Հաշմանդամի մտորումները

Հաշմանդամի մտորումները
Անդրադառնալով ձեր թերթի ս.թ. մարտի 15-ի Երեւանի թիվ 2 ԲՍՓՀ (բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով) նախագահ Վիկտոր Բաբասյանի «Հանձնաժողովն ամենակարող է» հոդվածին՝ ուզում եմ պարզաբանել մի քանի երեւույթներ:



Չճանաչելով դիմող Հակոբ Մկրտչյանին եւ նրա պարբերական հիվանդության աստիճանը (բերել է կենսագործունեության սահմանափակման, թե ոչ), կարծում եմ, նրա ներկայացրած մեղադրանքներն (կոռուպցիա, բյուրոկրատիա) անհիմն չեն: Լինելով Ավանի բնակիչ՝ լավ գիտեմ հիվանդի, համաբուժարանի եւ  թիվ 2 ԲՍՓՀ «գործընթացը» նաեւ որպես հաշմանդամ:



Ինչ վերաբերում է  Վ. Բաբասյանի մասնագիտական որակավորմանը, ուզում եմ նշել մի զավեշտալի դեպք: 21.03.2011թ. գրավոր դիմել եմ Վ. Բաբասյանին, որ իմ հաշմանդամության 2-րդ կարգը 12.10.2006թ. որոշվել է ոչ ճիշտ, եւ խնդրել եմ այն վերանայել:



Ունեմ բազմաթիվ ախտորոշումներ, որոնց պատճառով 6-րդ տարին նստած եմ տանը, տեղաշարժվում եմ հենակներով՝ 20 մետրի սահմաններում, վերջին ռենտգեն զննությունը 05.09-ին ախտորոշեց աջ ազդոսկրի չկպած կոտրվածք՝ կեղծ հոդի ձեւավորմամբ, ազդոսկրի գլխիկի քայքայում: Ունեմ նաեւ աջ վերջույթների թուլացում:



Հեռախոսազրույցում Վ. Բաբասյանը նշեց, որ հետազոտությունը հին է (անցել է երկու տարի): Իմ նկատողությունից հետո, որ քայքայված ոսկորը չէր կարող այդ ընթացքում աճել, «բազմավաստակ» բժիշկը հայտարարեց, որ եզրակացությունը գրվել է ռուսերեն եւ չի կարող կցվել գործին:



Զգացի, որ ավելորդ է շարունակելը, եւ առաջարկեցի դիմումիս տալ գրավոր պատասխան, ինչը եւ ստացա 06.04.2011թ., որտեղ ինձ առաջարկվում է փաստաթղթեր ներկայացնել ներկա վիճակի վերաբերյալ:



Բժիշկը երեւի դիմումս մանրակրկիտ չի կարդացել կամ չի ցանկացել կարդալ, որովհետեւ նշել էի 2006թ. կայացրած սխալ եզրակացության մասին եւ խնդրել այն վերանայել: Ի դեպ, նշեմ, որ 2006թ. չեմ ունեցել ոչ մի դիմում ԲՍՓՀ-ին:



Առաջարկում եմ պարոն սոցապ նախարարին ստուգել բժիշկ Բաբասյանի դիպլոմը, եւ եթե այն կեղծ է, ուղարկել իրեն վերապատրաստման (քանի որ ինստիտուտում լսած կլինի, որ քայքայված ոսկորը չի կարող այլեւս աճել):



Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ինձ հասանելիք խմբի պահանջը Բաբասյանն ընդունել է որպես անձնական վիրավորանք: Վիկտոր Բաբասյան, ես հրաժարվում եմ ինձ հասանելիք առաջին խմբից՝ հօգուտ Ձեզ, Աստված տա, որ Դուք դրան հասնեք եւ ինքներդ զգաք ինչպես կարելի է 6 տարի տառապել ցավերից եւ շարժման սահմանափակումից, նաեւ ինքնասպասարկման անկարողությունից:



Սամվել Մալաքյան



2-րդ խմբի հաշմանդամ, բժիշկ