Արաբները եղեռնի զոհերի ոսկորներ են վաճառում

Արաբները եղեռնի զոհերի ոսկորներ են վաճառում
Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում կառուցված Հայոց մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին շատերի հետ ծաղիկ է դրել նաեւ նախկին մանկավարժ Լիդա Դավթյանը։ Վերջինիս երբեմնի տարօրինակ երազանքն իրականացել է։



«Հպարտությամբ, մի քիչ էլ տխրությամբ կարող եմ ասել, որ 2 անգամ եղել եմ Դեր-Զորում»,-ասում է տիկին Լիդան։ Դեռ Խորհրդային Միության տարիներին՝ 1968-ին, երբ ընդամենը 14 տարեկան է եղել, ապրիլի 23-ի լույս 24-ի  գիշերը եղբոր ու ընկերոջ հետ թռուցիկներ է փակցրել  իրենց թաղամասում: Ձեռքով մոտ երկու հարյուր թղթի վրա գրել էին՝ «Ծովից ծով Հայաստան», փորձելով հիշեցնել, որ հայի պայքարը կիսատ է։



Միայն տարիներ հետո, երբ եղեռնի թեման արգելված չէր, տիկին Լիդան խոստովանել է, որ ինքն էր այդ «ապօրինի» նախաձեռնության հեղինակը։ Հենց այդ օրվանից ինքն իր առաջ նպատակ է դրել հասնել Դեր-Զոր։ Առաջին անգամ՝ 1996-ին է եղել ու հենց ապրիլի 24-ին։ Մասնակցել է Մարգատեի մատուռի բացման արարողությանը, որը կառուցված է նահատակների ոսկորների վրա:



«Ես անցա այն ողջ  ճանապարհով,  որով անցել են եղեռնի զոհերը, ու զարմացած եմ, թե ինչպես են նրանցից ոմանք կենդանի մնացել: 60 աստիճան տաքություն, անջուր մի տափաստան»,-հիշում է զրուցակիցս։ Դեր-Զորի հողերի մեջ նա ոսկորներ է գտել ու հենց այդ խոհերով է եղել, երբ մի արաբ, մոտենալով նրան, առաջարկել է գնել «հայի ոսկոր»։ «Բացատրեցի, թե այդ օրերին արաբները ոնց են օգնել հայերին, ու ասացի երիտասարդին, որ իր արածը սրբապղծություն է ու ամոթալի»,-վերհիշում է տիկին Լիդան։



Երիտասարդ արաբը,  հայուհու հորդորից հուզված, առանց որեւէ նախապայմանի՝ ոսկորը նվիրում է Լիդա Դավթյանին։   Ոսկորների գենետիկական ստուգումից հետո միայն թույլատրվում է դրանք տեղափոխել Հայաստան: Լինելով ծննդով կապանցի, տիկին Լիդան ոսկորները հատուկ արարողակարգով թաղում է Կապանում կառուցված եղեռնի զոհերի հուշահամալիրում:



«Հիմա հպարտ եմ, որ իմ հայրենակիցները գալիս են այստեղ, ծաղիկներ դնում, խնկարկում: Պարզապես պետք է իմանան, որ այստեղ զոհերի ոսկորներն են թաղված, որ դրանք մեր նախնիների մասունքներն են»,-ասում է զրուցակիցս։ Տիկինը հարգանքի տուրքը մատուցելուց հետո անցնող-դարձողներին ցույց է տալիս Դեր-Զորի լուսանկարներն ու պատմում։ Դեր-Զոր փոքրիկ քաղաքը  Եփրատի երկու ափերին կառուցված եւ կամրջով իրար է միացած: Այստեղ   հայկական եկեղեցական մեծ համալիր կա, ու  ապրիլի 24-ը Դեր-Զորում հայերի օր են  համարում:



Այդ օրը, երբ ինքն անցնելիս է լինում կամրջով, քիչ է մնում մեքենայի տակ ընկնի, երբ վարորդը կտրուկ արգելակում է։ Ձայնից սթափվելով՝ նկատում է, որ ոստիկանը վարորդին սաստում է։ «Ես ոստիկանին փորձեցի բացատրել,  որ վարորդը մեղավոր չի, իմ սխալն էր, արաբ ոստիկանն ասաց՝ տիկին, այսօր հայերի օրն է, Դուք սգացեք, նաեւ համոզված եղեք հաղթանակում»,-վերհիշում է Լ. Դավթյանը։



Սակայն կենսաթոշակառու մանկավարժի համար մի բան թերեւս անհասկանալի է մնում։ Եթե օտարազգիներն էլ են հասկանում, որ մեր ուժն ու հաղթանակը միասնության մեջ են, ապա ինչու ենք հայերս անմիաբան ու իրար ոտքի տակ քանդում։