Մեղավոր չեմ ես

Մեղավոր չեմ ես
Ապրիլի 15-ին մեր թերթում հարցազրույց էր տպագրվել Արքմենիկ Նիկողոսյանի հետ՝ «Արա Աբրահամյանը «քցե՞լ» է մտավորականներին» վերնագրով: Հոդվածում Նիկողոսյանը քննադատել էր Երեւանի պետական համալսարանը, նշել էր, որ Արա Աբրահամյանը մրցանակաբաշխություն է սահմանել՝ «Հայերը 21-րդ դարում», սակայն գրականության հանձնաժողովի վարձատրությունը չվճարեց:



Այս հարցազրույցից հետո դժգոհության մեծ ալիք է բարձրացել, եւ մեծ թվով մտավորականներ սկսել են մեղադրել Արքմենիկին: Իսկ նրանցից ոմանք ուղղակի հայտարարել են՝ «բա որ Աբրահամյանը քո պատճառով նեղանա ու էլ չօգնի մեզ»:



Մի խոսքով, աղմուկն այնքան մեծ է եղել, եւ այնքան են քարկոծել Նիկողոսյանին, որ նա երեկ մեր թերթին պարզաբանում է ուղարկել, որտեղ սրբագրել-պարզաբանել է իր ասածները: Նա գրել է.



«Նկատի առնելով այն աղմուկը, որ առաջացել է ինձ հետ հարցազրույցի որոշ ձեւակերպումների պատճառով, հետագա երբեմն անլուրջ շահարկումներին վերջ տալու նպատակով ցանկանում եմ պարզաբանել հարցազրույցի որոշ մասնավոր հատվածներ:



1. Հարցազրույցի վերնագրային ձեւակերպումն ինձ հետ հարցազրույց վարած լրագրողինն է:



2. Բնավ նպատակ չեմ ունեցել նսեմացնել այն գործը, որ անում է Արա Աբրահամյանը հայ արդի գրականությանն աջակցելու ասպարեզում, մանավանդ, որ հարցազրույցում ասել եմ` «Արա Աբրահամյանը մրցանակաբաշխություն է հիմնել, որը կոչվում է «Հայերը 21-րդ դարում», մրցանակային ֆոնդը, ի դեպ, բավականին պատկառելի է, մի խոսքով` շատ լավ գործ է արվում»:



Պարզապես համեմատության մեջ դիտարկել եմ «Տաշիր» մրցանակաբաշխության, այսպես կոչված` տնաբաշխությունն ու մեր` հանձնաժողովի անդամներիս վարձատրությունը: Իսկ բուն մրցանակակիրներն իրենց գումարները ստացել են ժամանակին ու ամբողջությամբ:



3. Հարցազրույցում առկա «պայմանագրով նախատեսված էր» արտահայտությունը պետք է լինի` «պայմանավորվածություն էր ձեռք բերվել»:



Վերջում ուզում եմ հավելել, որ նման թյուրընկալումները պայմանավորված են նաեւ հարցազրույցի ժանրի որոշ առանձնահատկություններով»: