Վրեժ Իսրայելյանի գրքի շնորհանդեսը

Վրեժ Իսրայելյանի գրքի շնորհանդեսը
Ուրբաթ օրը «Հայ արտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ արձակագիր Վրեժ Իսրայելյանի հինգերորդ՝ «Տոնապետ» պատմվածքների ժողովածուն («Նաիրի» հրատարակչություն, 2010թ):



Պատմվածքները ստեղծվել են վերջին տարիներին, եւ դրանցից մի քանիսը տպվել էին «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսում եւ ստացել հետաքրքիր արձագանքներ:



Հատուկ շնորհանդեսի համար Վրեժ Իսրայելյանը խոսք էր պատրաստել, որտեղ նշեց, որ երբ պատմվածք է գրում, ամեն ինչ իր հոգում փոխվում է, գրելով հասկանում է, որ սիրտը տրոփում է, իրականությունը փոխվում է, կյանքը հիասքանչ է դառնում, որ իր «Տոնապետ» պատմվածքների ժողովածուն ոչինչ չի պարտադրում, պարզապես ազատություն է փնտրում, եւ նա, ինչպես բոլորը, ազատ ապրելու իրավունք ունի:



«Տոնապետ» գրքի վերջում Վրեժ Իսրայելյանը գրում է. «Շատ բան էի ուզում գրել, բայց, բարեբախտաբար, այդ ամենն արդեն գրել էր Վիլյամ Սարոյանը… Այս պատմվածքների մեջ ապրում է մարդու այն տեսակը, որի անունը Վրեժ Իսրայելյան է»:



Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց նա «Անդրանիկ» վավերագրական ֆիլմը, որ պատմում է Զորավար Անդրանիկի կյանքի ու գործունեության մասին: Ֆիլմի սցենարի հեղինակը Վրեժ Իսրայելյանն է:



«Տոնապետ» ժողովածուի մեջ ընդգրկված են պատմվածքներ, որոնց մեջ արտացոլվում են վերջին ժամանակներում Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները` հոկտեմբերի 27, մարտի 1, ինչպես նաեւ հայ-թուրքական դարավոր ու ծանր հարաբերությունները:



«Մեկ վայրկյան» պատմվածքը պատկերում է վարչապետ Վազգեն Սարգսյանի՝ ահաբեկչի ավտոմատի փողի առջեւ անցկացրած վերջին ակնթարթը՝ նրա մտորումներն ու հույզերը. «Ավտոմատը, որի փողն ուղղված է քունքիս, ոնց որ թե ռուսներից թռցրածներից է: Համբոյի օպերացիան էր… ո՞նց է ընկել սրա ձեռքը: Էդ զենքերով մենք Մարտակերտը վերցրինք: Ասա դու էդ զենքի քաղցրությունը տեսե՞լ ես, գիտե՞ս ինչ տղերքի ձեռքով է անցել, տերերից քանիսը կան, քանիսը չկան… Համբոյին ճանաչում ես: Նա քեզ ծնկների վրա կխաղացներ, քեզ պաղպաղակ կառներ, մեկ-մեկ էլ ականջներդ կքաշեր… Երանի էն պառավը քարով խփեր գլուխս ջարդեր, հիմա էս լակոտին թիրախ չէի լինի: Ոչ բարով պետական այր էի… Մի վայրկյան ես ունեմ, մի վայրկյան` իմ ահաբեկիչը: Մի մայր ես ունեմ, մի մայր էլ իմ ահաբեկիչը: Մի հայ ես եմ, մի հայ էլ նա: Ես իմ մեկ վայրկյանը չեմ օգտագործում, թողնում եմ ապագային: Իսկ էս լակոտը, կարծում եմ՝ պատմության մեջ սողոսկելու առիթը բաց չի թողնի…»,- սա Վրեժ Իսրայելյանի այն հրաշալի պատմվածքներից է, որ արտացոլում է նրա ինքնատիպ մտածողությունը, բնագիրը նորովի կառուցելու միտումները, մտքի ու հույզի ներդաշնակումը:



Գիրքը վաճառվում է Երեւան քաղաքի փոքրաթիվ գրախանութներում: