն ապացուցվել է տարիների ընթացքում: Ֆիլմով հարցեր չեմ լուծելու, այլ հստակ տալու եմ դիտողին որոշելու հնարավորություն, որ սենատորներին եւ կոնգրեսմեններին բողոք ներկայացնի այս հարցի վերաբերյալ, իսկ նրանք էլ իրենց հերթին ճնշում գործադրեն Թուրքիայի վրա:



Երբ հանդիսատեսը դուրս գա կինոթատրոնից, այս ֆիլմը դեռ երկար կաշխատի նրա գիտակցության եւ իհարկե հետո արդեն՝ ենթագիտակցության վրա... իսկ, ինչպես հայտնի է բոլորին` միտքը մի «վիրուս» է, որը, տեղադրվելով մեկի ուղեղում, դառնում է հզոր գերուժ ապագայում:



Հավատացեք, որ եթե տեսնեի մեկ բեմադրիչի, որ կնկարի այս ֆիլմն այնպես, ինչպես պետք է նկարվի, ես գերագույն հաճույքով կհրաժարվեի այս գործից, բայց ես վախենում եմ սյուր պոստսովետական կինոյից, որակային եւ գեղարվեստական կորստից եւ, էլ չեմ ասում՝ ոչ հայեցի ներկայացվելուց...:



Միայն այս ու չափազանց ազգայնամոլ նպատակներից եմ ձեռնարկել այս` իմ կյանքի ամենադժվարին ու պատասխանատու քայլը:



- Դերասաններն ովքե՞ր են լինելու, արդեն որոշե՞լ եք:



-  Միայն կասեմ, որ ֆիլմում չի լինելու որեւէ հայ դերասան կամ անձնակազմի անդամ: Վերջնական սցենարը ներկայացվելու է խոշորագույն կինոընկերություններին, ինչպես նաեւ գերաստղերի, որոնց համաձայնության դեպքում, իհարկե շատ, ավելի կհստականա ֆիլմի բյուջեն: Եվ թող օգնի մեզ Աստված: