Համընթաց քամուն սպասելիս

Համընթաց քամուն սպասելիս
Բողոքները, թե մեր որոնելին հայկական համացանցում չենք գտնում, խոսքս հատկապես արվեստի ու մշակույթի ոլորտի մասին է, ինչ-որ չափով զավեշտալի է, մեծամասամբ` ցավալի: Իրոք մեծ բաց կա, ու հոգատար պետական մոտեցում է անհրաժեշտ, սակայն, հավատացեք, որ ամեն ինչ ավելի շատ մեր ցանկությունից է կախված նաեւ:



Մեր ցանկության չափը վառ արտահայտվում է «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում: Նայեք եւ կտեսնեք, որ հայերեն «Վիքիպեդիան» դոփում է տեղում, այնինչ մեր հարեւանները բառ-հոդվածների թվով մի քանի անգամ գերազանցում են մեզ: Զավեշտալին այն է, որ «Վիքիպեդիան», լինելով բոլորի համար ազատ խմբագրման հնարավորություն տվող հանրագիտարան, որում յուրաքանչյուրը կարող է ներդրում կատարել, հայերեն մասնաբաժնով շատ դանդաղ է առաջ շարժվում,  մինչդեռ բողոքողները բողոքում են հենց այս հանրագիտարանից` չպատկերացնելով կամ չուզենալով պատկերացնել, որ այն ինչ-որ մասնավոր գործ չէ, եւ իրենք եւս կարող են գոնե մեկ հոդվածով բարելավել դրությունը:



Եթե յուրաքանչյուր գրագետ հայ, ով ունի համացանցի հնարավորություն, յուրաքանչյուր ամիս ընդամենը մեկ բառ-հոդված ներդնի այնտեղ, ապա շատ կարճ ժամանակամիջոցում հայերենը կշրջանցի ոչ միայն մեր հարեւան երկրների լեզուներին, այլեւ շատ պատկառելի թվաքանակով բառ-հոդվածներ ունեցողների, ավելին` թույլ չի տրվի, որ ադրբեջաներեն «Վիքիպեդիայում» Անահիտ աստվածուհին ներկայացվի որպես մարմնավաճառության աստվածուհի, մեր ազգային ինքնության շատ կարեւոր բաղադրիչների մասին մեր հարեւաններն ավելի շուտ բառ-հոդվածներ ստեղծեն ու առաջնայնության իրավունքով վստահություն ձեռք բերեն իրենց կեղծարարության համար:



Ցավալի է, որ հայագիտությունը պետական մակարդակով չի դառնում հովանավորելի եւ համացանցային տիրույթում հայտնվում է ցաքուցրված ու կամայական` մի քանի խորհրդանիշների անընդհատական շահարկումով: Եղած մի քանի լուրջ նախագծերն էլ մասնավոր ձեռնարկումներ են, որոնք արժանացել են հոգատար կազմակերպությունների հովանավորությանը:



Մեր կառավարությունը շատ կարճ ժամանակամիջոցում գիտելիք վաճառողից դարձավ գյուղատնտեսությունը զարգացնող, քանի որ հասկացավ, որ ահռելի սխալ է գործել նախկինում եւ հայտնվելով ցայտնոտում` փորձում է կորցրածը ետ բերել: Այնինչ դրա համար տարիներ են պետք: Ոչնչացած պտղատու այգիները մեկ տարում չես վերականգնի: Այսօրվա ներդրումներն անմիջապես չեն երեւա: Եղանակի բարեհաճությունն իրենց հաջողությանը կվերագրվի: Ամեն ինչ այսպես կամայական ու համընթացիկ քամու սպասելիս:



Նույնկերպ էլ հայագիտության ոլորտում է: Մի օր իշխանավորները փաստի առաջ կկանգնեն ու կրկին կհայտնվեն ցայտնոտում, եւ կրկին ժամանակը չի բավականացնի, եւ կրկին անելիքը չիմացողի պես կսպասեն համընթաց քամու:



Ցավալի է, որ ոչ մի խիզախում չկա սեփական ինքնությունը ցույց տալու համար:



Աշոտ Գաբրիելյան



գրող