Թուրքիայում ապրիլի 24-ին սպանված հայազգի զինվորն օրեր առաջ ծեծվել էր հրամանատարի կողմից

Թուրքիայում ապրիլի 24-ին սպանված հայազգի զինվորն օրեր առաջ ծեծվել էր հրամանատարի կողմից
Թուրքիայում ապրիլի 24-ին զորամասում սպանված հայազգի զինծառայող Սեւակ Շահին Բալըքչըն նախորդ ամիս ծեծի էր ենթարկվել հրամանատարի կողմից։ Թուրքական Aydınlık թերթի լրագրող Մեհմեդ ֆարաչը գրել է, որ իրեն զանգահարել է Հռիփսիմե  Հակոբյան անունով մի կին՝ հայտնելով, որ իր փեսային սպանել են եւ փոխանցել հեռախոսը Մելանի Քումրույանին։  «Երիտասարդ աղջիկը արտասվում էր եւ ասում, որ իր նշանածին սպանել են։ Նա չգիտեր, թե ինչ հանգամանքներում էր սպանվել Սեւակը, սակայն մի քանի բան պատմեց։ Օրինակ՝  զորամասում  նախորդ ամիս մի զինվոր 50 լիրա էր կորցրել, որի համար հրամանատարը ծեծի էր ենթարկել Սեւակին եւ եւս մեկ զինծառայողի։ Սեւակը  զորամասի հրամանատարի դեմ բողոք էր ներկայացրել, սակայն հետ էր վերցրել այն սպառնալիքների պատճառով։ Աղջիկը պատմել է, որ սպառնացել են, թե կվառեն Սեւակին»,-գրել է Մեհմեդ Ֆարաչը։



Նշենք, որ 25-ամյա Սեւակը ավարտել էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը եւ ծառայության էր անցել Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասում։



Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։  Ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայողի կողմից։  Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտրարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել զինծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սակայն Սեւակի ծնողները չեն հավատում այս տեսակետին եւ պահանջում են մանրամասն հետաքննություն իրականացնել։



Սեւակի թաղման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 27-ին Ստամբուլում։  Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարությունը եւ Ստամբուլի քաղաքապետը ծաղկեպսակ էին ուղարկել, իսկ պետնախարար Էգեմեն Բաղըշը, Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը, ՀրանտԴինքի այրին, Պոլսո փոխպատրիարք. Արք. Արամ Աթեշյանը եւ հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ մասնակցել են թաղման արարողությանը։



Սեւակի հոգեհանգիստը տեղի է ունեցել Ստամբուլի Սուրբ Վարդանանց եկեղեցում, որից հետո դին ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանոցում։



NEWS.am