Ողջ-ողջ այրվել է մեքենայի մեջ (վիդեո)

Ողջ-ողջ այրվել է մեքենայի մեջ (վիդեո)
Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ 1։30-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ի վրա մեքենա է այրվում։ Ահազանգն ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության  Ստեփանավանի բաժնի աշխատակիցները՝ Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ, եւ Ստեփանավանի հրշեջ փրկարարները՝ Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի ղեկավարությամբ։



Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա, իսկ վարորդի նստատեղին տղամարդու մոխրացած դիակ կա։ Նշենք, որ մեքենան հայտնաբերվել է ճանապարհից մոտ 10 մետր հեռավորության վրա՝ դաշտի մեջ։



Դեպքի վայր են հրավիրվել նաեւ  դատական բժիշկը եւ փորձագետները։ Օպերատիվ-քննչական խումբը, կատարելով համապատասխան աշխատանքներ, վարորդի  այրված մասունքները տեղափոխել է դիահերձարան։ Նույն օրը պարզվել է, որ այրված «ՎԱԶ 2107» մակնիշի Տ8125 համարանիշի ավտոմեքենան պատկանում է  Երեւան քաղաքում գործող «Ամիգո» տաքսի սերվիսին, իսկ  վարորդի նստատեղին հայտնաբերված տղամարդը  Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղի բնակիչ, 1964թ. ծնված Հուսիկ Բարսեղյանն է, ում էլ պատկանում է մեքենան։ Նույն օրը Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր. 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով։



Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական համալիր փորձաքննություններ՝ հակահրդեհային, դատատեխնիկական, դատաավտոտեխնիկական եւ մանրաթելային փորձաքննություններ՝ կատարվածի մանրամասները պարզելու համար։ Եզրակացություններն ստանալուց հետո միայն պարզ կդառնան տեղի ունեցածի հանգամանքները։ Իսկ այրված ավտոմեքենան քարշակի օգնությամբ նույն օրը տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի տուգանային հրապարակ։