Ի՞նչ է նշանակում ռոք ասոցիացիա, որը հովանավորում է վարչապետը

Ի՞նչ է նշանակում ռոք ասոցիացիա, որը հովանավորում է վարչապետը
Հարցազրույց երաժիշտ, երգահան Վահան Արծրունու հետ



-Վահան, այսօր աշխարհում կատարվող իրադարձությունները, տնտեսության չհուսադրող ցուցանիշները, քաղաքական գործընթացները, որպես արվեստագետ, որքանո՞վ են ազդում Ձեզ վրա:



- Այդ ամենն ինձ շեղում է երաժշտությունից, ու ինչպես էլ անես՝ այդ խնդիրները պատուհանից, հեռուստացույցից, դռան ճեղքերից ներթափանցում են ներս: Դրանք արվեստագետին խագարող եւ միջավայրը քանդող, նյարդայնացնող երեւույթներ են: Հելլենիստական պատկերացումների համաձայն՝ արվեստով զբաղվելու համար յուրաքանչյուր ստեղծագործող պետք է որոշակի հոգեվիճակի մեջ լինի, որի դեպքում միայն հնարավոր է մուսաների հետ շփումը:



Եթե այդ վիճակում չես՝ ուրեմն  ստեղծագործական ոչ մի ապրում չես կարող ունենալ: Բայց մեր օրերում քո վրա չի կարող չազդել ցրտահարված մարդու այն դիակը, ում տեսնում ես քո շքամուտքում՝ տնից դուրս գալիս: Երբ այդ պրոբլեմը մարդկային ողբերգության տեսքով հասնում է քո դռան շեմին, դա ոչ միայն դժվարացնում է, այլ նաեւ արգելակում է ստեղծագործական պրոցեսը: Կյանքն իրականում այնքան է թշվառացել, որ դա չի կարող իր անդրադարձը չունենալ ոչ նյութական ոլորտների վրա, իսկ դա սարսափելի է ազգի համար, որովհետեւ կբերի անհեռանկարային հետեւանքների: Սոցիալական կարգավիճակը երկրում փոխելու համար մի ունիվերսալ ֆորմուլա կա, որը ռուսերեն լավ է հնչում՝ «хватит воравать», եթե գողը գողից չգողանա՝ սոցիալական բոլոր հարցերը կլուծվեն:



20 տարվա իմ դիտարկումները ցույց են տալիս, որ գումարներ կան երկրում, պարզապես կուտակվում են որոշակի բեւեռներում: Սպասել, որ որեւէ մեծահարուստ կամ իշխանական կառույց պետք է լցվի այն գիտակցությամբ, որ արվեստը գերակայություն է, այդ սպասումները չեն արդարանա, ուրեմն պետք է ընդունվի ամենապարզ օրենքը, օրինակ որոշակի հարկերից ազատում, եւ դուք կտեսնեք, թե բոլոր մեծահարուստներն ինչպես հերթ կկանգնեն արվեստագետների մոտ, որպեսզի համագործակցեն նրանց հետ ու դրանով նաեւ հարկերից ազատվեն:



- Բայց կարծես թե կան այդ հովանավորները, ԱԺ նախագահը թատերական ոլորտն է հովանավորում, ՀՀ առաջին տիկինը՝ դասական երաժշտությունը, վարչապետը՝ ռոք արվեստը, ու փառատոններն էլ քչություն չեն անում: Դա որոշակիորեն չի՞ աշխուժացրել մշակութային դաշտը, թե՞ «թոզ փչելու» շարքից է:



- Կուզեք՝ թոզ փչել, կուզեք՝ պատրանք, որը միայն ու միայն կապված է հովանավորյալ արվեստի ծաղկման հետ: Իշխանությունն այս ոլորտում իր դիրքն ամրապնդելու համար հովանավորում է որոշակի երեւույթներ, փառատոններ: Եվ դա բնական է, իրականում հովանավորյալ արվեստ կարող է լինել:



Ես ոչ թե այդ տիտուլյար երեւույթների մասին եմ խոսում, որի համար բյուջեներ միշտ կան, այլ այն արվեստի, որը շանս չունի ներկայացվելու, այն արվեստագետների, ովքեր երբեք չեն գնա ու հովանավորի դուռը չեն ծեծի, ովքեր երբեք չեն դառնա «կառավարական»,   իշխանության հետ որեւէ կոմպրոմիսի չեն գնա, էլ չեմ ասում՝ կոնտակտի: Իսկ ազատ արվեստը զարգանում է ազատ արվեստագետների շնորհիվ:



Կան մարդիկ, ովքեր դրսում ավելի հայտնի են, քան Հայաստանում: Ձեզ չի՞ զարմացնում, որ Եկատերինբուրգում գոյություն ունի Տերտերյանի անվան փառատոն, որի ժամանակ աշխարհի լավագույն դիրիժորները կատարում են Տերտերյանի սիմֆոնիաները: Իհարկե շատ լավ է, որ գալիս է Ջեթրո Թալը, Յան Գիլանը, Գրեբենշիկովը: Ես, որպես հանդիսատես, հագենում եմ այդ ամենով, բայց որպես երաժիշտ՝ ինձ զարմացնում է այս ոլորտում տիրող իրավիճակը: Ի՞նչ է նշանակում ռոք ասոցիացիա, որը հովանավորում է վարչապետը, պատկերացնո՞ւմ եք՝ Անգլիայի ռոք ասոցիացիան հովանավորեր Անգլիայի թագուհին, իսկ ԱՄՆ-ում Սերժ Թանկյանի հովանավորը լինի Օբաման: Կամ՝ մի պահ պատկերացնենք, որ «Վիվասելը» հրաժարվի օպերային արվեստի բեմադրությունների հովանավորչությունից. ուրեմն ինչ, չպիտի՞ բեմադրվեն:



Երեւույթն իր բովանդակային առումով լուրջ հակասության մեջ է մտնում այն տեսակի հետ, որի հետ առնչվում ենք առօրյայում: Արվեստում գործող պրոցեսը չպետք է կախման մեջ լինի որոշակի երեւույթներից, որոնք որ արվեստի հետ առնչություն չպետք է ունենան, ունենալու դեպքում էլ՝ որոշակի սահմանների մեջ:



Օրինակ, մշակույթի նախարարությունն Էմմիի կողքին է, Էմմին ինքնաբերաբար ստանում է ազգային արժեքի նշանակություն, բայց մենք ազգային արժեք ասելով՝ առաջին հերթին պիտի հասկանանք բովանդակություն, արդյոք Էմմին այդ քննությունը բռնո՞ւմ է: Դա բերում է մի իրավիճակի, որն արվեստի հետ ոչ մի կապ չունի: Ինչու է այդպես՝ չգիտեմ: Իսկ ինչո՞ւ մեր ազատ եւ անկախ երկրում 20 տարի է՝ չի ընդունվում արվեստի մասին օրենք, որը, որպես արվեստագետ, կնկարագրեր քաղաքացիական իմ ստատուսը, որովհետեւ եթե չկա քաղաքացիական իմ ստատուսը նկարագրող օրենք, ուրեմն ստացվում է՝ ես օրենքից դուրս մարդ եմ: Իսկ եթե չունես պետական կամ բիզնեսային հովանավորություն, ստացվում է նաեւ, որ արվեստից դուրս ես, չես կարող համերգ ունենալ: Բա սա աբսուրդ չէ՞:



Նմանօրինակ իրարամերժ մոտեցումների դաշտում փորձել զբաղվել ազատ արվեստով՝ դա ոչ թե դժվար է, այլ անհնարին, դրա համար յուրաքանչյուր օր կորուստ ենք ունենում արվեստի բնագավառում, որովհետեւ եթե ես եմ նման խնդիրների առաջ կանգնում, կոնսերվատորիան ավարտած երաժիշտն ի՞նչ անի, ո՞նց պիտի դահլիճ վերցնի, համերգ տա:



- Այդ դեպքում ի՞նչն է Ձեզ պահում այստեղ:



- Ոչինչը, ոչինչ չի պահում: Արվեստագետի համար սարսափելի բան է երկիր չզգալը, դա նշանակում է, որ չես կարող համընդհանուր սերնդափոխության մեջ քո տեղը գտնել: Մենք, ապրելով ազատ-անկախ երկրում, նմանվում ենք այն հեռավոր գավառներին, որտեղ տարերային պատկերացումներ կան արվեստի մասին, ու ազգային երաժշտությունն ընկալվում է որպես քեֆ-ուրախության երաժշտություն:



Եթե հանրությանը թվում է, թե «Եվրատեսիլն» այն տեղն է, որտեղ կարելի է հայի պատիվը պահել, հանրությունը, մեղմ ասած, մոլորության մեջ է, որովհետեւ արվեստի իրական պրոցեսները տեղի են ունենում լրիվ ուրիշ դաշտերում, որտեղ մենք ներկայացված չենք: Մեզ ներկայացնողը պետք է լիներ մշակույթի նախարարությունը, որը զբաղված է միայն գումարների վերաբաշխումով, դրա համար «Եվրատեսիլին» մեզ մոտ նման նշանակություն է տրվում:



Այսօր ունենք հանրություն, որը կարող է արժեք տեսնել եվրատեսիլների մեջ կամ բովանդակություն փնտրել տաշիրների ու արմենիաների մեջ: Սա ինչ է նշանակում, որ հանրությունը հասցված է այն մակարդակի, որտեղ այլեւս գեղարվեստական եւ բովանդակային չափանիշներ չեն գործում:



Կա ընդամենը տարերային դրսեւորում լավի ու վատի արանքում, բայց արվեստը լավի ու վատի սկզբունքներից դուրս երեւույթ է, այստեղ ուրիշ չափանիշներ են գործում, լավ ու վատ կարող է լինել պանիրը: Եթե այդ ձեւով մոտենաս, արվեստից կսկսի բուրել խորովածի կամ հոտած պանրի հոտ, որը ես առնում եմ հայկական հեռուստաալիքները նայելիս:



- Այսօր արվեստագետին տարբեր կերպ են գնահատում՝ կոչումներից սկսած, մինչեւ թանկարժեք նվերներ: Ունե՞ք կոչումներ կամ Կոմպոզիտորների միության անդամատոմս, ինչքանո՞վ եք արժեւորում դրանք:



- Ես Կոմպոզիտորների միությունից ունեմ ընդամենը մի թուղթ, որի մեջ գրված է, որ չեն ճանաչում նման կոմպոզիտորի, որը ես մինչ օրս պահում եմ: Կոմպոզիտորների միությունը հասարակական կազմակերպություն է իր սկզբունքներով, իր սահմանափակ թվով անդամներով եւ իրենց պատկերացումներով երաժշտության մասին:



Իրապես այդ կազմակերպության անդամը չեմ, ոչ մի կոչում չունեմ եւ չեմ էլ պատկերացնում, թե ինչ կոչում պիտի ստանայի՝ վաստակավոր արտիստի՞, ինչի՞ համար, որո՞նք են այդ վաստակի չափանիշները: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մարդուն մեդալ են տալիս, բայց նա իրապես դժվարանում է պատասխանել, թե ինչի համար են իրեն պարգեւատրում, ասում է՝ էն ծառայությունների համար, որի համար արժեւորել են:



Պատկերացնո՞ւմ եք Շառլ Ազնավուրին Պատվո լեգեոնի շքանշան շնորհելուց հարցնեին՝ ինչի՞ համար եք ստանում, նա դժվարանար պատասխանել: Երբ սեփական հայրենիքում քո ստեղծագործությանը, արվեստի մեջ քո լինելուն չի տրվում այն նշանակությունը, որը պետք է, պատկերացնել, որ դրսից դա պետք է արվի՝ մի քիչ դժվար է:



- Մեր երկրում մարդու հեղինակային իրավունքները, հիմնարար ազատությունները պաշտպանող տարբեր վարչություններ, կառույցներ կան, բայց երբ մարդը բարձրաձայնում է իր կարծիքը, նրան նույն այդ կառույցներից լռեցնելու տարբեր ձեւեր են գտնում: Ստացվում է անազատ մի ազատություն, որից օգտվել չես կարողանում:



- Հիմա Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ համերգ տալու իմ ցանկությունն ինքնաբերաբար ինձ տանում է դեպի օրենքի խախտում, որովհետեւ չունեմ ՀԴՄ ապարատ, դա ունենալու միակ ճանապարհն էլ այն է, որ, լինելով արվեստագետ, ձեւակերպեմ ինձ որպես անհատ ձեռներեց: Արդյունքում ես ստանում եմ նույն կարգավիճակը, ինչպես որ կալբաս արտադրողը:



Տեսեք ինչ իրարամերժ իրավիճակ է, ազատ ստեղծագործական դրսեւորում ունենալու իմ ցանկությունն ինձ դրդում է օրենքի խախտում անել ազատ, անկախ իմ երկրում, որովհետեւ համաձայնել, որ ես անհատ ձեռներեց եմ, ոչ թե ազատ արվեստագետ, ես դրա հետ չեմ կարող համաձայնվել, դա վիրավորական է ինձ համար:



Նույն հարկը վճարել պետությանը, ինչպես վճարում է, ենթադրենք, պանիր սարքողը, դա էլ է վիրավորական, որովհետեւ, կներեք, երաժշտություն գրելը լրիվ այլ բան է, կալբաս արտադրելը՝ լրիվ ուրիշ ոլորտ: Դուք չե՞ք նկատել, որ չհովանավորվող համերգներ չկան, իսկ այդ հովանավորչությունը նշանակում է մի բան, որ ոչ ոք չի գա ու քեզանից ՀԴՄ ապարատ չի ուզի:



Վերջերս գնացել էի ռոք ասոցիացիայի համերգին, որի հովանավորը վարչապետն է, եւ տոմս գնելուց ՀԴՄ ուզեցի, վաճառողն ասեց՝ ի՞նչ չեկ, վարչապետն է հովանավորում, ես պնդեցի, նա էլ թե՝ չեք ուզում, տոմսը հետ վերադարձրեք: Այսինքն վարչապետի հովանավորությունը նշանակում է օրենքի խախտո՞ւմ: Որտե՞ղ է ազատ արվեստի եւ ազատ արվեստագետի կարգավիճակը, ինչ է՝ մենք չկա՞նք մեր հայրենիքում:



Սիդիների ոլորտում կատարվող փոփոխություններն էլ առնչվում են միայն ազատ արվեստագետներին, որովհետեւ տիտուլյար արվեստի ներկայացուցիչները, որոնք կոչումներ են ստանում, հովանավորվում են, նման խնդրի առաջ երբեք չեն կանգնի:



Ստացվում է այնպես, որ կամաց-կամաց պետությունն ինձ դրդում է ճամպրուկները հավաքել ու հեռանալ իմ երկրից, որովհետեւ ես չեմ կարող իմ անձնական ժամանակը կորցնել պայքարելով մի իրավիճակ դեմ, որի դեմ ես եմ ու էլի մի քանի հոգի: Ամեն օր յուրաքանչյուր համերգ կազմակերպելիս առնչվում եմ այս վտանգների հետ, իսկ ես ընդամենը ուզում եմ համերգ տալ, ուզում եմ տեսնել լեփ-լեցուն դահլիճ, որի առաջ կներկայացնեմ իմ ստեղծագործությունը, բայց դեռ այստեղ եմ, որովհետեւ պինդ եմ ու հստակ գիտեմ ինչի վրա եմ կանգնած: