Էլեկտրաշոկ չի եղել ու չկա

Էլեկտրաշոկ չի եղել ու չկա
«Ֆեյսբուք» սոցիալական կայքում երեկ տարածվել էր մի տեղեկատվություն, ըստ որի՝ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունում հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառվել: «Տեղից ծանր է աշխատել հանքում թե հոգեպես, թե ֆիզիկապես:



Լինում էր ժամանակ, որ հոգնում էին աշխատավորները, ողջ գիշերներն անքուն անցկացնելուց երբեմն աչքերը կպնում էին, այդ ժամանակ Կանադայի... մեծն տերերը մեր` ճորտերիս նկատմամբ կիրառում էին հոսանք, որ սթափվենք,  ուշքի գանք, ավելի թափով, ավելի մեծ քանակությամբ ընդերքը թալանենք, կորզենք»,-ասված էր հաղորդագրության մեջ:



Ընկերության թե նախկին, թե ներկա  աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ նման բան չի եղել: «Եթե էդպես բան լիներ, ապա գործադուլ կանեինք, կծեծեինք բոլոր ղեկավարներին»,-ասացին հանքագործները: Նրանց խոսքով, նախկին տնօրեն Ռոբերտ Ֆալետայի մոտ նման միտք հղացել էր, նույնիսկ պատվիրել էր, բայց էլեկտրաշոկերը բանվորներն «այդպես էլ չտեսան»:



Ընկերության հանրության ու կառավարության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը դա «ֆանտաստիկ ու կիսասարսափելի ֆիլմի» չհաջողված տարբերակ անվանեց: Ըստ Աղայանի, նման տեղեկություններ տարածողները  պատասխանատվության կենթարկվեն: Իսկ իրականում  էլեկտրաշոկ պիտի գնեին, բայց դա ոչ թե անհնազանդ բանվորների համար էր, այլ պիտի օգտագործվեր հատուկ դեպքերում:



«Դե, պատահում է, որ գիշերվա կեսին մարդիկ խմած գալիս են, կանգնում դարպասների մոտ, նույնիսկ պատահել է, որ զինված են եղել: Էլեկտրաշոկը այդ դեպքերի համար էր, որ անվտանգության աշխատակիցներն ու պահակներն օգտագործեն»,-մոտ մեկ ամիս առաջ ասել էին ընկերության պատասխանատուները: Ամեն դեպքում, ըստ Աղայանի՝ դա ընդամենը գաղափար էր, որը քննարկվեց ու չիրագործվեց: