Քոչարյանի կերած ղալաթը տարիներով չի մարսվի

Քոչարյանի կերած ղալաթը տարիներով չի մարսվի
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարության վարած գյուղատնտեսության քաղաքականության մասին խոսելիս նշել է, որ գյուղատնտեսությունը «սկսել է գահավիժել» Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության պատճառով:



Հիմա մեր կառավարությունը, Բագրատյանի խոսքով, ոչինչ չհասկանալով է գյուղի ռեֆորմներ մշակում: Ըստ նրա՝ գյուղացուն ներկայում պետք է ոչ թե վարկեր տալ եւ սուբսիդավորել դրանք, այլ ազատել խոշոր հողատերերի հետ անիմաստ եւ անհեռանկար մրցակցությունից, որտեղ փոքր գյուղացիական տնտեսությունները շանս չունեն:



Բագրատյանի խոսքով, երբ 1991թ. հողը սեփականաշնորհելիս այն գնելու հնարավորություն տրվել է միայն գյուղական համայնքի ներկայացուցիչներին, այսինքն՝ գյուղացիներին, ապա Ռոբերտ Քոչարյանը 2004թ. Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելուց հետո իրավունք է տվել, որ հող գնեն նաեւ ուրիշները:



Բագրատյանը նշել է, որ եթե 91-ին հողի 75 տոկոսը սեփականաշնորհվել է 300 հազար գյուղացու միջեւ, ապա Քոչարյանը մնացած 25 տոկոսը սեփականաշնորհել է ընդամենը 700 մարդու:



«Այդ մարդկանց թվում են իր աշխատակազմի ղեկավարը, ախրանայի պետը՝ ողորմածիկ, ԱԺ ներկայիս նախագահը, քաղաքապետեր, մարզպետներ, այլ պաշտոնյաներ: Էս մարդիկ արդյունքում ունեցան 700, 1000,1500 հեկտար հողեր»,-ասել է Բագրատյանը:



Հիմա այդ խոշոր հողատերերն են խեղդում գյուղական փոքր տնտեսություններին, վերամշակող ձեռնարկություններն այսօր գնումներ կատարում են խոշոր հողատերերից:



«Անգամ պետությունն է իր գնումները կատարում նրանցից, օրինակ բանակի կարտոֆիլը գնելիս»: Բագրատյանի հաշվարկով՝ մեկ խոշորը 300 գյուղացու դուրս է մղում, հետեւաբար գյուղացիներին պետք է դրանից ձերբազատել եւ ոչ թե վարկեր տալ:



«2003-2004թթ. Քոչարյանի կերած ղալաթը տարիներով չի մարսվի, չէր կարելի գալ գյուղ եւ 1.5 հեկտար հողի կողքը ստեղծել 150 հեկտարանոց հողակտորներ»,- ասել է նախկին վարչապետը եւ ելքը համարել գյուղացիական փոխօգնության հիման վրա կոոպերատիվների ստեղծումը:  «Էդ ռեֆորմներով Տիգրան Սարգսյանի եւ Սերգո Կարապետյանի գլխին թող կպնեն»,-ասել է նա: