Ուզում են ոստիկաններին բերել եվրոպական տեսքի

Ուզում են ոստիկաններին բերել եվրոպական տեսքի
ՀՀ իշխանությունը յուրօրինակ առանձնահատկություն ունի. անընդհատ ինչ-որ բան բարեփոխում է: Իհարկե, արդյունքում գրեթե որեւէ բան չի փոխվում, բայց «ըդիկ կարեւոր չէ», կարեւորը պրոցեսն է:



Ավելին՝ իշխանության ներկայացուցիչներն այնքան են խոսում այս կամ այն բարեփոխման մասին, որ իրենք էլ են սկսում հավատալ դրան: Այժմ ՀՀ իշխանությունը որոշել է բարեփոխել ոստիկանությունը, ոստիկաններին բերել «եվրոպական տեսքի», բառիս ամենաբուն իմաստով՝ սկսելով հագուստների փոփոխությունից:



Ավելին՝ դրանով մեր իշխանությունը ոչ միայն հերթական բարեփոխումն է կատարում, այդ թվում՝ ԵԽԽՎ պահանջները, այլեւ բավական գումարներ է ստանում. օրինակ միայն համայնքային ոստիկանությունը բարեփոխելու համար 180 հազար դոլար գումար է ստացել դրսից: Սույն միջոցառման համար ՀՀ պետական բյուջեից ավելի շատ գումար է ծախսվել:



Երեկ խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում քննարկվում էր ոստիկանության բարեփոխումների ընթացքը, ինչը, պարզվում է՝ մեկնարկել է 2010-ի մայիսից:



Իհարկե, որեւէ մեկը դժվար թե ասի, որ այս ժամանակահատվածում իրական փոփոխություն է տեսել ոստիկանության համակարգում, բայց կարեւորը՝ ծրագիրն իրականացվում է:



Քանի դեռ ՀՀ-ում ոստիկանը դիտարկվում է որպես օրվա իշխանության ծառա եւ օրենքից վեր է դասում իր շեֆի, շեֆի բարեկամի, իշխանավորի, օլիգարխի ու նրա ծանոթի ասածը, որեւէ բարեփոխում չի կարող արդյունք տալ: Սա, ինչպես քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, վերին իշխանության քաղաքական կամքի խնդիր է: Իսկ նման քաղաքական կամք գոնե այսօր չի նկատվում:



Ավելին՝ երեկ, երբ հարց հնչեց՝ եթե Սերժ Սարգսյանը հայտարարություն չաներ «Մարտի 1-ի» մասին, գործի քննությունն էդպես սառեցվա՞ծ էր մնալու, նաեւ՝ պատասխան տալո՞ւ են գործը պատշաճ չքննած ոստիկանները, հանձնաժողովի նախագահ՝ ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը վրա հասավ, թե սա «Մարտի 1»-ի մասին քննարկում չէ:



Այնուամենայնիվ փոխոստիկանապետ Օսիկյանը համարձակվեց մի երկու բառով պատասխանել: Հայտարարեց, թե ոստիկանությունը կատարել է «Մարտի 1»-ի հարցով ԱԺ հանձնաժողովի բոլոր պահանջները:



Գոհ էր նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան, ով հավաստիացրեց, որ իրենց կազմակերպությունը շարունակելու է համագործակցել ՀՀ Ազգային ժողովի եւ ոստիկանության հետ:



Երեկ ներկա ոստիկաններին հարցուփորձ արեցինք, թե պատրա՞ստ են փոփոխություն կատարել իրենց աշխատանքում, եվրոպական տեսքի գալ: «Դուք եվրոպական տեսք ասելով նկատի ունեք արտաքին ֆիզիոլոգիակա՞ն, թե՞ կենսաբանական հատկանիշները»,-հարց ուղղեց ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը՝ շարունակելով.



«Եթե եվրոպական ասելով նկատի ունեք ժողովրդավարական չափանիշները, ամբողջ բարեփոխումների նպատակը հենց դա է: Մասնավորապես հարկադրանք կիրառող կազմակերպությունից անցնել դեպի ծառայություններ մատուցող կազմակերպության: Նկատի ունեմ անվտանգության բնագավառը: Բարեփոխություններն ուղղություն են, արդյունք ակնկալելու համար լուրջ ժամանակ է պահանջվելու՝ 5-10 տարի նվազագույնը»:



Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը վաղուց է պատրաստ բարեփոխվել,  եվրոպական տեսքի գալ: Այստեղ խոսում են բարեփոխումների մասին, Դուք պատրա՞ստ եք բարեփոխվել: Մուրադխանյանը պատասխանեց. «Մենք վաղուց ենք պատրաստ եւ բավականին բարեփոխումներ իրականացրել ենք: Ինձ թվում է՝ հասարակությանը դա նկատելի է»:



Քննարկման ավարտին մի քանի հարց ուղղեցինք փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին:



- Պարոն Օսիկյան, կարծում եք՝ այս բարեփոխումների արդյունքում մեր ոստիկանները կգա՞ն եվրոպական տեսքի:



- Մենք ուզում ենք, որ էդպես լինի, մենք ձգտում ենք դրան: Իսկապես շատ ազնիվ մղում է, եւ կարծում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ գանք դրան:



- Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կփոխվի, եթե, օրինակ, ոստիկանների հագուստները փոխվեն:



- Միայն հագուստը չի, գիտեք, ես կարծում եմ՝ ձեւի, բովանդակության փոփոխության հնարավորություն ունենք, նաեւ գործողությունների բովանդակությունը պետք է փոխվի, որ հնարավորինս բացառվեն օրենքի խախտումներն էն դեպքում, երբ ոստիկանն է հանդես գալիս որպես օրենքի պաշտպան: Մեր ձգտումը, մեր մղումը դա է՝ ավելի արդյունավետ, ավելի պրոֆեսիոնալ գործողությունների համար:



- Քանի դեռ ոստիկանն իր շեֆի, իր իշխանավորի հրամանն ավելի է գնահատում, քան օրենքը, քանի որ եթե չկատարի հրամանը, կարող է զրկվել աշխատանքից, չե՞ք կարծում, որ բարեփոխման մասին անիմաստ է խոսել:



- Մենք առանձին դրույթ ունենք, որ ցանկացած ոստիկան կարող է չկատարել ապօրինի հրամանը կամ կարգադրությունը: Այսինքն՝ ոստիկանն ինքնին պաշտպանված է:



- Կա՞ նման որեւէ մեկ օրինակ, երբ ոստիկանը չի կատարել ապօրինի հրամանը եւ չի պատժվել, աշխատում է դեռ:



- Ես չեմ կարող կոնկրետ օրինակ, մասնավոր դեպք բերել, բայց Դուք ասում եք՝ էդպիսի խնդիրներ կարող են լինել, ես ասում եմ՝ ոչ, իրենք օրենքով պաշտպանված են, որ չկատարեն: Իհարկե, չի բացառվում տեսականորեն շեղում ցանկացած նորմից, բայց մեր խնդիրը նա է, որ թույլ չտանք որեւէ շեղում:



- Այսինքն՝ եթե ընդդիմությունը հանրահավաքներ անի, նստացույցեր, եւ ոստիկանին հրամայեն բռնությամբ քշել ժողովրդին, կարո՞ղ է դա չանել:



- Ոստիկանը պարտավոր է ղեկավարվել օրենքով: Օրենքում գրված է՝ որ գործողությունների դեպքում իրավաչափ է կատարելու համար, որ դեպքում՝ ոչ:



- Իսկ պատասխանատվության ենթարկվելո՞ւ են այն ոստիկանները, ովքեր կատարել կամ կատարում են բռնություն՝ հրաման կատարելով եւ օրենքը շրջանցելով:



- Ցանկացած դեպքում՝ լինի ոստիկան կամ ոչ ոստիկան, եթե օրենքը խախտում է, օրենքի առջեւ բոլորը հավասար են:



- Բայց մինչ այժմ որեւէ մեկը պատասխան չի տվել:



- Անկախ՝ ով է օրենքը խախտել, պատասխանատու է: