200 դրամի պատճառով չեն քշելու

200 դրամի պատճառով չեն քշելու
«Հրապարակի» ապրիլի 23-ի համարում մենք անդրադարձել էինք Երեւանի այն երթուղիներին, որոնք ուշ ժամերին ուղեվարձն անօրինական 200 դրամ են դարձնում:



Այս ապօրինությունը թեեւ գործում էր տարիներ շարունակ, սակայն քաղաքապետարանը բոլորովին վերջերս է որոշել դրա դեմն առնել:



Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը մեր թղթակցին ասել էր, որ որոշ երթուղիների վարորդներ պատժվել են, սակայն այդ ցանկում չէր նշել Նոր Նորք բարձրացող 69 համարի երթուղին, որի միկրոավտոբուսներում ժամը 23-ից հետո ցուցանակ են փակցնում՝ «ուղեվարձը 200 դրամ է» հիշեցումով:



Թեեւ սա օրինաչափություն էր դարձել տարիներ շարունակ Նորք բարձրացող երթուղայինների դեպքում, սակայն պարզվում է՝ քաղաքապետարանում այդ մասին չեն իմացել:



Ավելին՝ Հենրիկ Նավասարդյանը փորձում էր մեզ հավաստիացնել, որ գծատերը նույնպես դա չի խրախուսում: Նրա խոսքով՝ ստացվում է, որ վարորդն ինքնագլուխ, առանց գծատիրոջ հետ համաձայնեցելու է ուղեվարձը դարձնում կրկնակի:



Այնուամենայնիվ, մենք տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո իրավիճակը փոխվել է: Մեր տեղեկություններով՝ գծատերերին քաղաքապետարանից հասկացրել են ուղեվարձի թանկացման հնարավոր հետեւանքների մասին, ինչից հետո գծատերերը ժողովներ են հրավիրել ու խիստ զգուշացրել, որ նման ռիսկի չգնան վարորդները, հակառակ դեպքում անդառնալի նյութական կորուստներ կարող են ունենալ:



Քաղաքապետարանի ակտիվացման այս  փուլում խուճապի մատնված գծատերերը վարորդներին հրահանգել են այս օրերին հնարավորինս քաղաքակիրթ ու զգույշ աշխատել, որպեսզի քաղաքապետարանի «սեւ ցուցակում» չհայտնվեն, այլապես ջուրն են ընկնելու այն 40 հազարական դոլարները, որոնք ներդրվել են գիծը ձեռք բերելու ու աշխատեցնելու համար:



Ոմանք նույնիսկ մտավախություն են հայտնել, թե չի բացառվում, որ այս փուլում «չեպեներ» բռնելուց հետո գծերը նորահայտ տերերի հանձնվեն: Սակայն նշենք, որ զգուշացումը վարորդները միանշանակ չեն ընդունել եւ, մեզ հասած տեղեկություններով, իրենց հերթին որոշել են հրաժարվել ուշ ժամերին «գիծ դուրս գալ», քանի որ օրվա «պլանը» մուծելուց հետո իրենց ոչինչ չի մնում:



Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկայում գիշերային ժամերին  միկրոավտոբուսների՝ երթուղի դուրս գալու հաճախականությունը նվազի: