Ով որ ապրիլին ցանե, ապրի ու քաղե

Ով որ ապրիլին ցանե, ապրի ու քաղե
Գարնանացանի ժամանակն անցնում է, եղանակը մի կողմից, մյուս կողմից էլ Շիրակի մարզին հատկացրած գարու սերմացուն գալիս-գալիս՝ տեղ չի հասնում: 340 տոննայից, ըստ մարզպետարանի գյուղվարչության պետի,  Շիրակի մարզ է բերվել ընդամենը 150 տոննան:



Մինչ վարչության պետը կսպասի, որ ամբողջ սերմը տեղ հասնի՝ նոր բաժանի համայնքներին, այդ ընթացքում  համայնքների բնակիչները տարատեսակ ենթադրություններ են անում.



«Մենք խաբված վիճակում ենք, էդ բերած գարին մեզ համար չէ, էնքան պաշտոնյա կա, որ մեր մարզում հսկայական հեկտարներով հող ունի, ի՞նչ պիտի ցանի էդ մարդը. Բնականաբար՝ իրան կուտան: Եթե էդպես չէ, էլ ինչի՞ համար մինչեւ հմի չեն տա ու անընդհատ էլ թիվը կկրճատեն»:



Պետությունը դեմքով շուռ է եկել դեպի գյուղացին ու սկսել է անգամ դարերով եկած գյուղատնտեսական օրենքները փոխել: Պարզվում է՝ հայրենի կառավարությունը գտնում է, որ Ամասիայի 1 հա հողատարածքը ցանելու համար անհրաժեշտ է  320 կգ սերմ, իսկ ասենք Զույգաղբյուրին` 250 կգ:



Անգամ գյուղացիները չեն կարողանում սրա տրամաբանությունը հասկանալ: «Լավ արեցին, որ որոշեցին  առաջնահերթ օգնել  ամենաաղքատ համայնքներին, բայց ախր օգնելուց հետո գոնե լրիվ օգնեն: Մեր սաղ գեղին 22 տոննա սերմ էր պետք, բայց իրանք կուտան 17,600 տ, բացառված էլ չի, որ էլի կրճատեն»,- դժգոհում են աղինցիները:



Գյուղվարչությունը, իմանալով հանդերձ, որ Ջաջուռավանի ունեցած-չունեցած հողն ընդամենը 1.5 հա է, բռնել ու ընդգրկել է ծրագրում, իսկ ասենք, լավ իմանալով, որ Քեթին նախորդ տարի կարկտահարվեց, օժանդակություն չեղավ, հողերի մեծ մասն այս տարի չի մշակվելու, անտեսեց:



Pres.am