Ապագայի գրքե՞ր

Ապագայի գրքե՞ր
Էլեկտրոնային եւ տպագիր գրքերի միջեւ գնալով լուրջ մրցակցություն է ծավալվում: «Ամազոն» համաշխարհային հայտնի կայքում դրանց վաճառքն արդեն հավասարվում է տպագիր գրքերի վաճառքին: Սպառողների քանակը գնալով մեծանում է: Այստեղ մեծ դեր ունեն, իհարկե, մատչելիությունն ու հասանելիությունը:



Աշխարհի յուրաքանչյուր վայրից մարդիկ հնարավորություն ունեն հենց տեղում պատվիրել ու կարճ ժամանակում ձեռք բերել տարբեր մոդելների ու գների էլեկտրոնային գրքեր: Ամեն ինչ սկսվեց 1996-ին, երբ «Digital Computer Corporation» կազմակերպությունը թողարկեց «DEC Lectrice» սենսորային էկրանով էլեկտրոնային գրքերը:



Այնուհետեւ մեկը մյուսի հետեւից թողարկվեցին ավելի ու ավելի կատարելագործված մոդելներ` LCD էկրաններով: Էլեկտրոնային թղթի՝ «e-paper», ինչպես նաեւ էլեկտրոնային թանաքի օգտագործումն ավելի հարմար ու մատչելի էր դարձնում էլեկտրոնային գրքի ընթերցանությունը: Աշխարհին արդեն հայտնի են ամենաշատ վաճառվող «Sony Reader» եւ «Amazon kindle» ընկերությունների կողմից արտադրած էլեկտրոնային ընթերցիչները, որոնց մոդելները օրեցոր կատարելագործվում են:



Բացի դրանից, բելգիական «De Tijd of Antwerp» թերթն իր հատուկ բաժանորդների համար թողարկել է առաջին տպագիր թերթի էլեկտրոնային տարբերակը, որն իրենից ներկայացնում է էլեկտրոնային թղթի երկու մեծ բացվածք եւ դարձյալ աշխատում է մարտկոցով: Բելգիացի իրենց կոլեգաներից ոգեւորված՝ «The New York Times»-ն արդեն պատվիրել է մեծ քանակությամբ էլեկտրոնային թերթի տարբերակներ: Մոտ ժամանակներս էլեկտրոնային թերթերը մասամբ կփոխարինեն տպագիր մամուլին:



Ըստ մասնագետների հաշվարկների, ի տարբերություն տպագիր մամուլի, այն ավելի էժան կնստի բաժանորդների վրա, ուղիղ կապով միացված կլինի համացանցին, որտեղից արագ կերպով կստանա թարմ տեղեկատվություն:



Էլեկտրոնային գրքի մասսայական օգտագործումը ձեռնտու է Երկիր մոլորակի բնությանը. թղթի սպառումը գնալով կդադարի, ինչը կնպաստի անտառների կենսականությանն ու ապագային: Բայց արդյո՞ք էլեկտրոնային գիրքը լիովին կփոխարինի տպագիր գրքի հմայքին ու տպագիր գրքի հետ էջառէջ շփվելու բացառիկ հնարավորությանը: Ումբերտո Էկոն ասում է, որ մեծ իմաստով ոչինչ չի փոխվելու, եւ հիշեցնում է անիվի գյուտը` այն համեմատելով գրքի գյուտի հետ: Մնացած փոփոխությունները լոկ իմպրովիզներ են, որոնք բարելավում են նյութի որակը:



Եթե ձեռքդ ես վերցնում էլեկտրոնային գիրքը, ուրեմն ունես հսկա մի գրադարան եւ մեկ վայրկյանում կարող ես հեշտությամբ փնտրել-գտնել ու տարբեր լեզուներով ընթերցել քո նախընտրած գրողի ստեղծագործությունը, հետո անցնել մյուսին, ու այսպես շարունակ:



Այսպիսով, քո ձեռքում մի հսկա գրադարան կա, որի միակ տերն ու տիրականը դու ես, եւ գրքերն այս դեպքում հասանելի են ու ենթակա կարգադրություններիդ: Բայց այս պարագայում դու այլեւս մեկ գրքի հետ գործ չունես: Երկխոսությունը գրքի (ամբողջական իմաստով) ու ընթերցողի միջեւ բացակայում է. երկխոսությունն ավելի շատ տեղի է ունենում տեքստի ու ընթերցողի միջեւ: Էլեկտրոնային գրքի առավելությունը. ասենք նրա մատչելիությունը, բազմաթիվ գրքեր միանգամից իր հիշողության մեջ պահելը, շրիֆտի չափի փոփոխումները դեռ միայն տեխնիկական բնույթ են կրում, որն ի դեպ ունի նաեւ իր որոշակի թերությունները` փխրուն է, կյանքը կախված է մարտկոցի էներգիայի մատակարարումից, եւ, բացի այդ, կարծում եմ՝ էլեկտրոնային գրքի ամենաէական թերությունը դեռեւս նրա ոգու բացակայությունն է, չնայած հաջորդ սերունդների համար այն կդառնա սովորական իրողություն, ինչպես հեռուստացույցն ու համակարգիչը:



Շատերի կարծիքով՝ տպագիր գիրքը, ինչպես նաեւ տպագիր մամուլը լրիվ չեն վերանա, սակայն, ինչ խոսք, արտադրման քանակը կտրուկ կնվազի, քանի որ սպառողների թիվը գնալով կպակասի: Մամուլի պարագայում արագ տեղեկատվություն ստանալու համացանցի ընձեռած հնարավորությունը լիովին բավարարում է մարդկանց  պահանջները, չնայած դեռ մնացել են մարդիկ, ովքեր հոդվածն ու տեղեկատվությունն ընկալում են միայն տպագիր տեսքով եւ առավոտյան սուրճի հետ վայելում տպագիր թերթ կարդալու հաճույքը: Գրքի հետ կապված խնդիրն ավելի բարդ է: Տպագիր տեսքով գրքեր երեւի կհրատարակվեն միայն  հատուկ պատվերով:



Եթե, ասենք, ուզում ես Կոստան Զարյանի «Սպանիան»` ճոխ կազմով, նկարազարդումներով, կարող ես մեկ կամ երկու օրինակ պատվիրել եւ շատ արագ ստանալ տպագիր գիրքը: Մեծ Բրիտանիայում այս նախադեպն արդեն գործում է: Գրողների կողմից արդեն սկսվել է էլեկտրոնային գրքերի, այսպես կոչված՝ անհատական թողարկումը (վեպ, բանաստեղծությունների ժողովածու, էսսե):



Գիտնականները փորձում են կատարելագործել դրա հնարավորությունները, որպեսզի գրքում տեքստերը, ինչքան հնարավոր  է՝ երկար պահպանվեն, իսկ դա գուցեեւ երբեք չհաջողվի, որովհետեւ տպագիր գիրքը թեկուզ անբարենպաստ պայմաններում շատ լավ է պահպանվում, նրա կյանքը կախված չէ մարտկոցի աշխատանքից, եւ նա թերեւս մնում է որպես մարդկության հիշողության պահպանման լավագույն տարածքը: